Բլոգի Արխիվ

Ես, Թռչկանը, Քրիստոֆն ու «Մարսելյեզը»

Բարեւ,

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի ստատուս տալու մասին՝ վերջ դնելով բնապահպանական պայքարի այդ մասին: Այսօր մեր տարելիցն է: Թռչկանն իրոք մեծ հաղթանակ էր, չնայած որ մասշտաբները փոքր էին: Շնորհավորում եմ բոլոր «Թռչկանցնիներին» հաղթանակի առթիվ:

Այսօր ես եւ կանադացի Քրիստոֆը, ով նույնպես մեր խելքի մարդ է ու ժամանակին պայքարել ու մինչեւ հիմա էլ պայքարում է բնության ամեն մի մասնիկի համար Կանադայում, գնացինք Թռչկան: Քրիստոֆին անչափ հետաքրքրեց Թռչկանի դեպքը, քանի որ Կանադայում նրանք նույնպես պայքարում են հենց ՀԷԿ-ի կառուցման դեմ, որը կանադական կառավարությունը կառուցում է՝ էլեկտրաեներգիան տեղի հանքերից մեկին էժան վաճառելու համար:

Շատ լավ հիշողություններ արթնացան: Մտովի վերհիշում էի Չիչխանի ձորի յուրաքանչյուր մետրը: Ճանապարհին Քրիստոֆին պատմեցի շարժման ողջ ընթացքը: Շատ ուրախացել էր, որ մեզ մոտ հաջողվել էր անել այն, ինչ ցավոք իր երկրում դեռ չի ստացվում անել: Հիացած էր բնությամբ, ամեն քայլափոխի ցանկանում էր կադր վերցնել:

Ճանապարհին տեղի ունեցան մի քանի զվարճալի դեպքեր: Օրինակ մեզ հանդիպեց Շիրակամուտի (Նալբանդ) գյուղացիներից մեկը, ով ձորում գոմ էր կառուցում: Ցանկություն հայտնեց մեքենայով տանել, բայց քանի որ մեր հիմնական նպատակը քայլելն էր, մենք շնորհակալություն հայտնեցինք ու հրաժարվեցինք: Սակայն Ուստա Լալիկը խնդրեց, որ մենք հետդարձի ճանապարհին կանգ առնենք իր մոտ: Իհարկե համաձայնեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Արդեն ջրվեժ հասնելուն մի քանի հարյուր մետր էր մնում, երբ հանդիպեցինք «Հայանտառի» ներկայացուցիչներին, որոնց հետ նույնպես մի քանի բառ փոխանակեցինք: Պարզվեց, որ նրանք ծառ տնկելու մտադրություն ունեն եւ ուսումնասիրում էին տարածքը: Ճիշտն ասած այդ մարդիկ կասկածեցին Քրիստոֆի վրա :Ճ Պատճառը Քրիստոֆի ռուսերենի լավ իմացությունն էր: «А не слишком ли хорошо для канадца говоришь по русский?», -մեր զրուցակիցներից մեկը բազմանշանակ հարցրեց Քրիստոֆին :Ճ Իրանք մտածեցին, որ եթե կանադացին շատ լավ ռուսերեն գիտի, ուրեմն էդտեղ մի բան էն չի:  Վերջը…

Ջրվեժի մոտ ամեն ինչ կայֆ էր: Ինչպես միշտ մեր Չիչխանի գեղոցկուհին իր ողջ հմայքի մեջ էր: Ֆռֆռացինք, Քրիստոֆին ցույց տվեցի մեր ճամբարի տեղը, հետո իջանք ջրվեժի տակ, ոտքերներս դրեցինք ջրի մեջ. անտանելի սառն էր: Մի քիչ հմայվեցինք ու հետ եկանք:

Իհարկե, ինչպես խոստացել էինք, հետդարձին կանգ առանք Ուստա Լալիկի մոտ:  Կրակի մեջ խորոված կարտոշկա կերանք: Ալիկը պատմեց իր պլանների մասին: Գոմ էր սարքում, մեկ էլ հանգստանալու տեղ: «Я здесь хочу рай построить!» ,- այդպես կարճ ու կոնկրետ ներկայացրեց իր հզոր նպատակը: Լալիկը մեզ հյուրասիրեց իր խոստացածը ՝«Ախպերն ախպորը չի տա» թթի օղին: Խոսքեր չկան…շատ լավն էր: Նկարվեցինք իրենց հետ ու ճամփա ընկանք: Մնացած ճանապարհն արդեն օղու ազդեցության տակ էր, դրա համար մանրամասները չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ Քրիստոֆն օղու ազդեցության տակ մի քանի անգամ գոռալով «Մարսելյեզ» երգեց: Նենց որ  Ֆրանսիայի պետական հիմնը հնչեց նաեւ Չիչխանի ձորում :Ճ Կարդալ ավելին »

Թռչկանի Հաղթական ռոք համերգը

Սույն թվականի Նոյեմբերի 6 ին Շիրակամուտ գյուղում տեղի ունեցավ «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» քաղաքացիական նախաձեռնության հաղթանակին նվիրված ռոք համերգը։Համերգի կազմակերպչական աշխատանքները տարան «Խաղաղության Երկխոսություն» հասարակական կազմակերպության անդամները։ Իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաեւ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները։

Համերգին հանդես եկան «Որդան Կարմիր», «Lousnelius», «Scream», «Yan», «Dreamers» վանաձորյան ռոք խմբերը եւ Երեւանյան «The Bambir» ռոք խումբը։Համերգը լինելու էր պայքարի բաղկցուցիչ մասը, բայց մինչ տարվում էին նապապատրստական աշխատանքները, ՀՀ կառավարությունը ջրվեժին տվեց հատուկ պահպանվող բնական հուշարձանի կատեգորիա, եւ համերգը ավտոմատ վերածվեց հաղթական համերգի։

Վերջապես պատրաստ է համերգի ամբողջական տեսագրությունը՝  HD որակով։Բաղկացած է 10 մասից՝ փլեյլիստ տարբերակով։ Առանձին մասերով կարող եք գտնել «Խաղաղության երկխոսություն» հկ ի “YouTube Channel” ում։

Ամբողջական տարբերակը Keep Trchkan Waterfall (Rock Concert) փլեյլիստում։

Վայելե՛ք ռոք երաժշտությունը եւ պահպանե՛ք բնությունը, քանզի առանց բնության մենք ոչինչ ենք։