Բլոգի Արխիվ

Բանակն արդեն մեծ տղա է դարձել․․․

Դու զինվոր ե՛ս , դու կարեւոր ե՛ս։ Շատ սիրուն ու ճիշտ խոսքեր են։ Հանրային ալիքով հենց հիմա «Գեներալի աղջիկ» սերիալն ա գնում։ Սերիալի տեսարաններից մեկն էր, երբ գեներալը զինվորներից մեկի հետ ճաշարանում զրուցում է ու ոգեւորիչ խրատներ է տալիս։ Այնքան հետաքրքիր ու սիրուն էր խոսում այդ գեներալը, որ մի պահ ընկել էի երանությունների գիրկը․ ինձ պատկերացնում էի հզոր երկրի հզոր բանակում։ Բայց հանկարծ մի պահ հիշեցի Նախագահականի դիմաց ցույց անող Մայրերին, ու միանգամից հետ եկա ռեալ կյանք ու հասկացա, որ Հ1-ի «զակազնոյ» սերիալներից մեկն ա․․․

 Դե, քանի որ վաղը մեր Ազգային բանակի քսանամյակն է, ես էլ որոշեցի մի 2 բան գրել տոնի կապըկցու՛թյամբ (շեշտադրմանն ու բառի հեղինակային իրավունքը՝ Տիգրան Սարգսյանի ։Ճ)։

 Նախ շնորհավորում եմ մեր տղաներին, իրենց մաղթում առողջություն ու անվտանգություն, որն այս պահին ամենակարեւորն է։ Նրանց ծնողներին, հարազատներին ու ընկերներին, այդ թվում նաեւ ինձ, ցանկանում եմ անսահման համբերություն, ուժ ու կամք։ Հայրենի սահմաններին խաղաղություն եւ «անզեն» կյանք՝ որքան հնարավոր է։ Իսկ ղեկավարությանն էլ՝ խիղճ, պատասխանատվության զգացում, սրտացավություն, խելք, դիվանագիտական լավ հմտություններ, մի խոսքով, այն ամենն, ինչ բացակայում է․․․․

 Սերիալի մեջի գեներալը մի շատ լավ խոսք ասեց – «Բանակը պատիժ կրելու տեղ չի, զինվորը 2 տարի ապրում ա , այլ ոչ թե պատիժ ա կրում»։ Ինչքաաաաաաան կուզենայի, որ սենց լիներ, ինչքաաաաան կուզենայի, որ այս սերիալը հենց իրենք՝ սպաները նայեին։ Միգուցե լսեին կինոյի գեներալին։ Այն ինչ հիմա է կատարվում , անթույլատրելի է, անհանդուրժելի։ Այսպիսի անպատժելիության մթնոլորտ, այպիսի խառը-մառը իրավիճակ, այսքան վատ-վատ դեպքեր ուղղակ ի անթույլատրելի են այն բանակի համար, որը որ ներկայացնում են տարբեր իշխանական ամբիոններից։ Այն բանակի մասին , որի մասին լսում ենք հենց ղեկավարության կողմից, երազում են Ամերիկան, Ռուսաստանը, տո հենց Թուրքիան ու Ադրբեջանը․․․ Համոզված եմ, որ վաղը էլի կխոսան մեծ-մեծ, էլի կդնեն կգովան, էլի գլուխները բարձր կկանգնեն, բայց հենց տեղը կգա, որ մահացած զինվորների մասին մի 2 բան ասեն,այդ ժամանակ նորից կլռեն, կամ էլ թեմաները կփոխեն։

 Այն ամենը, ինչ իրականում կատարվում ա ,մենք դա չենք տեսնում, ոչ էլ լսում ենք։ Մենք միայն պատվերով կինոներ ենք նայում, պատվերով համերգներ ենք լսում, պատվերով մարդկանց խոսքեր ենք լսում։ Պրոպագանդում են զենք,պատերազմ, կռիվ, ու մի շարք սենց բաներ։ ԲՈՒՀ-երից բանակ են տանում՝ թույլ չտալով նորմալ կրթություն ստանալ։ Երկրից հեռանալու համար ստիպում են տոմսիդ պատճենը տալ զինկոմներին․․․Մանկապարտեզից բռնցրած տարբեր միջոցառումներով զենքի պաշտամունք են իրականացնում՝ անունը դնելով «Հայրենասիրական դաստիարակություն»․․․ Մի խոսքով, չեմ ուզում բողոքեմ շատ։ Միայն մի բան կասեմ։ Ծառայել եմ , զգացել եմ , տեսել եմ ու լսել եմ այն ամենը, ինչը չի մատուցվում այսօր հասարակությանը, այսինքն ինձ եւ ձեզ․․

Իսկ վերջում, տոնին ընդառաջ կուզեմ մի քանի բառ ուղղել այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է բանակում՝

 «Երկուշաբթիից ուրբաթ «Աննայի» ժամին նոր բազմասերիանոց ֆիլմ՝ «Գեներալի աղջիկը», դիտե՛ք ԱՌՌՌԱՋԻՆ ԱԼԻՔՈՎ»։ Գուցե ֆիլմից մի 2 լավ բան ընդօրինակեք ու հասկանաք, որ լավ բան չեք անում։ Մեկ ա մի օր գալու ա , որ հասկանալու եք ամեն ինչ, բայց այդ ժամանակ ուշ կլինի։ Դրա համար քանի շուտ ա խելքի եկե՛ք ու ապրե՛ք ըստ ձեր «զակազ» տված սցենարների։

Հ․Գ․ Ամեն ինչ չի , որ զենքի ու կռվի հաշվին կարելի է հասնել։ Խաղաղություն մեզ եւ մեր բանակին։

[jwplayer mediaid=”700″]

 

Տեսանյութի հեղինակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Ծխելը թարգելու կոդեքս՝ ըստ miksentius-ի

Բարեւ՛, արդեն 30 օրից ավելի է, որ ես չեմ ծխում: Վերջապես հաջողվեց կյանքիս ամենամեծ որոշումներիցս մեկի իրականացումը: Շատ ուրախ ու լավ եմ ինձ զգում: Անչափ գոհ եմ ինձնից: Մեկ ամիս չծխելն արդեն ինձ համար նշանակում է «ՎԵ՛ՐՋ ԾԽԱԽՈՏԻՆ»: Հիմա ձեզ եմ ներկայացնում 10 հիմնական խորհուրդները, որոնք ինձ օգնեցին վերջ տալ ծխախոտին:

Այն ինչ կգրեմ, իմ փորձից է, ինձ օգնել են 100 տոկոսով, ու միգուցե ձեզ էլ կօգնեն՝

  1. Երբեք մի՛ ընտրեք  հատուկ օր՝ ծխախոտին վերջ տալու համար: Այն ձեզ շատ կխանգարի:
  2. Ծխախոտին վերջ տալու ձեր որոշման միտքը միշտ ակտուալ պահե՛ք ու միշտ մտածե՛ք այդ ուղղությամբ, որպեսզի ձեր ուղեղը հետզհետե հաշտվի այդ մտքի հետ:
  3. Մի՛ վախեցեք նրանից, որ ձեր թարգելու փորձը կձախողվի, ոչինչ, ամեն ինչ չի, որ միանգամից է լինում: Մի՛ վախեցեք փորձելուց:
  4. Միանգամից կտրուկ դեն նետե՛ք ձեր ձեռքին եղած ամբողջ ծխախոտի պաշարն ու տարբեր աքսեսուարները՝ առանց ափսոսանքի:
  5. Չծխելու համար ամենաբարենպաստ պայմանը քնելն է: Շատ քնե՛ք մոտակա ճգնաժամային օրերին:
  6. Ծխելու հետ վերջ տվե՛ք այն սովորություններին, որոնք ինչ-որ ձեւով կապ ունեն ծխելու հետ: Այլ կերպ ասած՝ այն ինչը դուք առանց ծխելու չէիք անում:
  7. Ժամանակավոր պակասեցրե՛ք ձեր շփումը այն մարդկանց հետ, որոնք ծխող են ու հանդիսանում են պոտենցիալ ծխախոտ տրամադրող: Դրա համար ձեզնից ոչ ոք չի նեղանա:
  8. Զբաղվեք սպորտով, մարմնավարժությամբ: Առավոտյան մարզանքն ու վազքը անչափ կնպաստի ծխախոտից հեռու մնալուն: Եթե հեծանիվ ունեք, ապա ավելի լավ, մի՛ թողեք, որ այն ժանգոտի կամ փտի, օգտագորժեք այն:
  9. Այդքանից հետո եթե ցանկություն կլիինի ծխելու, ապա միշտ հիշեք, որ այդ պահին ձեր ուղեղը ձեր թշնամին է: Այդ ժամանակ ստիպե՛ք ձեզ ափսոսալ այն վայրկյանների համար, որոնք անց եք կացրել առանց ծխելու ու ձեզ շատ լավ եք զգացել:
  10. Եթե սրանք ձեզ ինչ-որ օգուտ կտան, ապա մի՛ զլացեք ուրիշներին փոխանցել:

Հ.Գ. ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՁԵԶ՝ ԲՈԼՈՐԻԴ!!!

Մամլո հաղորդագրություն. Դեպի Թեղուտ

ԱՐՇԱՎ ԱԿՑԻԱ ԴԵՊԻ ԹԵՂՈՒՏ

Հունվարի 15-ին բոլորս դեպի Թեղուտ: Բնապահպան ակտիվիստները կազմակերպում են ճանաչողական արշավ-ակցիա, որով կսկսվի նոր գործողությունների շարքը` ի պաշտպանություն Թեղուտի: Ներակացնելու ենք Թեղուտի հիմնախնդիրը` իր բոլոր բազմազան կողմերով: Մասնակիցները հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու անտառը, շրջակա գյուղերը և հանքային ավերը:  Ավտոբուսներով Երևանից շարժվելու ենք Վանաձոր, այնտեղ հանդիպելու ենք Վանաձորի ակտիվիստներին` իրականացնելու ենք կարճ տեղեկատվական ակցիա և շարունակելու ենք ճանապարհը դեպի Թեղուտ: Թեղուտում նախատեսվում է մոտ 4կմ քայլարշավ: Ակցիայի մասին ավելին` http://www.facebook.com/events/109406975845970/

Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, որը հաստատվել է 2007 թ. ՀՀ Սահմանադրության, օրենքների և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախատումներով,  իր չափերով և նախատեսվող ավերածությունների ծավալով ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Վերանալու և թունավորվելու է ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ` իր անտառով, գետերով, հազվագյուտ կենդանական ու բուսական տեսակներով: Շուրջ 70 հա անտառ արդեն հատվել է և ընթանում է հանքի ենթակառուցվածքների շինարարությունը:  2012 թ. գարնանը նախատեսվում է սկսել պայթեցումները հանքի տարածքում: Թեղուտում կառուցվելու է կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը`  500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով, որոնք շատ մեծ հավանականությամբ օդի, ջրի, հողի միջոցով թափանցելու են  մարդկային օրգանիզմ` առաջացնելով նյարդային, թոքերի, սրտանոթային հիվանդություններ, մաշկի քաղցկեղ, սաղմի զարգացման արատներ:

Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների (աֆրիկյան, հարավ-ամերիկյան, ասիական) փորձից հայտնի է, որ այդ երկրների բնակչության բարեկեցությունը չի ավելացել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, իսկ բնակչությունը մնացել է կոտրած տաշտակի առջև` կորցնելով թե՛ բնական ռեսուրսները, թե՛ շրջակա առողջ միջավայրը: Միջազգային այս փորձի վկայությունն են հանդիսանում նաև ՀՀ-ում գործող բոլոր հանքերը:

Բոլորս դեպի Թեղուտ … ոչնչացման ենթակա անտառի 95 տոկոսը դեռ կանգուն է:

Ակցիայի սկիզբը Երևանից` հունվարի 15-ին, առավոտյան 08:00, Բարեկամություն մետրոյի մոտից (Կիևյան փող.): Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգել` Արփինե091309574, Գոռ 094129543, Եղիա 055878757: 

Վանաձորից եկողներին խնդրում ենք զանգել Միքայել 055614140, կամ «ԽԵ» ՀԿ 032246059

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

ԽաղաՂԱմոլիկներ ջա՛ն, ծնունդներս շնորհավո՛ր․․․

Արդեն կես տարի ա, ինչ ես Ձեզ հետ եմ , բայց ինձ թվում ա, որ մի ամբողջ կյանք եմ ապրել ձեզ հետ, ու կարծես թե առանց Ձեզ անիմաստ ա մի քիչ ապրելը։ Դուք իմ ամենալավ ընկերներն եք։ Մեկ-մեկ նեղվում ու ասում եմ «բա մարդ մի անգամ ծնվի, հետն էլ Վանաձորու՞մ», բայց արի ու տես, որ Վանաձորում ծնվելն ու ապրելը ինձ մի շաաաաաաաաաատ մեծ նվեր եղավ․ Ես բախտ ունեցա լինել Ձեզ հետ , Ձեր կողքին․․․․

Anyway, երկար-բարակ չասեմ, թե ինչքան եմ Ձեզ սիրում։ Շնորհավոոոոոոոր «Խաղաղության երկխոսության» ծնունդը, մեր բոլորիս ծնունդը, մեր երկխոսության ու խաղաղասիրության ծնունդը։ ՈՒՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜

Նոյների հաղթական ռեւանշը…

Օստերսունդում ձյուն եկավ: Վեշրջապես բիաթլոնը ստացավ իր կատարյալ

Magdalena Neuner (ger) - Gold

գեղեցկությունը՝ մարզիկներին ապահովելով նաեւ բնական պայմաններ իսկական պայքար մղելու համար: Այսօր մրցուղում կանայք էին: Սպրինտ – մրցավազքում իրենց ուժերը չափեցին  96 մարզուհիներ: 7.5 կիլոմետր մրցուղի՝ 2 կրակային կետով: Անցած մրցման ոչ այնքնան լավ արդյունքներից հետո այսօր սպասվում էր ռեվանշների մի ամբողջ շարան: 

Այսօր մենք ուրախանալու մեկ այլ առիթ ունեցանք, քանի որ մարզուհիների մեջ նաեւ մեր Հայաստանի ներկայացուցչուհին էր հանդես գալիս: Ազգությամբ ռուս Եկատերինա Վինոգրադովան հայկական դրոշի ներքո մեկնարկեց 64-րդը: Ուրախության առիթը միայն նրա հանդես գալն էր, քանի որ 86-րդ արդյունքը միայն տխուր զգացումներ պարգեւեց:

Tora Berger (nor) - 2nd

Նորից ռուս կանայք հիասթափեցրին բոլորին: Նրանցից ամենալավ արդյունքներ ցույց տվեց Սվետլանա Սլեպցովան՝ 1 բաց թողնված թիրախով գրավեց 9-րդ տեղը:

Առաջին տասնյակը եզրափակեց ֆրանսուհի Մարի Դորան Հաբերտը: Ասեմ, որ այս մրցափուլում հաջող են հանդես գալիս Ֆրասիայի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները՝ հատկապես կրակային պատրաստականությունը նրանց մոտ առաջիններից է:

Հարճելի զարմանք պարգեւեց նորվեգական բիաթլոնի ծագող աստղ Սենյովե Սոլեմդալը: Նրա 4-րդ արդյունքը հուսադրիչ էր նորվեգացիների համար:

Գերմանուհիների ելույթներից եւս կարելի է լուրջ հույսեր կապել հետագայի

Kaisa Makarainen (fin) - 3rd

համար: Հենկելը եզրափակեց լավագույն ութնյակը, իսկ հավաքականի մեծ մասը կարողացավ ապահովել կարեւոր միավորներ:

Դոմրաչեւան կրկին հեռու չգտնվեց: Այս անգամ բելոռուս չեմպիոնուհին բավարարվեց միայն 5-րդ հորիզոնականով, սակայն իր դիրքերը պնդեցրեց ընդհանուր մրզաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:

Դե իսկ պատվո հարթակը ռեվանշային ստացվեց: Բրոնզը հասավ ֆինուհի Կայսա Մակարայնենին. որի արդյունքները ապացուցեցին, որ բազմափորձ եւ տիտղոսներով հարուստ վետերանը չի պատրաստվում հանձնվել:

Հարթակի 2-րդ աստիճանը նորվեգացի լեգենդ Տուրա Բերգերը ուղղակի խելահեղ արագությամբ խլեց բոլորից: Ինդիվիդուալը ձախողած նորվեգուհին այս անգամ թույլ  չտվեց գերազանցել իրեն:

Չեմպիոնական մեդալը իհարկե բոլորի կողմից սիրված եւ հիմնական ֆավորիտ Մագդալենա Նոյներին բարձրացրեց ընդհանուր մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Գերմանական բիաթլոնի գեղեցկուհին ընդհամենը 0.2 վայրկյանով առաջ անցավ եւ կորզեց ոսկին: Սա նրա երկրորդ մեդալն է: Ինդիվիդուալում նա բրոնզին արժանացավ:

Վաղվա հետապնդումը անչափ ինտրիգային ու հետաքրքիր է լինելու, քանի որ ասօրվա արդյունքները շատ են խիտ: Մեզ սպասվում է խելահեղ մրցակցություն:

Վաղը տեղի կունենան օստերսունդյան մրցափուլի 2 եզրափակիչ մրցավազքերը:  Մեր ժամանակով 15:05-ին կմեկնարկի տղամարդկանց հետապնդում-վազքը, իսկ  17:20-ին հետապնդման դուրս կգան կանայք:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով: