Ամենամսյա Արխիվներ: Հոկտեմբեր 2011

GNU/Linux VS MS Windows (Ազատ, կամ անազատ համակարգիչ)

Համակարգիչս միացնելուց մի քանի վայրկյան հետո ես մի 10 րոպե մտածում եմ, թե որ օպերացիոն համակարգից օգտվեմ այս սեանսի ժամանակ: Թե՛ “Linux” – ը և թե՛ “Windows” – ն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Աշխարհը ընտելացել է “Microsoft Windows” ՕՀ – ին, քանի որ տարիների ընթացքում հենց այդ օպերացիոն համակարգն է ծրագրային ապահովման շուկայում պնդեցրել իր գերիշխող դիրքը: Համակարգիչ ոգտագործողների 80 տոկոսից ավելին օգտագործում է հենց “Windows” – ը: Դրա հիմնական պատճառը մյուս ՕՀ- երի ոչ պոպուլյար լինելու գործոնն է, այլ ոչ թե հենց “Windows” – ի բացարձակ առավելությունը՝ մյուսների նկատմամբ:

Օպերացիոն համակարգերի ընտրության հարցում օգտագործողը շարժվում է մի քանի հիմնական բնորոշիչներով: Արժեքի, մատչելիության, անվտանգության և ստաբիլության հատկություններն են հենց հիմնական բնորոշիչները:

Արժեքի առումով անհամամեմատելի են համակարգերը, քանի որ “Linux” – ի գրեթե բոլոր դիստրիբյուտիվները բացարձակ անվճար են, իսկ “MS Windowsi” գինը տատանվում է 30.000 դրամից մինչև 70.000 դրամ: Այդ միայն հենց ՕՀ-ին է վերաբերվում: Իսկ համակարգիչն օգտագործելիս մենք կարիք ենք ունենում տասնյակ ծրագրերից, որոնց մեծամասնությունը էլի վճարովի են Windows համակարգում: Իսկ Linux –ը մեզ առաջարկում է 10.000 ից ավելի բացարձակ անվճար ծրագրեր: Օրինակ՝ “Adobe Photoshop” գրաֆիկական խմբագրի արժեքն է մոտավորապես 1000 ամերիկյան դոլլար, իսկ ազատ,  բացարձակ անվճար “Gimp” խմբագիրը լիովին բավարարում է լուսանկարիչների հիմնական պահանջները, որոնց համար ուղղակի անիմաստ է 1000 դոլլար վճարել: Օգտագործողների մեծ մասը ստիպված են լինում խախտել օրենքը, որպեսզի կարողանան օգտվել “Photoshop” ից: Այս հարցում “Linux” – ն ունի բացարձակ առավելություն:

Մատչելիության տեսակետից “Winsows” – ն ընդգծված առավելություն ունի, բայց շուրջ կես միլլիոն մարդ կամավորական հիմունքներով չարչարվում են Linux ին հեշտ օգտագործելի դարձնելու համար: “Linux” ի բաց կոդը ծրագրավորողներին թույլ է տալիս ստեղծել նորանոր գրաֆիկական ծրագրեր, կատարելագործել և հասանելի դարձնել բոլորին: Հայաստանում օրինակ «Ինսթիգեյթ» ծրագրավորողների կենտրոնը թարգմանեց “Gnome” գրաֆիկական միջերեսը, Նորայր Չիլինգարյանը գրեց առաջին Հայկական “Linux” դիստրիբյուտիվը՝ “Arax-OS”- ը: Կարող եմ համարձակորեն պնդել, որ “Linux Ubuntu” – ն Windows 7 – ին գերազանցում է իր մատչելիությամբ, գեղեցկությամբ և ստաբիլությամբ:

Անվտանգության և ստաբիլության հարցում Linux- ը իրեն հավասարը չունի և չի ունենա:

“Windows” ՕՀ ի համար գրված վիրուսային, կամ վնասատու ծրագրերի թիվը դեռ 2007 թվականին “Symantec” ընկերության հաշվարկներով կազմում էր մեկ միլլիոն: Իսկ Linux ի համար գրեթե չեն գրվում այդպիսի ծրագրեր: Նրանց թիվը 500 – 1000 է, բայց քանի որ Linux օրեցօր կատարելագործվում և փոփոխվում է, վնասատու ծրագրերը կորցնում են իրենղց վնասակար հատկությունները: Ստաբիլության առումով օրինակը բերեմ հենց իմ համակարգչի վրա: 3 ամիս առաջ ես նույն օրը տեղակայեցի և՛ “Linux”, և՛ “Windows”: Այդ 3 ամիսների ընթացքում ես 1 անգամ վերաինտալյացիա եմ արել իմ “Windows”- ը, իսկ “Linux” – ի մասին կարող եմ չմտածել առաջիկա 2012 թվականի ընթացքում:

Այս փոքրիկ համեմատությունը ցույց է տալիս, որ “Windows”, օգտագործելու հենց առաջին վայրկյանից մենք խախտում ենք օրենքը, վտանգում ենք համակարգչի աշխատանքը և մեզ նեղություն ենք պատճառում և այլն, մինչդեռ կարող ենք օգտվել “Linux” – ից, լինել ազատ, պաշտպանված և հանգիստ:

Հ.Գ. Այս հոդվածը գրել եմ «Internews Armenia » Media support NGO – ի կողմից  «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ ի «Սոց. Մեդիա» խմբի անդամների համար կազմակերպված դասընթացի ժամանակ: Դասընթացը անց է կացնում Գեղամ Վարդանյանը: Դասընթացի հիմնական նպատակը «PDMandarin» բլոգը կատարելագործելն է:

Դժվար էր, բայց հետաքրքիր (երբ սպասարկում էի ինտերնետ պրովայդերում)

Բարեւ՛, այսօր տանը մենակ էի: Նստած հեռուստացույց էի նայում, մեկ էլ` հեռախոսը զանգեց: Վերցրեցի լսափողը`

-Ալո, բարեւ ձե’զ:

-Բարեւ ձե’զ, ու՞մ եք ուզում

-Կներեք, սա «ինտերնետի՞ց» է :

-Ոչ՛ (մի քիչ նյարդայնացած  պատասխանեցի ես)

-Կներե՛ք…

Իրականում չէի ցանկանում այդ կնոջը կոպտել: Դա ինձ մոտ բնազդաբար ստացվեց: Ոչ այն պատճառով , որ նա սխալ էր ընկել, այլ այն պատճառով, որ նա զանգահարել էր ինտերնետ մատակարարներից մեկի սպասարկման կենտրոն: Եթե նա հարցներ, թե արդյոք սա ատամնաբուժարան է, ես մեծ հաճույքով կպատասխանեի , որ նա սխալ է ընկել, եւ ավելին՝ ես նրան անգամ օգնությունս կառաջարկեի: Հիմա ձեզ մոտ հարց կառաջանա, թե ինչի եմ այդքան նյարդայնանում «ինտերնետ մատակարար» բառի վրա:

Ինձ ճանաչողները կկռահեն, թե ինչի մասին է խոսքը, բայց , այնուամենայնիվ, ես կփորձեմ մի քիչ պատմել իմ կյանքի ամենազավեշտալի ու միեւնույն ժամանակ շատ նյարդայնացնող դրվագներից: Ընդամենը մի 2 ամիս է , ինչ ես էլ չեմ  աշխատում  մեր քաղաքի ինտերնետ մատակարարներից մեկում, որտեղ ես շուրջ 1 ու կես տարի աշխատել եմ որպես հաճախորդների սպասարկող, ցանցային ինժեներ, հեռախոսավար… եւ այլն…

Ինձ թվում է դուք արդեն կռահում եք, թե որն էր իմ նյարդայնանալու հիմնական պատճառը:

Այդ մեկ ու կես տարում ես անմիջական կապ եմ ունեցել «հաճախորդ» տերմինի հետ ՝ իր բոլոր հատկանիշներով հանդերձ:

Հարց՝

Ո՞րն է ձեր առաջին քայլը, երբ ձեր ինտերնետը կտրուկ անջատվում է, կամ երբ նկատում եք արագության նվազում, կամ էլ՝ երբ խաբանվում է ձեր համակարգչի աշխատանքը:

Պատասխան՝

Ելնելով իմ հարուստ փորձից՝ ես միանշանակ համոզված եմ , որ ձեզնից մեծ մասը, կա՛մ միանգամից զանգահարում է այն ինտերնետ մատակարարի սպասարկման կենտրոն, որի ծառայություններից օգտվում է, կա՛մ, փորձելով ինքնուրույն շտկել թերությունը, մի բան էլ իր կողմից է խափանում, ու, տեսնելով , որ քանի գնում , այնքան բարդանում է ամեն ինչ, որոշում է ի վերջո զանգահարել սպասարկման կենտրոն: Մի մասն էլ, ունենալով «Համակարգիչը ծերից ծեր իմացող» ծանոթ, ընկեր, կամ բարեկամ, դիմում է նրան: Միայն մի փոքր մասն են կազմում այն մարդիկ , ովքեր լավ են տիրապետում համակարգչին, եւ օգնության կարիք չեն ունենում, եւ նրանք, ովքեր ուղղակի համբերերատար սպասում են այնքան, մինչեւ որ պրոբլեմն ինքն իրեն կշտկվի:

Մենք էլ հիմնականում գործ էինք ունենում առաջին եւ երկրորդ մեթոդներով շարժվող հաճախորդների հետ, որոնք երբեմն անտանելի են: Մի քանի հատված ներկայացնեմ այդպիսի անտանելի հեռախոսազրույցներից:

-Ալո՛:

-Ահա՛. լսում եմ Ձեզ:

-Էս ինտերնետից ա՞

-Այո՛, խոսե՛ք, ինչո՞վ կարող եմ օգնել:

-Էս ինչի՞ կապ չկա:

-Ինչպե՞ս չի միանում:

-Միացնում եմ, չի միանում:

-Իսկ ի՞նչ նիշ է բերում (ասեմ, որ եթե չի հաստատվում միացումը, համակարգը պարտադիր բերում է երեք նիշանոց սխալ.  օր.Ошибка 678, 691, 769, 629…)

-Ոչ մի թիվ էլ չի բերում:

-Հնարավոր չէ՛: Եթե չի բերում , ուրեմն  դուք կապ ունեք:

-Վաաաա՜յ, դե ասում եմ չի բերում ու վե՛րջ:

-Մի քիչ սպասե՛ք, անպայման կբերի:

-Ահա՛, բերեց. գրված է ԱԱԱ-շիբ – կա 6**:

-Խնդրում եմ ռեսթարթ արեք համակարգիչը, եթե չօգնի , ապա նորից զանգահարե՛ք:

-Շնորհակալություն…

Այսպիսի զանգեր անընդհատ ու նույն բովանդակությամբ: Ես ընկնում էի դեպրեսիայի մեջ: Ախր ինչպե՞ս չընկնես, երբ մեկը զանգահարոմ ա ու ասում – «Բարիգու՛ն, բրատ ջա՛ն, էս «Սկայպ» խի՞ չկա», կամ «Բարեւ ախպերս, էս Սկայպս կանաչ չի, ինչիցա որ»… Ու դու պետք է շաաաաատ մեղմ ու ուսուցողական տոնով բացատրես, թե ինչն ինչոց է, այլապես կջղայնանա հաճախորդը: Մեջդ զսպոմ ես այն մեծ զայրույթը, որը առաջացավ այդպիսի անհեթեթ հարցից, ու հեզ տոնով պատասխանում ես – «Իսկ միգուցե ինտերնետին չե՞ք կպել», ու հրաաաաաաաշք… «Վա՜յ, կներես ախպերս, չէի տեսել»: Դե արի ու դիմացի: Կամ գիշերվա 4 ին, երբ արդեն մի կերպ ես աչքերդ բաց պահում, մեկ էլ զանգ՝

«Բարիգու՛ն ցավդ տանեմ, կներես, որ սենց ուշ եմ զանգում, ախպեր էս ֆլեշկես դնում եմ , լույսը վառում ա , բայց չի բացում, էդ ինչից ա՞»

Կարելի է ասել , ուղղակի հերոսություն ա այդքանից հետո մեղմ պատասխանելը: Կամ էլի նույն ժամերին զանգում են ու հարցնում , թե արդյոք մյուս ամիս կապերի գինը ընկնելու ա, թե չէ: Կզարմանաք, բայց ալդպիսի բաներ էլ են լինում ,երբ մեկը չի դիմանում մի քանի ժամ ու զանգում է գիշերվա 5 ին ,որպեսզի տեղեկանա գների էժանացման մասին:

Այսպիսի զանգեր կարող եմ թվել հազարներով: Բայց կա մեկը, որը իր (կներեք արտահայտությանս համար) տխմարության գործակցով ուղղակի ռեկորդակիր : Այն ես կհիշեմ մինչեւ կյանքիս վերջը՝

-Ալո՛

-Ահա՛ , լսում եմ ձեզ՚

-Ապե՛ր, էս ինչի՞ լապ չկա:

-Ի՞նչ թիվ է բերում:

-Ապե՛ր, թիվ չի բերում, ուղղակի սեւ էկրան ա:

-Սեւ՞

-Հա՛ ապեր, ոչ մի բան չի բերում:

-Կներեք , որ հարցնում եմ , համակարգիչը միացրե՞լ եք:

-Հա ախպերս, վայ չէ չէ չէ՜, կներես ցավդ տանեմ, մենակ էկրանն էի միացրել…

Բաաաաաաաաա՜: Ուղղակի չեմ կարում մինչեւ հիմա հասկանալ այդ տղային: Ես կյանքում չէի հանդիպել մի մարդու, ով չի տարբերում անգամ միացված ու Չմիացված համակարգիչը: Խոստովանեմ , որ այսպիսի բան միայն միայն Զադորնովից կարող էի լսել:

Կան մարդիկ, որոնց համար ինտերնետը դա միայն «Սկայպն» է, կամ «Օդնոկլասսնիկը», կամ էլ՝ «Մեյլ ի խաղերը»…

Զանգերի իսկական տարափ էր լինում, երբ ժամանակավորապես խափանվում էր ինտերնետի աշխատանքը: Այդ պահին քեզ թվում է, թե աշխարհի վերջը եկել է, ու մարդիկությունը կործանվում է աչքիդ առաջ:

Քանի որ ինքս էլ չեմ սիրում երկար – բարակ հոդվածներ կարդալ, այքանով ավարտում եմ պատմությունս: Հուսով եմ այն ձեզ դուր եկավ: Իսկ նրանք, ովքեր սիրում են այսպիսի զավեշտալի պատմություններ, կարող են ինձ գրել, եւ ես մեծ հաճույքով կպատմեմ հազարավոր այսպիսի պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն եմ եղել հենց ես՝ Միքայել (miksentius) Մխիթարյանս:

Հ.Գ. Ինչքան էլ զայրանաս, ինչքան էլ չարանաս հաճախորդի վրա, մեկ է , նրան պետք է հարգե՛ս ու պահպանե՛ս, քանզի «Գոյություն ունի միայն մեկ տնօրեն,դա հաճախորդն է: Նա կարող է զրկել աշխատանքից բոլորին՝ գլխավորից մինչեւ շարքային՝ ծախսելով իր փողերը մեկ այլ վայրում» – Sam Walton (Wal-mart)

Էրդողանը իսկական ֆուտբոլային մարգարե է

Ընդամենը 4 ժամից սկսվում է մեզ համար ամենակարեւոր ֆուտբոլային մրցավեճը, եւ բոլորս կենտրոնացած ենք այդ խաղի վրա: Մեր հաղթանակի դեպքում մենք հայտնվում ենք 2րդ հորիզոնականում, իսկ այդ դեպքում մեզ հիմնական փուլ դուրս գալու համար անհրաժեշտ է հաղթել եւս մեկ մրցակցի: Իսկ թե ով կլինի մեր մրցակիցը, այն վորոշվում է վիճակահանության միջոցով: Գաղտնիք չէ, որ վիճակահանությունները հաճախ դասավորում են ըստ իրենց ուզածների: Եկեք վերլուծենք «Ա» խմբի մրցաշարային աղյուսակը:Իսկ թե իՆչու հենց «Ա» խումբը, դա պարզ կլինի ընթացքում:

«Ա» խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականը 27 միավորով բոլոր հարցերը մեկ տուր առաջ լուծել է բոլոր խնդիրները: 2րդ տեղով ընթանում է Բելգիայի հավաքականը, որն ունի 15 միավոր եւ այսօր արտագնա խաղ կանցկացնի առաջատար Գերմանիայի հետ: Հաղթանակի դեպքում կպահպանի իր դիրքը եւ կսպասի իր մրցակցին «Բ» խմբից: 3րդ տեղում է Թուրքիայի հավաքականը, որը 1 միավորով հետ է մնում Բելգիայի հավաքականից եւ «բախտի բերմամբ , թե պատահմամբ» այսօր կհանդիպի «փոքր եղբորը» ՝ Ադրբեջանի հավաքականին, որն արդեն նույնիսկ երազում չի տեսնում իրեն եզրափակիչ փուլում:

Այսքանից կարելի է մի հետեւություն անել. Քանի որ Բելգիան դժվար թե Գերմանիային հաղթի, ամենայն հավանականությամբ կանգնած է դուրս թռչելու եզրին: Իսկ Թուրքիայի համար ամեն ինչ ինչպես հեքիաթում է. փոքր եղբոր կողմից կստանա 3 միավորանոց նվեր, որն էլ թույլ կտա պայքարել ուղեգրի համար:

Այսքանից հետո պարզ է դառնում այն, որ UEFA-ն ամենայն հավանականությամբ կդասավորի վիճակահանությունը այնպես, որ Թուրքիան հանդիպի Հայաստանին, որպեսզի ճնշում ավելացնի Թուրքիայի վրա եւ ստիպի ՝ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել:

Էրդողանի մտավախությունը կամաց – կամաց իրականություն է դառնում, եւ նորից կսկվի Թուրքիայի վարչապետի համար անտանելի «Ֆուտբոլային դիվանագիտությունը»:

Դե ինչ, Մեր հավաքականին ցանկանում եմ միմիայն հաղթանակ, իսկ մյուս խմբի թիմերին էլ «Ախպերական հանդիպում» :Դ

«Հայաստան – Մակեդոնիա» խաղից հետո…

Սրտանց շնորհավորում եմ մեր հավաքականին դիտարժան ու գոլառատ ֆուտբոլ խաղալու կապակցությամբ եվ շնորհակալությունս եմ հայտնում մեզ անմոռանալի ուրախ, պահեր պարգրեւելու համար: Բոլորս տեսանք, թե մեր Տղերքը ինչ արեցին խաղադաշտում: Բոլորս ենք տոնում այս հաղթանակը, բաաաաաաաաաաաայց, մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր ՀԼԱ ԴԵՌ թերահավատորեն են մոտենում մեր ազգային հավաքականին ու ընդհանրապես ֆուտբոլին: Իսկ ինձ թվում է այդ մարդիկ անգամ իրենց են շատ ժամանակ թերագնահատում, ու այդպիսի մարդիկ երբեք էլ չեն կարող լավը ստեղծել ու լավացնել էն, ինչը որ ,ցավոք, վատ է, քանի որ այդ մարդկանց մտքին միմիայն փողերն են , որոնք մտնում էեն ուրիշների գրպանները,Սովետից® մնացած «բարի» հուշերը, եւ այլն… գումարած սերիալների վատ աղդեցությունը… Հիմա կհամոզվեք ինքներդ:

[Ինչպես միշտ]

- Ինչ կա՞ ազիզ:

-Իիիիիիիի՜, հեչ բան էլ չկա. գլուխս էրեկվանից պայթում ա…

-Խի՞, այ աղջի ջա՛ն

-Տո ես շատ գիտե՜մ… Երեկ  տունս սպորտզալ էին սարքել. Գագոյի ընկերներն էին եկել, Հայաստանի խաղն էին նայում: Տո՛ ասա ձեզ ինչ օգուտ, թե ով ում ա կրում. մեկ ա էդ փողերը սաղ իրանց ջեբերն ա գնում (նեղացկոտ տոնով):

- Էլ մի՛ ասա, մթոմ քիչ դարդ ունեինք, հմիկ էլ էս ֆուտբոլ ա ինչ զիբիլ ա, մեջ ա ընկել, մի 2 սերիալ էինք նայում, էդ ել են քթներիցս բերում:

- Աղջի ջաաաաաաաա՜ն, մենակ տենայիր, թե ինչ էին անում էս շաշ ու գիժ ժողովուրդը. դուրս էին եկել փողոցներն ու գժի պես գոռգռում էին…

- Լսում էի… ասա՝ ինչներիդ ա պեեեեեեեեեեեեեեեետք, ա՛յ պարապներ, ամեն ինչ խաղացել ենք , մնում ա ֆուտբոլը:

-Էնա Սերոժս էլ (էս էն նախորդ գրառմանս մեջի Սերոժն ա էլի :Դ) կպել ա , թե ֆուտբոլ եմ ուզում պարապեմ: Ասում եմ – «Ա՛յ տղաաա, սրանից լավ հոտ չի գալիս, թարգը տու՛ր, պարապմունքներիդ եդեւա՛, էգուց – էլօր, որ սրանք մեծացան, էդ վախտ բանի տեղ դնող չի եղնելու…» [ու տենց մի քանի րոպե խրատական...]

-Վու՜յ ազիզ, հետ պահե՛ք, էդ ֆուտբոլը ապագա չի, էս էն երկիրը չի, որ ֆուտբոլին տեղ տան: Սովետի ժամանակ էր , որ լավ էին նայում սպեորտսմեններին…

-Հմմմմ, ճիշտ էս ասում, հիշում եմ, որ քեռուս «ռոճիկը» բարձրացրել էին համամիութենական խաղերին հաղթելու համար…

-Էնաաաա՜, ինչ լավ բան արելա, էդ մենակ «Ռուսն» ա արել. հմիկ մենակ իրանց ջեբերն են լցնում…

 [Ու սենց պեսիմիստական, «տտտ-ռտտ» զրույցի բռնված հարեւանուհիները Հայաստան - Մակեդոնիա խաղի քննարկումներից հասան մինչեւ Իրաքի պատերազմ...իմ զահլեն էլ գնաց, որ ճիշտն ասեմ :Դ]

Հ.Գ. Ինչքան էլ զարմանալի են թվում այսպիսի անտրամաբանական ու հոռետեսական զրույցները, մեկ է ՝ այսպիսի զրույցներ կան ու բռնկվում են ամեն օր: Ցավալի է, բայց փաստ է:

Support Armenia

Վերջին օրերին «Միտինգացավով», «Անժելա Սարգսյանացավով», «Սարկոզիացավով», «Անլռելի ակցիայացավով» տառապող Հայաստանի Հանրապետության հարգարժան քաղաքացինե՛ր և ոչ միայն քաղաքացինե՛ր։ Բերե՛ք այսօր թողնենք վերը նշված «―ցավերը» և ազգովի աջակցենք մեր ազգային հավաքականին կայանալիք անչափ կարևոր ֆուտբոլային խաղին։

Եկե՛ք գոնե այս օրը ազգովի նվիրենք մեր

հայկական ֆուտբոլին։ Տղերքին այսօր ամենից

շատ մենք ենք պետք։

Հիշեցնեմ , որ այսօր ժամը 20։00 ին Երևանում հանդիպում են Հայաստանի և Մակեդոնիայի ազգային հավաքականները։ Հանդիպումն անց է կացվում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշրջանի խմբային մրցաշարի շրջանակներում։ Մեր հավաքականի հաղթանակի դեպքում մենք ստանում ենք Euro2012-ի ուղեգիր ստանալու իրական հնարավորություն։