Բլոգի Արխիվ

Նեռվերս գնաց, ա՛յ մարդ է՛․․․

Այ մա՛րդ, Անժելա Սարգսյանից պրծանք, հիմա էլ Սերգեյ Դանիելյան ենք պարացնելու։ Էս 2 օր ա մատներս եմ մաշում՝ էս թեմայի շուրջ մեկնաբանություններ ու գրառումներ անելով։ Նյարդերս արդեն տեղի են տալիս սենց բաներից։ Նրանից, որ մարդիկ քեզ չեն հասկանում, ու քիչ ա չեն հասկանում, մի հատ էլ չհասկանալով դնում բան- ման են գրում, հետո էլ չեն ուզում լսած եղնեն․ խուսափում են՝ անունը դնելով «թեմայից շեղվել»։

Դեեեեեեե, քանի որ բլոգումս հաստատ ես կարամ մինչեւ վերջ արտահայտեմ այն, ինչ մտածում եմ , որոշեցի վերջ դնել այս ամենին ու էլ չանդրադառնալ այս թեմային։

Նախ հիշեցնեմ, որ երեկ դերասան Սերգեյ Դանիելյանը գրեց մի հոդված էկոլոգիայի մասին, որում ակնհայտ ու լուրջ սրտացավություն կար բնության ու շրջակա միջավայրի հանդեպ։ Իսկապես դուխ կար այդ ամենի մեջ, բաաաաաաաաաաաաայց, մի մեծ սխալ էր թույլ տվել՝ Լոռվա մարզի ողջ բնակչությանը հասցնելով ըստ իս ամենածանր մարսվող վիրավորանքներից մեկը, այն է ՝ «Հայաստանի Լոռու մարզի բնակչությունը այնքան է լյումպենացված, որ փողի դիմաց պատրաստ է ամեն ինչի, անգամ կարող է աչք փակել հարազատ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների վրա» ։

Ես ուրախ եմ, որ դերասանը դեմ է մանկապղծությանը, բայց դե չի կարելի մեկ-երկուսի արարքը հիմք ընդունելով՝ վիրավորել հազարների ու «լոռեցի» անվանը այդպիսի պիտակ կպցնել։

Մի խումբ ֆեյսբուքյան օգտատերեր՝ այդ թվում նաեւ ես, որոշեցինք արագ հայտարարություն կազմել եւ պահանջել դերասանից, որպեսզի հրապարակավ ներողություն խնդրի եւ հոդվածից հանի այդ տողերը։

Ամեն ինչ արվեց, ու վաաաաաաաայ էդ անելուն․ Միանգամից լրատվականները որսացին պահն ու սկսեցին գրոհել ամբողջ համացանցը (Անժելա Սարգսյան 2) : Ֆեյսբուքը կիսվեց 2 մասի․ ոմանք գտնում էին, որ պետք չէր խորանալ բառերի մեջ եւ հասկանալ միայն հոդվածի բուն իմաստը, ոմանք էլ խիստ դատապարտում էին, անգամ անվայել բառե

րով մեկնաբանություններ, սպառնալիքներ էին թողնում։ Երկու տեսակետի մեջ էլ տրամաբանություն կա։ Այն որ դերասանը արտահայտվում  է բնավերիչների դեմ, երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ, դա լավ է։ Բայց մյուս կողմից չես կարում կուլ տաս են ինչ-որ կուլ չի գնում՝ անկախ ամեն ինչից։

Երբ Սյունիքի մարզպետը բնապահպաններից մեկին «Ճպուռ» անվանեց, բոլորը սկսեցին քարկոծել, դատապարտել, բայց ոչ մեկ չմտածեց , որ կարող ա ուրիշ իմաստով ա ասել։ Ես նրան չեմ գովում, բայց երեւույթը նույնն է՝ վիրավորանք, անկախ նրանից, թե ում կողմից է հասցվում այն՝ դերասանի, որը բնապահպան է, թե՞ մարզպետի, որը բնավերիչ է։  Հենց այս կողմնակալ ու ոչ ադեկվատ վերաբերմունքն է նույն երեւույթի նկատմա

մբ,որն ինձ դուր չի գալիս։ Դա արդեն պառակտում է մարդկանց ու լավ հետեւանքներ չի թողնում։
Այս 2 օրը ես սպառեցի ողջ էներգիաս, որը մտադիր էի սպառել հանուն լավ բանի՝ հանուն Թեղուտի պաշտպանության, բայց ինչ ստացվեց․ ես 2 օր միայն բանավիճում էի, գրոհում ու պաշտպանվում էի, գրում ու ջնջում էի, որն իսկապես ավելորդ էր ու շատ վատ հետք թողեց թե՛ իմ, թե՛ իմ շրջապատի վրա։

Ժողովուրդ ջա՛ն, չկարծեք, որ մենք՝ լոռեցիներս, չենք մտածում, որ Սերգեյ Դանիելյանը լավ բան էր ուզում անել։ Մենք դա լավ գիտակցում ենք, Մենք իրենից շնորհակալ ենք։ Բայց այդ ամենը կուլ տալն անհնար էր։ Դուք միայն մի հարցի պատասխանեք ինքներդ ձեզ՝ «Համաձայն ե՞ք նույն տիպի վիրավորանք ստանալ ու լռել, կուլ տալ միայն այն պատճառով, որ դա նպաստում է Թեղուտի պաշտպանությանը»։  Եթե «Ո՛Չ»– հալալ ա ձեզ, իսկ եթե «ԱՅՈ՛»․․․ էլի հալալ ա ձեզ․․․․

Հ․Գ․ Սերգեյ Դանիելյանը տղամարդավարի արեց այն, ինչ պետք էր անել՝ ներողություն խնդրեց՝ ընդունելով իր սխալը։

Այսքանով ես «Pass» , ես էլ սրա մասին ոչ կխոսամ, ոչ էլ կգրեմ․․․ ոչ ժամանակ կա, ոչ էլ նեռվեր ու հավես։ Ավելի կարեւոր բաներ կան անելու։

ԹԵՂՈՒՏԸ ՄԵԶ ՊԱՀԱՊԱՆ

Մամլո հաղորդագրություն. Դեպի Թեղուտ

ԱՐՇԱՎ ԱԿՑԻԱ ԴԵՊԻ ԹԵՂՈՒՏ

Հունվարի 15-ին բոլորս դեպի Թեղուտ: Բնապահպան ակտիվիստները կազմակերպում են ճանաչողական արշավ-ակցիա, որով կսկսվի նոր գործողությունների շարքը` ի պաշտպանություն Թեղուտի: Ներակացնելու ենք Թեղուտի հիմնախնդիրը` իր բոլոր բազմազան կողմերով: Մասնակիցները հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնելու անտառը, շրջակա գյուղերը և հանքային ավերը:  Ավտոբուսներով Երևանից շարժվելու ենք Վանաձոր, այնտեղ հանդիպելու ենք Վանաձորի ակտիվիստներին` իրականացնելու ենք կարճ տեղեկատվական ակցիա և շարունակելու ենք ճանապարհը դեպի Թեղուտ: Թեղուտում նախատեսվում է մոտ 4կմ քայլարշավ: Ակցիայի մասին ավելին` http://www.facebook.com/events/109406975845970/

Թեղուտը Լոռվա մարզում է: Այն Հայաստանի ամենալավ պահպանված անտառն է: Թեղուտի հանքարդյունաբերական ծրագիրը, որը հաստատվել է 2007 թ. ՀՀ Սահմանադրության, օրենքների և միջազգային կոնվենցիաների բազմաթիվ խախատումներով,  իր չափերով և նախատեսվող ավերածությունների ծավալով ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ: Վերանալու և թունավորվելու է ավելի քան 1500 հեկտար էկոհամակարգ` իր անտառով, գետերով, հազվագյուտ կենդանական ու բուսական տեսակներով: Շուրջ 70 հա անտառ արդեն հատվել է և ընթանում է հանքի ենթակառուցվածքների շինարարությունը:  2012 թ. գարնանը նախատեսվում է սկսել պայթեցումները հանքի տարածքում: Թեղուտում կառուցվելու է կովկասյան տարածաշրջանի ամենամեծ պոչամբարը`  500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով, որոնք շատ մեծ հավանականությամբ օդի, ջրի, հողի միջոցով թափանցելու են  մարդկային օրգանիզմ` առաջացնելով նյարդային, թոքերի, սրտանոթային հիվանդություններ, մաշկի քաղցկեղ, սաղմի զարգացման արատներ:

Հանքարդյունաբերական գաղութների վերածված պետությունների (աֆրիկյան, հարավ-ամերիկյան, ասիական) փորձից հայտնի է, որ այդ երկրների բնակչության բարեկեցությունը չի ավելացել, հարստությունը լցվել է կոռումպացված պաշտոնյաների և մասնավոր բիզնեսի գրպանը: Երկրները վերածվել են զարգացած պետությունների հանքահումքային կցորդների, իսկ բնակչությունը մնացել է կոտրած տաշտակի առջև` կորցնելով թե՛ բնական ռեսուրսները, թե՛ շրջակա առողջ միջավայրը: Միջազգային այս փորձի վկայությունն են հանդիսանում նաև ՀՀ-ում գործող բոլոր հանքերը:

Բոլորս դեպի Թեղուտ … ոչնչացման ենթակա անտառի 95 տոկոսը դեռ կանգուն է:

Ակցիայի սկիզբը Երևանից` հունվարի 15-ին, առավոտյան 08:00, Բարեկամություն մետրոյի մոտից (Կիևյան փող.): Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգել` Արփինե091309574, Գոռ 094129543, Եղիա 055878757: 

Վանաձորից եկողներին խնդրում ենք զանգել Միքայել 055614140, կամ «ԽԵ» ՀԿ 032246059

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Բնությունը գանձ է…

Լինում է չի լինում, մի փայտահատ է լինում: Նա ապրում էր մի խրճիթում՝ իր ծեր մոր հետ: Նա մոտակա անտառից փայտ էր կտրում ու վաճառում, որպեսզի հոգար իր եւ իր մոր ապրուստը:Անգամ օգնում էր իր հարեւաններին: 

Նրա անունը Հայկ էր, նա ստացել էր լավ կրթություն, սակայն չգտնելով իր ստացած կրթությանը համապատասխան աշխատանք՝ թքել էր ամեն ինչի վրա եւ անտառի կողքին հիմնել էր իր խրճիթն ու ծառ կտրելով լուծում էր իր բոլոր խնդիրները: 

Չնայած որ նա այդ ճանապարհով օգնում էր նաեւ իր հարեւաններին, հարեւանները շատ էին անհանգստանում, որ իրենց անտառը օրեցօր զրկվում էր իր գեղեցկությունից ու վերածվում էր բացատի: Բայց Հայկը դեմ էր գնում բոլորին՝ ասելով, որ եթե ես ծառ չկտրեմ, ապա ես փող չեմ ունենա հաց գնելու համար: 

Բայց մի օր մի հրաշք տեղի ունեցավ: Առավոտյան ինչպես միշտ Հայկը սղոցն ու կացինը ձեռքին ճանապարհ ընկավ: Անտառ հասնելուն պես նրա աչքով ընկավ մի մենավոր ծառ: Այդ ծառը տարբերվում էր բոլորից: Հայկը զարմացած էր, թե որտեղից էր այդ անտառում բալենի հայտնվել: Բայց անգամ այդ նրան չկանգնեցրեց: Նա սղոցը մոտեցրեց ծառին, եւ այդ պահին մի հրաշք տեղի ունեցավ. բալենին խոսեց մարդկային լեզվով՝

«Մի՛ կտրիր ինձ, փայտահա՛տ, ես գիտեմ, որ դու դրանոց ես պահում քեզ ու քո մորը: Ճիշտ է ես հիմա անպետք եմ, ոչ մի բերք չեմ տալիս: Ինձ տարիներ առաջ Արմենակ անունով մի մարդ է տնկել իր տղայի ծննդյան առիթով»: 

Հայկը ապշած լսում էր: Դա նրա հայրն է եղել: Հայկը հիշեց, որ հայրն իր անունով ծառ է տնկել, բայց հոր անսպասելի մահվան պատճառով Հայկն այդպես էլ չէր տեսել այդ ծառը: Ծառը նորից խոսեց՝ 

«Ծառ մի կտրի՛ր, այլ ընդհակառակը, տնկիր, որ նա քեզ օդ ու կյանք տա, միգուցե ես էլ քեզ մի օր օգուտ կտամ»:

Հայկը երկար ժամանակ մնաց տեղում կանգնած: Չգիտեր ինչ անել, բայց որոշեց լսել ծառին: Գնաց տուն ,ամբողջ գիշեր չկարողացավ քնել: Առավոտյան վերցրեց մի դույլ ջուր եը բահ ու նորից գնաց անտառ, բայց այս անգամ նա գնաց բարի մտադրությամբ: Հասավ բալենուն, խորը շունչ քաշեց ու անցավ գործի: Նախ ջրեց ծառը, իսկ հետո բահով սկսեց փափկեցնել հողը: Հանկարծ բահը դիպավ մի կարծր բանի: Իմանալով ,թե քար է, Հայկը որոշեց փորել հողը եւ ազատել բալենուն քարերից: Փորելուց հետո նա տեսավ, որ թվացյալ քարը բնավ էլ քար չէր: Այն մի կավե կճուճ էր՝ լի ոսկե զարդերով: Հայկի ուրախությանը չափ չկար: Նա հանեց կճուճը, զարդերը թափեց հողի վրա եւ կճուճի տակ տեսավ մի թուղթ: Հանեց այն եւ սկսեց կարդալ՝

«Այս զարդերը իմ պապերի կտակած ողջ հարստությունն են, ու ես այն թաղում եմ իմ որդու՝ Հայկի անունով տնկած բալենու տակ: Ով մի օր կորոշի հոգ տանել իմ տնկած ծառի մասին, նա էլ թող վայելի այս հարստությունը՝ չմոռանալով նաեւ ինչ-որ չափ այն հատկացնել բարին գործերին -Արմենակ»:

Հայկը շփոթված զարդերը ետ լցրեց ու վազեց դեպի խրճիթը: Պատմելով իր հետ տեղի ունեցածը մորն ու հարեւաններին՝ նա իսկապես իրեն երջանիկ զգաց: Նա որոշեց իր ամեն կտրած ծառի տեղը մի նոր բալենի տնկել ու հոգ խնամել նրանց մինչեւ իր կյանքի վերջը:

Զեմֆիրա  Բեգլարյան  – 3րդ  դասարան

Հ.Գ. Բնությունը սիրում ու օգնում է մեզ այնքանով, որքանով մենք ենք սիրում ու օգնում նրան: Պետք չէ կտրել ծառերը՝ դրանց տակ գանձեր փնտրելու նպատակով, այլ պետք է խնամել նրանց, քանզի հենց ծառերն են գանձերը: Բնությունը հենց այն գանձն է, որը մեզ է տրված անշահախնդրորեն: Մենք պետք է պահենք այն ամեն գնով, ու նա մեզ կտա այն ամենը, ինչ մեզ պետք է, Սիրելի՛ Հայկի զավակնե՛ր: 

Այս պատմվածքը այսօր քրոջս աղջիկն էր գրել: Դպրոցում հրաշքների հետ կապված շարադրություն էին հանձնարարել: Ես էլ մի քիչ մոդիֆիկացրել եմ: