Բլոգի Արխիվ

Սաֆարովն ու սեպտեմբերի 1-ը

Առաջին հայացքից անիմաստ մի վերնագիր, սակայն հենց այդ 2 բանի մասին էլ հենց կարելի ա կապակցված խոսք ասել:

Հայ սպային դաժանորեն սպանած ու ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած, Ադրբեջանի հերոս Ռամիլ Սաֆարովը

Բարի ուշ երեկո:

Ամռան վերջին օրն անցավ լարված մթնոլորտում՝ կապված 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում դաժանաբար (շակալի պես) սպանած Ռամիլ Սաֆարովի պատճառով, ով Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների «գործարքի» հետեւանքով տեղափոխվեց Բաքու եւ անմիջապես Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից ներում ստացավ: Հիմա, երբ ողջ ֆեյսբուքահայությունն ու թվիթերահայությունը ջղայնությունից չգիտի ինչ անի, եւ տարբեր հարթակներում քննարկում, քննադատում ու քֆրտում է Հունգարիայի, Ադրբեջանի կառավարության տարբեր պերսոնաժներին ու հատկապես անասուն մարդասպանին, ժամանակը շատ հանգիստ առաջ է ընթանում, եւ հիմա աչք գցելով օրացույցին՝ տեսնում ենք, որ արդեն Սեպտեմբերի 1-ն է՝ գիտության եւ կրթության միջազգային օրը:

Հիմա կիսվեմ ձեզ հետ, թե ինչի եմ ես կապում այս 2 իրադարձություններն իրար հետ: Այդ խառը քննարկումների մեջ, ես պատահմամբ ընկա ազերիների «կուպե», որտեղ փորձեցի հասկանալ, թե ինչի են իրենք այդքան ուրախ քնած մարդուն կացնահարած իրենց հայրենակցի ներման համար եւ ինչի են համարում հերոս, չէ որ դա իրականում թույլ մարդու արարք է: Եւ ստացա մի շատ կարճ ու կոնկրետ պատասխան… «Սաֆարովն ապրել է Ղարաբաղում, իսկ հայերն այն օկուպացրել են, վնասել են իր ընտանիքին, ինքն էլ վրեժ է լուծել»:

Այստեղից մի պարզ հետեւություն, որ ամեն ինչի հիմքում ընկած է այն, թե մեզ ինչ են սովորեցնում՝ սկսած ընտանիքներից, շարունակված դպրոցներով ու ԲՈՒՀերով: Այսօր փոքրիկները առաջին անգամ ոտք են դնելու դպրոց՝ գիր ու գրականություն, թվաբանություն սովորելու, հետագայում նաեւ պատմություն: Եւ այդ երեխաների ապագա հայացքները կախված կլինեն նրանից, թե ինչ պատմություն նրանք կսերտեն դպրոցներում, ինչպիսի պրոպագանդայի տակ կընկնեն: Ամեն ինչի հիմքում հենց ուսումն է ընկած: Սաֆարովն ու նրա հետ միասին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մանուկ հասակից սովորել ու սովորում են, որ հայերը խլել են իրենցից իրենց տարածքները, քշել են իրենց ընտանիքներին, սպանել են երեխաներին, բռնաբարել կանանց ու տենց շարունակ, իսկ այդ մարդկանց ուրիշ ինչ է մնում, եթե ոչ ատելությամբ լցվել մեր նկատմամբ ու ցանկացած հարմար պահի վնասելու մեզնից մեկին:

Ու համարյա անհնար է նրանց բացատրել, որ դա ամենեւին այդպես չէ: Դա ինձ ասաց հենց ազերիներից մեկը, ում հետ ես մտել էի անիմաստ վիճաբանության մեջ: «Քո ուզածն ինչ ա՞ ուզում ես ինջ հակառակը համոզե՞ս, չի ստացվի, նույնն էլ չեմ կարա անեմ ես քո պարագայում, Սաֆարովը մեզ համար հերոս է, ձեզ համար թշնամի, դա էդպես էլ լինելու  է…»

Դրա համար կոչ եմ անում այն մարդկանց ,ովքեր ուղղակիորեն , կամ անուղղակիորեն կապ ունեն երեխաներին կրթելու ու դաստիարակելու հետ. – «Ձեզնից ու մեզնից է կախված, թե մեր սերունդը հերոս կմեծանա, թե էլ չասեմ»: Եկեք այս հարցին շատ լուրջ նայենք: Ադրբեջանցիների թունավոր պրոպագանդան ծնում է Սաֆարովներ, բերե՛ք թույլ չտանք, որ մեզ մոտ էլ լինեն նման դեպքեր: Ատելութան ու անհանդուրժողականության մթնոլորտում կրթված մարդիկ հաստատ հետագայում կդառնան Սաֆարովներ: Սովորեցնենք նրանց ճանաչել թշնամուն ու բարեկամին, բայց նաեւ սովորեցնենք նրանց դեմ ճիշտ պայքար մղել…

Մի խոսքով, բարի ու խաղաղ ուսումնական տարի եմ ցանկանում բոլորին… Այս ամենը շատ մուխաննաթ խաղ ու փորձություն է մեր երկրի համար, որը պետք ա մենք խելքով անցնենք ու հաղթենք, այլ ոչ թե էմոցիաներով, կամ էլ եսիմ ինչով:

Այսօր Սաֆարովը դրսում է, անպատիժ է, բայց մեկ ա, մենք գիտենք, թե նա ով է, ու ադրբեջանական կառավարությունը էլ ավելի գցեց իր առանց այդ էլ ոչ բարի համբավը միջազգային հանրության առջեւ՝ հերոսացնելով փսիխ մարդասպանին: Վաղ թե ուշ նա կստանա իր արժանի պատիժը, ինչպես ժամանակին ստացան Թալեաթն ու մնացած անասունները: Աշխարհում անպատիժ մարդ չկա, բոլորն էլ մի օր կրում են իրենց պատիժը: Մեզ մնում է միայն լինել ուշադիր ու զինվել գիտելիքով ու խելքով:

Բարի գիշեր

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Վերջերս տարածված լուրերի համաձայն հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել է նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես` «Հոնդա» մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դառնալով 1800 դրամ:

«Հայավտոկայան» ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների թանկացման լուրը, նշելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում` «Ոսկեթեւ» եւ Երեւանում գործող «Գասուռ» ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները. «Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը : Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել հունիսի 18-ին:

Հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն: Խումբը մտահոգված լինելով Վանաձոր-Երեւան-Վանաձոր երթուղու գների բարձրացման խնդրով, իր համոզմունքն է հայտնում , որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա :

Դիմում ենք պատասխանատու մարմիններին վերանայել որոշումը :

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն

Երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» հունիսի 16-ին, ժամը՝ 13:00-16:00, Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի գրասենյակում (Մյասնիկյան 12/40) հեռ. +374 (322) 2 13 40 կազմակերպում է երիտասարդական ֆորում Թեղուտի հիմնախնդրի մասին:

Ֆորումի նպատակն է հանրությանը ներկայացնել Թեղուտի խնդիրը և այս խնդրով մտահոգված մարդկանց հնարավորություն տալ ներգրավվելու աշխատանքային գործընթացների մեջ (արդեն գոյություն ունեցող «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» շրջանակներում կամ այլ):

Օրակարգ
13:00 – 15:00 – նախաձեռնության ակտիվիստները կներկայացնեն Թեղուտի խնդիրը՝
բնապահպանական
սոցիալ-տնտեսական
առողջապահական
իրավական
քաղաքացիական համատեքստում

Ընթացքում կցուցադրվեն նաև թեմային առնչվող ֆիլմեր և տեսահոլովակներ:

15:20 – 16:00- աշխատանքային փոքր խմբերով քննարկումներ, որտեղ մասնակիցները կարող են ավելի մանրամասն ծանոթանալ նախաձեռնության աշխատանքներին և հանդես գալ առաջարկներով:

Կոնտակտային հեռախոսահամար 093014565

Սլեքլայն (Slackline) – Քայլք ազատ ճոպանի վրայով

Ծառից ծառ մենակ չեն թռչում :Ճ

Բարեւ, ուրեմն ստիպված եմ նորից ներողություն խնդրել բոլորիցդ իմ այսքաաաաաաաան պասիվ լինելու համար:

Ծառից ծառ մենակ չեն թռչում :Ճ

Իրականում ես պասիվ էի միայն բլոգի հաշվով, իսկ մնացած տեղերում ես դաժե մի քիչ գերակտիվություն էի ցուցաբերում: Նախընտրական ու ընտրական պրոցեսներն ինձ վրա եւս իրենց նեգատիվ ազդեցությունը թողեցին, եւ ես նորից բլոգս աչքաթող էի արել:

Ինչեւէ, այսօր, ավելի ճիշտ արդեն երեկ, մի լավ միջոցառում տեղի ունեցավ Վանաձորում: Երեկ Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայից մի քանի երիտասարդ ընկերներ եկել էին մեզ ծանոթացնելու մեզ համար բոլորովին նոր ու ինչպես լոռեցիներն են ասում՝«խամ» սպորտաձեւի հետ, որի անունը Սլեքլայն է (Slackline): Դասընթացը կազմակերպել էր “Lori Travel Club” ակումբը: Այն ինչպես եւ Բիաթլոնը, լայն տարածում ու մասսայական հետաքրքրվածություն է վայելում ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում գրեթե հայտնի չէ, ինչը շատ ցավալի է…

Սլեքլայն թարգմանաբար նշանակում է «slack – թույլ, line – գիծ»: Բուն էությունը կայանում է նրանում, որ լարախաղացը քայլում, կամ վարժություններ է կատարում ազատ ժապավենի վրա: Այն շատ նման է բոլորիս հայտնի «Քյանդրբազ»-ին: Էն որ բակերում գալիս ելույթ էին ունենում փահլեվանները, ու էն երկար բեղերով յալանչին էլ ուրախացնում էր մեզ ու փող հավաքում: Մի տարբերություն կա սրա ու սլեքլայնի միջեւ… Սլեքլայնում լարախաղացը ճոպանը, կամ ժապավենն է ոտքով բերում իր մարմնի ծանրության կենտրոնին, ոչ թե իր մարինն է հարմարեցնում լարի հետ:

Ամբողջ աշխարհում արդեն 30 տարուց ավել է, ինչ լայն տարածում ունի այս սպորտաձեւը: Ամեն ինչ սկսվել է Կալիֆորնիայում 80-ականների սկզբներին, երբ Ադամ Գրոսովսկին եւ Ջեֆ էլլինգտոնը սկսել են քայլել ավտոկայանատեղիները շրջապատող շղթաների վրայով: Հետագայում օգտագործվել են հատուկ ձգվող պարաններ: Այն սկզբից լայն տարածում է գտել հովտային ժայռամագլցողների շրջանում, այնուհետեւ ողջ աշխարհում:

Սլեքլայնի 3 հիմնական տարատիպերն են՝ Լոուլայնը, Ուոթերլայնը եւ Հայլայնը (չէ մի չէ բիլայնը :Դ) : Լոուլայնի դեպքում ճոպանը լինում է գետնից շատ քիչ բարձրության վրա, եւ լարախաղացը ապահովագրության կարիք չի ունենում: Ուոթերլայնը նույն սլեքլայնն է՝ ուղղակի մակերեւույթից մի քիր բարձրության վրա: Իսկ Հայլայնը լինում է գետնից կամ ջրի մակերեւույթից շատ բարձր, եւ այս դեպքում

Արա-արա-արա….աաաաաաաաաաաաաաաաաաա

ապահովագրումը պարտադիր է:

Հայլայնի ռեկորդը սահմանվել է 2006 թվականի Օգօստօսի 3-ին Քրիստիան Շոուի (Christian Schou) կողմից Նորվեգիայում՝ Կյեռագի բարձրավանդակի վրա՝ 1000 մետր…

Ամենաերկար Սլեքլայնի ռեկորդը սահմանել է գերմանացի Ստեֆան Ջունխանը (Stefan Junghannß), ով 2009 թ-ի Մարտի 16-ին անցել է 2օ3 մետր:

Էսքանն ըստ Ուիքիփիդիայի Սլեքլայնի մասին…

Հուսով եմ այս սպորտաձեւն իրոք լայն տարածում կգտնի Հայաստանում: Վերջապես մենք հոմ մենակ Շախմատ չի, որ լավ ենք խաղում: Մենք ճկուն էլ ենք, մենք կարանք այս սպորտաձեւում լավ հաջողություն ունենալ, հեչ որ չլինի, հավես ա շատ… էսօր իրոք կայֆ էր… Ճիշտ ա ծնկներիս մենիսկի պատճառով ես զրկված եմ այս հաճույքից, բայց նայելն էլ արդեն հերիք է, որ զգամ, թե ինչ թույն բան ա ինքը…Վերջում էլ մի քանի վիդեո կդնեմ, որ ավելի պարզ ու ավելի դինամիկ լինեն տպավորությունները…

[jwplayer mediaid="944"]

[jwplayer mediaid="943"]

[jwplayer mediaid="938"]

առողջություն + ժամանակ + փող = չեմ ծխում

Բարեւ՛, նախ կներեք, որ այսքան երկար լռում եմ, ուղղակի մի տեսակ մենակ եմ, չեմ կարում կարգին կիսվեմ մտքերովս: Հետս ինչ-ինչ բաներ են կատարվում, որոնց մասին միգուցե հետո կիսվեմ, երբ վերջնականապես ազատվեմ դրանցից:

Հա՛, բայց ինչքան էլ որ հոգեբանորեն պատրաստ չլինեմ ինչ-որ բան գրելու, մեկ ա, կան բաներ, որոնց մասին ես չեմ կարողանում լռել, հատկապես ինչ-որ ձեռքբերման, կամ հաջողության մասին: Ուրեմն սենց, էս գիշեր 2 շատ լավ  ֆիլմ նայեցի: Դրանք էին Սերգեյ Բոդրովի «Брат2» եւ «Сёстры» ֆիլմերն էին: Չեմ կարծում, որ կլինեն մարդիկ, ովքեր գոնե առաջին նշածս ֆիլմը դիտած չեն լինի, բայց եւ այնպես չեմ զլանում խորհուրդ տալ դիտել 2-ն էլ: Մի խոսքով, ֆիլմերը դիտելուց հետո մի քիչ պարապ մնացի ու մեկ էլ հո՛պ, որոշեցի մի սենց հաշվարկ անել: Հաշվեցի, թե քանի օր չեմ ծխել ու տենց… Եւ ահա թե ինչ պարզվեց:

Սկսած անցած տարվա Դեկտեմբերի 22-ից մինչեւ Ապրիլի 1-ը 101 օր է անցել, իսկ քանի որ ես նախկինում ծխում էի օրական մեկ տուփ, այսինքն՝ 20 հատիկ ծխախոտ, ես այս ժամանակահատվածում չեմ ծխել համապատասխանաբար 101 տուփ եւ 2020 հատիկ ծխախոտ…Կաաաաաաաա՜յֆ.  Գնանք առաջ եւ տեսնենք թե ուրիշ ինչ հետաքրքիր թվեր կան: Ուրեմն պարզվում է, որ ես խնայել եմ մոտավորապես 6060 րոպե, այսինքն՝ 101 ժամ , կամ 4 օր՝ չծախսելով 3-ական րոպե յուրաքանչյուր ծխախոտի հատիկի վրա: Էդքանի հետ մեկտեղ էլ խնայել եմ մոտավորապես մի 30 հազար դրամ, որն անիմաստ ծախսում էի ծխախոտի վրա՝ էլ ավելի հարստացնելով ծխախոտագործներին, որոնք ինձ թվում է յուրաքանչյուր նոր ծխողի համար ավելի են ուրախանում, քան սեփական երեխայի ծնունդով: Հիմա այս ամենը վերցնենք մեկ տարվա կտրվածքով: Ստացվում է, որ ես մեկ տարվա ընթացքում չեմ ծխի 6060 հատիկ ծխախոտ, այսինքն կունենամ 12 օր ազատ ժամանակ եւ կխնայեմ 90 հազար դրամին մոտ գումար:

Ըհըըըըըըըըըըըըըը՜, տարվա մեջ կարելի ա մեկ անգամ 12 օրով հեծանվով գնալ օրինակ Թռչկանի ջրվեժի մոտ վրանային ճամբար ու մի լավ հանգստանալ, իսկ ավել 90 հազարն ինձ թվում ա վնաս չի տա, ինչպես ծխախոտը :Ճ Ծխոխներ ջա՛ն, հուսով եմ դուք էլ թարգը կտաք, ու մենք իրար հետ կգնանք հանգստանալու:

Հ.Գ. Մեկ անգամ եւս պարզ է դառնում, որ ծխելը դա առողջության, ժամանակի, փողի ու մի շարք այլ կարեւոր բաների վատնում է: Այն օգուտ է միայն ծխախոտ արտադրողին ու նրան, ով դրանից շահ ունի, բայց ոչ դու՛ք՝ ծխոխնե՛րդ: Յանիմ նորություն ասեցի չէ՞, բայց ցավալին էն ա, որ բոլորը դա գիտեն, բայց շարունակում են ծխել: Հարկավոր է վերջ տալ էդ չարիքին մեկընդմիշտ, ու դրանում արդեն միմիայն դուք կշահեք, իսկ տուժողները թող գնան ու դարդից ծխեն :Ճ

Հա՛, մեկ էլ չմոռանամ ասել, որ ծխախոտից աշխարհում տարեկան մահանում է շուրջ 3 մլն մարդ՝ այնքան, ինչքան Հայաստանում մարդ է բնակվում: Խուսափե՛ք լինել այդ մահացող Հայաստանի ցուցակում: Դուք դրա շանսն ունեք: