Բլոգի Արխիվ

Բնությունը գանձ է…

Լինում է չի լինում, մի փայտահատ է լինում: Նա ապրում էր մի խրճիթում՝ իր ծեր մոր հետ: Նա մոտակա անտառից փայտ էր կտրում ու վաճառում, որպեսզի հոգար իր եւ իր մոր ապրուստը:Անգամ օգնում էր իր հարեւաններին: 

Նրա անունը Հայկ էր, նա ստացել էր լավ կրթություն, սակայն չգտնելով իր ստացած կրթությանը համապատասխան աշխատանք՝ թքել էր ամեն ինչի վրա եւ անտառի կողքին հիմնել էր իր խրճիթն ու ծառ կտրելով լուծում էր իր բոլոր խնդիրները: 

Չնայած որ նա այդ ճանապարհով օգնում էր նաեւ իր հարեւաններին, հարեւանները շատ էին անհանգստանում, որ իրենց անտառը օրեցօր զրկվում էր իր գեղեցկությունից ու վերածվում էր բացատի: Բայց Հայկը դեմ էր գնում բոլորին՝ ասելով, որ եթե ես ծառ չկտրեմ, ապա ես փող չեմ ունենա հաց գնելու համար: 

Բայց մի օր մի հրաշք տեղի ունեցավ: Առավոտյան ինչպես միշտ Հայկը սղոցն ու կացինը ձեռքին ճանապարհ ընկավ: Անտառ հասնելուն պես նրա աչքով ընկավ մի մենավոր ծառ: Այդ ծառը տարբերվում էր բոլորից: Հայկը զարմացած էր, թե որտեղից էր այդ անտառում բալենի հայտնվել: Բայց անգամ այդ նրան չկանգնեցրեց: Նա սղոցը մոտեցրեց ծառին, եւ այդ պահին մի հրաշք տեղի ունեցավ. բալենին խոսեց մարդկային լեզվով՝

«Մի՛ կտրիր ինձ, փայտահա՛տ, ես գիտեմ, որ դու դրանոց ես պահում քեզ ու քո մորը: Ճիշտ է ես հիմա անպետք եմ, ոչ մի բերք չեմ տալիս: Ինձ տարիներ առաջ Արմենակ անունով մի մարդ է տնկել իր տղայի ծննդյան առիթով»: 

Հայկը ապշած լսում էր: Դա նրա հայրն է եղել: Հայկը հիշեց, որ հայրն իր անունով ծառ է տնկել, բայց հոր անսպասելի մահվան պատճառով Հայկն այդպես էլ չէր տեսել այդ ծառը: Ծառը նորից խոսեց՝ 

«Ծառ մի կտրի՛ր, այլ ընդհակառակը, տնկիր, որ նա քեզ օդ ու կյանք տա, միգուցե ես էլ քեզ մի օր օգուտ կտամ»:

Հայկը երկար ժամանակ մնաց տեղում կանգնած: Չգիտեր ինչ անել, բայց որոշեց լսել ծառին: Գնաց տուն ,ամբողջ գիշեր չկարողացավ քնել: Առավոտյան վերցրեց մի դույլ ջուր եը բահ ու նորից գնաց անտառ, բայց այս անգամ նա գնաց բարի մտադրությամբ: Հասավ բալենուն, խորը շունչ քաշեց ու անցավ գործի: Նախ ջրեց ծառը, իսկ հետո բահով սկսեց փափկեցնել հողը: Հանկարծ բահը դիպավ մի կարծր բանի: Իմանալով ,թե քար է, Հայկը որոշեց փորել հողը եւ ազատել բալենուն քարերից: Փորելուց հետո նա տեսավ, որ թվացյալ քարը բնավ էլ քար չէր: Այն մի կավե կճուճ էր՝ լի ոսկե զարդերով: Հայկի ուրախությանը չափ չկար: Նա հանեց կճուճը, զարդերը թափեց հողի վրա եւ կճուճի տակ տեսավ մի թուղթ: Հանեց այն եւ սկսեց կարդալ՝

«Այս զարդերը իմ պապերի կտակած ողջ հարստությունն են, ու ես այն թաղում եմ իմ որդու՝ Հայկի անունով տնկած բալենու տակ: Ով մի օր կորոշի հոգ տանել իմ տնկած ծառի մասին, նա էլ թող վայելի այս հարստությունը՝ չմոռանալով նաեւ ինչ-որ չափ այն հատկացնել բարին գործերին -Արմենակ»:

Հայկը շփոթված զարդերը ետ լցրեց ու վազեց դեպի խրճիթը: Պատմելով իր հետ տեղի ունեցածը մորն ու հարեւաններին՝ նա իսկապես իրեն երջանիկ զգաց: Նա որոշեց իր ամեն կտրած ծառի տեղը մի նոր բալենի տնկել ու հոգ խնամել նրանց մինչեւ իր կյանքի վերջը:

Զեմֆիրա  Բեգլարյան  – 3րդ  դասարան

Հ.Գ. Բնությունը սիրում ու օգնում է մեզ այնքանով, որքանով մենք ենք սիրում ու օգնում նրան: Պետք չէ կտրել ծառերը՝ դրանց տակ գանձեր փնտրելու նպատակով, այլ պետք է խնամել նրանց, քանզի հենց ծառերն են գանձերը: Բնությունը հենց այն գանձն է, որը մեզ է տրված անշահախնդրորեն: Մենք պետք է պահենք այն ամեն գնով, ու նա մեզ կտա այն ամենը, ինչ մեզ պետք է, Սիրելի՛ Հայկի զավակնե՛ր: 

Այս պատմվածքը այսօր քրոջս աղջիկն էր գրել: Դպրոցում հրաշքների հետ կապված շարադրություն էին հանձնարարել: Ես էլ մի քիչ մոդիֆիկացրել եմ:

Հույսի մեկ րոպե…

Այս օրը մեր օրացույցներում նշված է սև գույնով… 1 րոպե լռություն…

Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցը: 23 տարի խավար և վախ՝ ապագայի հանդեպ, այն մարդկանց սրտերում, որոնք վերապրեցին այդ դաժան օրերը: Որքա՜ն անմեղ զոհեր… կարելի է այստեղ հիշել հայտնի երգի բառերը՝ «ու՞ր էիր Աստված…»:

Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր տոկուն, կայուն և ամրակուռ կեցվածքը, որը դարերի ընթացքում չկարողացան ծնկի բերել ճղճիմ դահիճները: Հյուծված Խորհրդային Հայաստանը, թվում էր, թե չի դիմանա այս հարվածին: Սակայն հայ ազգը ապրեց, դիմացավ և վիշտն ու կորուստը սրտում՝ ի լուր աշխարհի հայտնեց, որ կա, գոյություն ունի և միշտ էլ ունենալու է, որ մեր ազգը պատրաստ է ծնել նոր Չարենցներ և Կոմիտասներ, որ մեր կիրակիները դեռ մատուցելու են պատարագներ…

Փառք Աստծուն, փառք բոլորին, փառք նրանց, ովքեր այդ օրհասական պահին մեր կողքին էին, ովքեր փաշու ու ծխի մեջ, սեփական կյանքը վտանգելով, փորձում էին վառ պահել հայ օջախների կրակն ու հույսը:

Այո՛, մենք ապրեցինք, մենք դիմացանք… որովհետև մեզ հայ են ասում…

Բոլորդ Ձեր մեկ մոմը վառե՛ք և աղոթե՛ք առ Աստված, աղոթե՛ք այն մանուկների համար, ովքեր չիմացան կյանքն ինչ է, աղոթե՛ք նրանց համար, ովքեր իմացան կյանքն ինչ է՝ չցանկանալով, նրանց համար, ովքեր դեկտեմբերի 7-ին չհասցրին պատմել իրենց տնային առաջաջադրանքը, նրանց համար, ովքեր կան, Ձեր կողքին են, հայ ժողովրդի համար, որ եղել է և կա… և միշտ կլինի…

Ճշտի բլոգից

«Հայաստան – Մակեդոնիա» խաղից հետո…

Սրտանց շնորհավորում եմ մեր հավաքականին դիտարժան ու գոլառատ ֆուտբոլ խաղալու կապակցությամբ եվ շնորհակալությունս եմ հայտնում մեզ անմոռանալի ուրախ, պահեր պարգրեւելու համար: Բոլորս տեսանք, թե մեր Տղերքը ինչ արեցին խաղադաշտում: Բոլորս ենք տոնում այս հաղթանակը, բաաաաաաաաաաաայց, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ՀԼԱ ԴԵՌ թերահավատորեն են մոտենում մեր ազգային հավաքականին ու ընդհանրապես ֆուտբոլին: Իսկ ինձ թվում է այդ մարդիկ անգամ իրենց են շատ ժամանակ թերագնահատում, ու այդպիսի մարդիկ երբեք էլ չեն կարող լավը ստեղծել ու լավացնել էն, ինչը որ ,ցավոք, վատ է, քանի որ այդ մարդկանց մտքին միմիայն փողերն են , որոնք մտնում էեն ուրիշների գրպանները,Սովետից® մնացած «բարի» հուշերը, եւ այլն… գումարած սերիալների վատ աղդեցությունը… Հիմա կհամոզվեք ինքներդ:

[Ինչպես միշտ]

– Ինչ կա՞ ազիզ:

-Իիիիիիիի՜, հեչ բան էլ չկա. գլուխս էրեկվանից պայթում ա…

-Խի՞, այ աղջի ջա՛ն

-Տո ես շատ գիտե՜մ… Երեկ  տունս սպորտզալ էին սարքել. Գագոյի ընկերներն էին եկել, Հայաստանի խաղն էին նայում: Տո՛ ասա ձեզ ինչ օգուտ, թե ով ում ա կրում. մեկ ա էդ փողերը սաղ իրանց ջեբերն ա գնում (նեղացկոտ տոնով):

– Էլ մի՛ ասա, մթոմ քիչ դարդ ունեինք, հմիկ էլ էս ֆուտբոլ ա ինչ զիբիլ ա, մեջ ա ընկել, մի 2 սերիալ էինք նայում, էդ ել են քթներիցս բերում:

– Աղջի ջաաաաաաաա՜ն, մենակ տենայիր, թե ինչ էին անում էս շաշ ու գիժ ժողովուրդը. դուրս էին եկել փողոցներն ու գժի պես գոռգռում էին…

– Լսում էի… ասա՝ ինչներիդ ա պեեեեեեեեեեեեեեեետք, ա՛յ պարապներ, ամեն ինչ խաղացել ենք , մնում ա ֆուտբոլը:

-Էնա Սերոժս էլ (էս էն նախորդ գրառմանս մեջի Սերոժն ա էլի :Դ) կպել ա , թե ֆուտբոլ եմ ուզում պարապեմ: Ասում եմ – «Ա՛յ տղաաա, սրանից լավ հոտ չի գալիս, թարգը տու՛ր, պարապմունքներիդ եդեւա՛, էգուց – էլօր, որ սրանք մեծացան, էդ վախտ բանի տեղ դնող չի եղնելու…» [ու տենց մի քանի րոպե խրատական…]

-Վու՜յ ազիզ, հետ պահե՛ք, էդ ֆուտբոլը ապագա չի, էս էն երկիրը չի, որ ֆուտբոլին տեղ տան: Սովետի ժամանակ էր , որ լավ էին նայում սպեորտսմեններին…

-Հմմմմ, ճիշտ էս ասում, հիշում եմ, որ քեռուս «ռոճիկը» բարձրացրել էին համամիութենական խաղերին հաղթելու համար…

-Էնաաաա՜, ինչ լավ բան արելա, էդ մենակ «Ռուսն» ա արել. հմիկ մենակ իրանց ջեբերն են լցնում…

 [Ու սենց պեսիմիստական, «տտտ-ռտտ» զրույցի բռնված հարեւանուհիները Հայաստան – Մակեդոնիա խաղի քննարկումներից հասան մինչեւ Իրաքի պատերազմ…իմ զահլեն էլ գնաց, որ ճիշտն ասեմ :Դ]

Հ.Գ. Ինչքան էլ զարմանալի են թվում այսպիսի անտրամաբանական ու հոռետեսական զրույցները, մեկ է ՝ այսպիսի զրույցներ կան ու բռնկվում են ամեն օր: Ցավալի է, բայց փաստ է: