Ամենամսյա Արխիվներ: Դեկտեմբեր 2011

Շնորհավոր Ամանոր․․․

Բարեւ,  երկար էի մտածում, թե ինչ կարելի է գրել տարվա վերջին փոսթում։ Համարյա մի ամիս ես գրում ու ջնջում էի․ դրաֆթների մեջ խճճվել էի։ Նոր տարի է գալիս, լավ բաների մասին պետք է խոսել ու գրել, բայց դե, մեկ ա , չես կարում լավ բանի մասին գրես, երբ հենց այդ գրելուդ պահին ականջիդ հեռուստացույցի ձայնն է լսվում, որտեղ հայտարարում են, որ բանակում զինվոր է ինքնասպան եղել, կամ երեխա են բռնաբարել․․․ Մի խոսքով․․․
Ամփոփելով տարին ինձ համար՝ կարող եմ ասել միայն այն, որ այս տարի շատ բեկումնային փոփոխություններ եղան իմ կյանքում։ Կարելի է նշել այն, որ ես առաջին անգամ զգացի ակտիվության շունչն ու առնչություն ունեցա հենց այն երկրի ու այնտեղ ապրող բնակիչների, հենց այն բնության հիմնախնդիրներին , որում հենց ես եմ ապրում։ Մինչ այդ ,կամա թե ակամա, հեռու էի այդպիսի բաներից։ Չգիտեմ թե ոնց, բայց այդպես էր պատահում։ Տարին սկսվեց տխուր, սակայն շարունակությունը լավն էր՝ լի ուրախանալու առիթներով, սկսվեց հանգիստ, սակայն շարունակվեց անչափ ակտիվ՝ լի սուր զգացողություններով ու ոգեւորված պայքարով հանուն արդարության ու բնության պահպանման․․․
Իսկ եթե տարվան նայենք մի քիչ լայն շրջանակում, կտեսնենք , որ աշխարհը եւս տարված է բուռն փոփոխություններով, հեղափոխություններով․․․․ Ցուցարարի տարի էր։
Տարին Գուգլի աչքերով՝

[jwplayer mediaid="705"]

 

Այո շատվատ ու միեւնույն ժամանակ շատ լավ իրադարձություններ տեղի ունեցան անցնող տարում։ Շատ լավ մարդիկ հեռացան կյանքից՝ Սթիվ Ջոբս, Սեզարիա Էվորա (իրենք հատկապես), Ամերիկան զորքերը հանեց Իրաքի տարածքից, Քադաֆիին սպանեցին․․․ Մի խոսքով․․․ կարելի է համարել , որ շատ ակտիվ տարի էր՝ ջրհեղեղներով լի․․․
Սիրելինե՛րս, այն ամենը ինչ եղել է, թո՛ղ մնան միայն պատմության էջերում։ «ԻՆչ եղել է՝ անցել-գնացել է, ինչ եղնելու է՝ չի կարա չլինի»։ Շնորհավորում եմ բոլորիդ ամանորն ու ցանկանում առողջություն, երջանկություն, ակտիվություն, հաջողություն․․․ Ինչ ուզում է լինի, մի՛ հուսահատվեք, այլ եղե՛ք միշտ պինդ ու կայուն, եղեք ուրախ ու ժպտերես, եղեք ջանացավ կողքինների ու շրջակա միջավայրի նկատմամբ, մի թողեք, որ մի քանի հոգի, մի քանի տարում սպանեն այն, ինչ միլլիարդների կյանք է տալիս ու ապահովում նրանց գոյությունը միլլիարդավոր տարիներ․․․ Աշխատանք ու կյանքի լավ պայմաններ եմ ցանկանում, քանի որ դրանից շատ բան է կախված։ Սեր եմ ցանկանում, մեծ սեր, քանի որ սերը կյանքի «հոմանիշն» է։
Վերջում մի քանի բան կուզեմ ասեմ այն մարդկանց, ովքեր միտումնավոր, թե պատահական մեղքեր են գործում․ սեփական շահերից ելնելով՝ վնասում ու քայքայում են ամեն ինչ ու վերջում մի գրագետ մարդու մի քանի կոպեկ տալիս, որ Նոր տարվա համար մի սիրուն ուղղերձ գրի, որ կարդան ու անմեղի դեմք ընդունած ասեն, որ ամեն ինչ հրաշալի ա։ Խնդիր չկա, հենց իրենց ցանկանում եմ այդպիսի հրաշք ք**անոցոմ անց կացնել ամբողջ կյանքը, բայց թոց իմանան, որ մենք իրենց հետ չենք ու չենք լինելու, մենք լավն ենք ու լավին ենք արժանի․․․․

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Բնությունը գանձ է…

Լինում է չի լինում, մի փայտահատ է լինում: Նա ապրում էր մի խրճիթում՝ իր ծեր մոր հետ: Նա մոտակա անտառից փայտ էր կտրում ու վաճառում, որպեսզի հոգար իր եւ իր մոր ապրուստը:Անգամ օգնում էր իր հարեւաններին: 

Նրա անունը Հայկ էր, նա ստացել էր լավ կրթություն, սակայն չգտնելով իր ստացած կրթությանը համապատասխան աշխատանք՝ թքել էր ամեն ինչի վրա եւ անտառի կողքին հիմնել էր իր խրճիթն ու ծառ կտրելով լուծում էր իր բոլոր խնդիրները: 

Չնայած որ նա այդ ճանապարհով օգնում էր նաեւ իր հարեւաններին, հարեւանները շատ էին անհանգստանում, որ իրենց անտառը օրեցօր զրկվում էր իր գեղեցկությունից ու վերածվում էր բացատի: Բայց Հայկը դեմ էր գնում բոլորին՝ ասելով, որ եթե ես ծառ չկտրեմ, ապա ես փող չեմ ունենա հաց գնելու համար: 

Բայց մի օր մի հրաշք տեղի ունեցավ: Առավոտյան ինչպես միշտ Հայկը սղոցն ու կացինը ձեռքին ճանապարհ ընկավ: Անտառ հասնելուն պես նրա աչքով ընկավ մի մենավոր ծառ: Այդ ծառը տարբերվում էր բոլորից: Հայկը զարմացած էր, թե որտեղից էր այդ անտառում բալենի հայտնվել: Բայց անգամ այդ նրան չկանգնեցրեց: Նա սղոցը մոտեցրեց ծառին, եւ այդ պահին մի հրաշք տեղի ունեցավ. բալենին խոսեց մարդկային լեզվով՝

«Մի՛ կտրիր ինձ, փայտահա՛տ, ես գիտեմ, որ դու դրանոց ես պահում քեզ ու քո մորը: Ճիշտ է ես հիմա անպետք եմ, ոչ մի բերք չեմ տալիս: Ինձ տարիներ առաջ Արմենակ անունով մի մարդ է տնկել իր տղայի ծննդյան առիթով»: 

Հայկը ապշած լսում էր: Դա նրա հայրն է եղել: Հայկը հիշեց, որ հայրն իր անունով ծառ է տնկել, բայց հոր անսպասելի մահվան պատճառով Հայկն այդպես էլ չէր տեսել այդ ծառը: Ծառը նորից խոսեց՝ 

«Ծառ մի կտրի՛ր, այլ ընդհակառակը, տնկիր, որ նա քեզ օդ ու կյանք տա, միգուցե ես էլ քեզ մի օր օգուտ կտամ»:

Հայկը երկար ժամանակ մնաց տեղում կանգնած: Չգիտեր ինչ անել, բայց որոշեց լսել ծառին: Գնաց տուն ,ամբողջ գիշեր չկարողացավ քնել: Առավոտյան վերցրեց մի դույլ ջուր եը բահ ու նորից գնաց անտառ, բայց այս անգամ նա գնաց բարի մտադրությամբ: Հասավ բալենուն, խորը շունչ քաշեց ու անցավ գործի: Նախ ջրեց ծառը, իսկ հետո բահով սկսեց փափկեցնել հողը: Հանկարծ բահը դիպավ մի կարծր բանի: Իմանալով ,թե քար է, Հայկը որոշեց փորել հողը եւ ազատել բալենուն քարերից: Փորելուց հետո նա տեսավ, որ թվացյալ քարը բնավ էլ քար չէր: Այն մի կավե կճուճ էր՝ լի ոսկե զարդերով: Հայկի ուրախությանը չափ չկար: Նա հանեց կճուճը, զարդերը թափեց հողի վրա եւ կճուճի տակ տեսավ մի թուղթ: Հանեց այն եւ սկսեց կարդալ՝

«Այս զարդերը իմ պապերի կտակած ողջ հարստությունն են, ու ես այն թաղում եմ իմ որդու՝ Հայկի անունով տնկած բալենու տակ: Ով մի օր կորոշի հոգ տանել իմ տնկած ծառի մասին, նա էլ թող վայելի այս հարստությունը՝ չմոռանալով նաեւ ինչ-որ չափ այն հատկացնել բարին գործերին -Արմենակ»:

Հայկը շփոթված զարդերը ետ լցրեց ու վազեց դեպի խրճիթը: Պատմելով իր հետ տեղի ունեցածը մորն ու հարեւաններին՝ նա իսկապես իրեն երջանիկ զգաց: Նա որոշեց իր ամեն կտրած ծառի տեղը մի նոր բալենի տնկել ու հոգ խնամել նրանց մինչեւ իր կյանքի վերջը:

Զեմֆիրա  Բեգլարյան  - 3րդ  դասարան

Հ.Գ. Բնությունը սիրում ու օգնում է մեզ այնքանով, որքանով մենք ենք սիրում ու օգնում նրան: Պետք չէ կտրել ծառերը՝ դրանց տակ գանձեր փնտրելու նպատակով, այլ պետք է խնամել նրանց, քանզի հենց ծառերն են գանձերը: Բնությունը հենց այն գանձն է, որը մեզ է տրված անշահախնդրորեն: Մենք պետք է պահենք այն ամեն գնով, ու նա մեզ կտա այն ամենը, ինչ մեզ պետք է, Սիրելի՛ Հայկի զավակնե՛ր: 

Այս պատմվածքը այսօր քրոջս աղջիկն էր գրել: Դպրոցում հրաշքների հետ կապված շարադրություն էին հանձնարարել: Ես էլ մի քիչ մոդիֆիկացրել եմ:

«Ստե Պահե՛ք» – Մելինե Սահակյան

Հարգելինե՛րս, Ձեր դատին եմ ներկայացնում իմ ամենամտերիմ ընկերներից մեկի՝ Մելինե Սահակյանի «Ստե Պահե՛ք» Ֆեյսբուքասերիալը՝ իր գովազդներով:

Մաղթում եմ հաճելի ընթերցում եւ ավելացնեմ, որ վաղվանից սկսվում է, նրա երկրորդ սերիալը, որտեղ կպատմվի մի դասախոսի մասին, ով այնքան էլ լավ չէր տիրապետում իր առարկային…

Սերիա 1

Փաստորեն մարշուտնիներում կարելի է սերիալի սցենար գրելու կուրսեր անցնել (ընդ որում անվճար): Այսօր Անուշիկը ուղիղ 25 րոպե հեռախոսով բացատրում էր.«Հասկացի՛ր, Հա՛յկ, ես չեմ կարող շարունակ ինքս ինձ խաբել, մտածել, որ հիանում  ես ինձնով, երբ իրականում քեզ գրավել է իմ հետևում կանգնած երիտասարդի ձեռքի հեռախոսը (ինչ էլ բանաստեղծական են սիրահարվածներն իրենց արտահայտած մտքերով հանդերձ :D DD)»: Հասկացավ արդյոք Հայկը , թե ոչ, կիմանամ, հավանաբար, վաղը:

Գովազդ: Էսօր մարշուտնում արդեն կանգնելու տեղ չկար, մեկն էլ ուշանում էր դասից, նենց էր խառնվել` մտածեցի`մի ոտքս բարձրացնեմ, ասեմ` հարմարվեք, բայց դե բացի ոտքից մարմինն էլ ա պետք տեղավորել

Սերիա 2

Այսօր պարզվեց, որ մարշուտնու կոլեգայիս անունը Անուշիկ չէ, ուզում եմ ներողություն խնդրել սխալիս համար, հիմա կբացատրեմ. երեկ Հայկի հետ զրուցելիս աղջիկը հուզմունքից սեղմել էր բարձրախոսի կոճակը, իսկ քանի որ ես կանգնած էի նրա գխավերևում (ի դեպ, հենց նա էլ պահել էր պայուսակս), պարզ լսեցի՝ ինչպես Հայկը Անուշիկ անվանեց ճանապարհակցիս: Բայց այսօր ահա թե ինչ էր ասում իմ հետաքրքիր ուղեկիցը իր հերթական զրույցում.«Ես նորից ինձ խաբում էի, ինքս ինձ հավատացնում , որ ինձ անուշիկ ես համարում, բայց իրականում մոռացել ես, որ ինձ Քնքուշիկ են անվանում»…

Գովազդ: Իմ հայ ժողովուրդ, մարշուտնիների ցածրության տակ կքած ժողովուրդ (շարադրության նոր թեմա):

Սերիա 3

«Արդեն հասնում եմ, Հա՛յկ, պՌոպկա ա ուղղակի»այսօր Քնքուշիկը, որ վերջապես հաշտվել էր Հայկի հետ ու գնում էր հանդիպման, ընկավ արտաքին ու ներքին խցանման մեջ: Արտաքին խցաման պատճառը Արցախի և Արին-Բերդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարն էր, իսկ ներքին խցանումը` մարշուտնիների գերուղևորաբեռնվածությունը: Քնքուշիկը նստել էր հենց պատուհանի մոտ, իսկ մոտակայքում, չափազանց անհարմար դիրքով, խցկված էր մի երիտասարդ: «Հա՜յկ»,- լսվեց Քնքուշիկի բացականչությունը. Հայկը, արդեն իրապես սիրահարված լինելով, որոշել էր գալ իր անուշիկին ընդառաջ և ինչ տեսավհենց պատուհանի մոտ մի երիտասարդ ու Քնքուշիկը«Հա՜յկ, սպասիր, Հայկ, սա այն չէ, ինչ դու ես մտածում»: ՈՒշադիր եղեք, հարգելիվարորդներ, ձեր էգոիստական վթարների պատճառով տուժում են անմեղները:

Գովազդ: Քանի որ այսօր շատերն ինձ հարցրեցին, թե ինչու վերջերս չի շարունակվում անուշիկ Քնքուշիկի ու Հայկի մասին պատմող «Ստե պահեք» ֆեյսբուքասերիալը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ այն, ինչպես բոլոր հեռուստասերիալները, շաբաթ-կիրակի չի ֆեյսարձակվում:

Սերիա 4

Այսօր մեր մարշուտնի մի երիտասարդ էր հյուր եկել, ով կանգնել էր Քնքուշիկի տեղում: Իսկ երբ հաջորդ կանգառում մեր հերոսուհին խցկվեց մարշուտնի, երիտասարդը հանդգնեց ասել վարորդին. «Չեմ ջոկում, խի եք կայնում, չեք տենում էս գրածը`կանգնած ուղևորների փոխադրումն արգելվում ա »: Քնքուշիկը, ով իրեն վիրավորված զգաց, քանի որ իր`մարշուտնի մտնելուց ասվեցին այս խոսքերը, զանգեց Հայկին ու հեռախոսը փոխանցեց իր տեղը զբաղեցրած երիտասարդին: Ահա թե ինչ ասեց Հայկը, ով, ինչպես պարզվեց, տնտեսագետ է. «Տղա ջա’ն, նախ հիշի’ր, որ դու ևս կանգնած ես, այսինքն` քեզ փոխադրելը ևս օրենքի խախտում է,ի դեպ, դասդ սկսում է 9.30, բայց դու տրանսպորտ ես նստում 8.30, որ ժամանակին հասնես, այլապես կանգնելու տեղ էլ չի լինի, իսկ եթե կանգնած ուղևորներ չփոխադրվեն, որոնց թիվը գրեթե հավասար է նստած ուղևորներին` հաշվի առնելով, որ մի նստատեղը ծառայում է 2 ուղևորի, ապա պետք է գոնե 1 ժամ էլ շուտ դուրս գաս, որ չուշանաս, այսինքն` ժամանակ կորցնես: Սխալ մարդու ես մեղադրում, երիտասա’րդ, վարորդը մեղավոր չէ»:

Գովազդ: 2 օրից մեր մարշուտնու վարորդի ծնունդն ա, մշտական ուղևորներով մի բան չկազմակերպե՞նք:

Սերիա 5

Այսօր Քնքուշիկը պատրաստվում էր զանգել Հայկին, բայց հանկարծ մարշուտնի մտան 3 կին. « Սա ինչ է, մեծերի նկատմամաբ տարրական հարգանք չկա, տեղը չեն զիջում քիչ չի, պայուսակն էլ արդեն չեն առաջարկում պահել, հապա աղջի՛կ ջան, պահի’ր պայուսակները», և այստեղ Քնքուշիկի գոգին հայտնվեցին 3 մեծ տոպրակ, 2-ը՝ լցված կարտոֆիլով, 1-ը` սոխով, և 3 պայուսակ (հավանաբար այդ կանայք կոլեգաներ էին:D):
“Call me when you are sober” երգի հնչյունները տարածվեցին մարշուտնով մեկ, բայց երբ Քնքուշիկը փորձեց վերցնել հեռախոսը, կարտոֆիլներից մեկը գլորվեց  ներքև, ու հանդիպելով կարտոֆիլատիրոջ ջղայնացած հայացքին` Քնքուշիկն իր փորձն այլևս չկրկնեց… Հուսով եմ` նա ու Հայկը չեն վիճի…

Գովազդ: Քննությանս մարշուտնու մեջ եմ պատրաստվելու, նենց որ , ճակատագիր, վաղը բացառության կարգով ինձ համար նստելու տեղ ապահովիր:

Սերիա 6

«Համաձա՜յն եմ, համաձա՜յն եմ… ստե պահեք, վարո’րդ, ստե պահ՜ք…»,- վարորդը կտրուկ արգելակեց: Քնքուշիկը մի ակնթարթում դուրս եկավ մարշուտնուց, և մենք ականատես եղանք` ինչպես Հայկը ծնկաչոք մատանին դրեց նրա մատին: Այս ուրախ վայրկյանին միայն վարորդն էր փոքր-ինչ տխուր. Քնքուշիկն այնքան էր հուզվել, որ մոռացել էր 100 դրամը տալ, իսկ հաջորդ օրը նա այլևս մեր մարշուտնում չի լինի. չէ՞ որ Հայկը մեքենա ունի…

The End

Հույսի մեկ րոպե…

Այս օրը մեր օրացույցներում նշված է սև գույնով… 1 րոպե լռություն…

Այսօր լրանում է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցը: 23 տարի խավար և վախ՝ ապագայի հանդեպ, այն մարդկանց սրտերում, որոնք վերապրեցին այդ դաժան օրերը: Որքա՜ն անմեղ զոհեր… կարելի է այստեղ հիշել հայտնի երգի բառերը՝ «ու՞ր էիր Աստված…»:

Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր տոկուն, կայուն և ամրակուռ կեցվածքը, որը դարերի ընթացքում չկարողացան ծնկի բերել ճղճիմ դահիճները: Հյուծված Խորհրդային Հայաստանը, թվում էր, թե չի դիմանա այս հարվածին: Սակայն հայ ազգը ապրեց, դիմացավ և վիշտն ու կորուստը սրտում՝ ի լուր աշխարհի հայտնեց, որ կա, գոյություն ունի և միշտ էլ ունենալու է, որ մեր ազգը պատրաստ է ծնել նոր Չարենցներ և Կոմիտասներ, որ մեր կիրակիները դեռ մատուցելու են պատարագներ…

Փառք Աստծուն, փառք բոլորին, փառք նրանց, ովքեր այդ օրհասական պահին մեր կողքին էին, ովքեր փաշու ու ծխի մեջ, սեփական կյանքը վտանգելով, փորձում էին վառ պահել հայ օջախների կրակն ու հույսը:

Այո՛, մենք ապրեցինք, մենք դիմացանք… որովհետև մեզ հայ են ասում…

Բոլորդ Ձեր մեկ մոմը վառե՛ք և աղոթե՛ք առ Աստված, աղոթե՛ք այն մանուկների համար, ովքեր չիմացան կյանքն ինչ է, աղոթե՛ք նրանց համար, ովքեր իմացան կյանքն ինչ է՝ չցանկանալով, նրանց համար, ովքեր դեկտեմբերի 7-ին չհասցրին պատմել իրենց տնային առաջաջադրանքը, նրանց համար, ովքեր կան, Ձեր կողքին են, հայ ժողովրդի համար, որ եղել է և կա… և միշտ կլինի…

Ճշտի բլոգից

Նոյների հաղթական ռեւանշը…

Օստերսունդում ձյուն եկավ: Վեշրջապես բիաթլոնը ստացավ իր կատարյալ

Magdalena Neuner (ger) - Gold

գեղեցկությունը՝ մարզիկներին ապահովելով նաեւ բնական պայմաններ իսկական պայքար մղելու համար: Այսօր մրցուղում կանայք էին: Սպրինտ – մրցավազքում իրենց ուժերը չափեցին  96 մարզուհիներ: 7.5 կիլոմետր մրցուղի՝ 2 կրակային կետով: Անցած մրցման ոչ այնքնան լավ արդյունքներից հետո այսօր սպասվում էր ռեվանշների մի ամբողջ շարան: 

Այսօր մենք ուրախանալու մեկ այլ առիթ ունեցանք, քանի որ մարզուհիների մեջ նաեւ մեր Հայաստանի ներկայացուցչուհին էր հանդես գալիս: Ազգությամբ ռուս Եկատերինա Վինոգրադովան հայկական դրոշի ներքո մեկնարկեց 64-րդը: Ուրախության առիթը միայն նրա հանդես գալն էր, քանի որ 86-րդ արդյունքը միայն տխուր զգացումներ պարգեւեց:

Tora Berger (nor) - 2nd

Նորից ռուս կանայք հիասթափեցրին բոլորին: Նրանցից ամենալավ արդյունքներ ցույց տվեց Սվետլանա Սլեպցովան՝ 1 բաց թողնված թիրախով գրավեց 9-րդ տեղը:

Առաջին տասնյակը եզրափակեց ֆրանսուհի Մարի Դորան Հաբերտը: Ասեմ, որ այս մրցափուլում հաջող են հանդես գալիս Ֆրասիայի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց հավաքականները՝ հատկապես կրակային պատրաստականությունը նրանց մոտ առաջիններից է:

Հարճելի զարմանք պարգեւեց նորվեգական բիաթլոնի ծագող աստղ Սենյովե Սոլեմդալը: Նրա 4-րդ արդյունքը հուսադրիչ էր նորվեգացիների համար:

Գերմանուհիների ելույթներից եւս կարելի է լուրջ հույսեր կապել հետագայի

Kaisa Makarainen (fin) - 3rd

համար: Հենկելը եզրափակեց լավագույն ութնյակը, իսկ հավաքականի մեծ մասը կարողացավ ապահովել կարեւոր միավորներ:

Դոմրաչեւան կրկին հեռու չգտնվեց: Այս անգամ բելոռուս չեմպիոնուհին բավարարվեց միայն 5-րդ հորիզոնականով, սակայն իր դիրքերը պնդեցրեց ընդհանուր մրզաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում:

Դե իսկ պատվո հարթակը ռեվանշային ստացվեց: Բրոնզը հասավ ֆինուհի Կայսա Մակարայնենին. որի արդյունքները ապացուցեցին, որ բազմափորձ եւ տիտղոսներով հարուստ վետերանը չի պատրաստվում հանձնվել:

Հարթակի 2-րդ աստիճանը նորվեգացի լեգենդ Տուրա Բերգերը ուղղակի խելահեղ արագությամբ խլեց բոլորից: Ինդիվիդուալը ձախողած նորվեգուհին այս անգամ թույլ  չտվեց գերազանցել իրեն:

Չեմպիոնական մեդալը իհարկե բոլորի կողմից սիրված եւ հիմնական ֆավորիտ Մագդալենա Նոյներին բարձրացրեց ընդհանուր մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական: Գերմանական բիաթլոնի գեղեցկուհին ընդհամենը 0.2 վայրկյանով առաջ անցավ եւ կորզեց ոսկին: Սա նրա երկրորդ մեդալն է: Ինդիվիդուալում նա բրոնզին արժանացավ:

Վաղվա հետապնդումը անչափ ինտրիգային ու հետաքրքիր է լինելու, քանի որ ասօրվա արդյունքները շատ են խիտ: Մեզ սպասվում է խելահեղ մրցակցություն:

Վաղը տեղի կունենան օստերսունդյան մրցափուլի 2 եզրափակիչ մրցավազքերը:  Մեր ժամանակով 15:05-ին կմեկնարկի տղամարդկանց հետապնդում-վազքը, իսկ  17:20-ին հետապնդման դուրս կգան կանայք:

Դիտե՛ք Բիաթլոն, սիրե՛ք Բիաթլոնը,ապրե՛ք Բիաթլոնով: