Բլոգի Արխիվ

«Lav Eli»-ն Վանաձորում

Բարեւ, երեւի չկա մի Լոնդոնցի , ով չգիտի «Փինք Ֆլոյդ» խմբին, կամ չի հպարտանում դրանով, կամ էլ մի Լոս Անջելեսցի, ով

Գոռ Մխիթարյան

չգիտի «Մեթալլիկա» -ին ու տենց շարունակ:  Ճիշտ է այս 2 խումբը մոլորակի գանձերն են, բայց հենց իրենց քաղաքի բնակիչների համար մի ուրիշ զգացողություն է այդ խմբերի հանդեպ, քանի որ հենց իրենց քաղաքում են ստեղծվել այդ գիգանտները…

Մենք էլ՝ Վանաձորցիներս, նույնպես ունենք պարծենալու շատ բան: Դանցին մեկը հենց «Լավ Էլի» խումբն է: Շատ է պատահել , որ ինչ-որ մեկի հետ ծանոթանալիս երբ ասել եմ, որ Վանաձորից եմ, միանգամից ինձ հարցրել ա, թե արդյոք «Լավ Էլի», կամ «Որդան Կարմիր» խմբին գիտեմ, թե ոչ: Մի ուրիշ զգացողություն եմ ապրում այդ պահին, մի տեսակ դզում ա էդ պահին, որ ես Վանաձորցի եմ :Ճ

Իրոք մենք միշտ էլ ունեցել ենք լավ ռոք խմբեր: Մեզ մոտ միշտ առնվազն մի «շնչող» խումբ կա… Կարծես հերթափոխի պես գալիս ու գնում են…

Հիշում եմ Վանաձորի երկաթուղայինների այգու ակումբի համերգները, երբ շատ հաճախ տանը խաբելով էի գնում, քանի որ փոքր էի ու տանեցիք էլ չէին թողնում ռոք լսեմ :Ճ Բայց մեկ ա մի ձեւ համոզում էի ու գնում էի:

Անցան տարիներ, մեծացանք, կյանքը փոխվեց, կասետները դարձան դիսկեր, հետո  ֆայլեր, ամեն ինչ հասանելի դարձավ.  մի խոսքով, կյանքը դարձավ քիչ թե շատ անհետաքրքիր: Ու հիմա չեմ զգում էն ժամանակվա կայֆը, մաքրությունն ու ջերմությունը:

Մհեր Մանուկյան

Երեկ այդ ջերությունն ու մաքրությունը մի քանի ժամով ետ վերադարձան «Լավ Էլի»-ի օգնությամբ: Հայքի հրապարակում  մեր հին ու սիրելի ռոք խումբը մի քանի տարով ետ տվեց ժամանակը: Ցավոք, այդ էմոցիաները չեմ կարող տեքստի միջոցով փոխանցել: Ամեն ինչ հրաշալի էր: Չեմ հիշում ինձ այդպես ուրախ: Տենց կտրված չկայի երբեք:

Մի բան հասկացա, որ ոչ մի տեղ ու ոչ մի դեպքում ես այդ ջերմությունը չեմ զգացել ու էլ չեմ զգա: Մեր քաղաքում մեր քաղաքի ՄԵՐ, ՄԵՐ , ՄԵՐ սիրելի խումբն էր համերգ տալիս: Ամեն ինչ մերն էր, մերոնցական էր, հավես էր, ջերմ էր, բարի էր:

Շնորհակալ եմ տղերքից, որ գոնե մի քանի ժամով ետ ֆռցրին ժամանակները, պարգեվեցին էդ հին թվերի էմոցիաները, շնորհակալ եմ իմ կողքին, իմ շուրջբոլորը տժժացող էն մասսային, որի համար իրոք մեր ռոքն ամենալավն ա…Շնորհակալ եմ բոլորից, բոլորից լավ օր պարգեւելու համար…

Վերջում էլ առանց գովազդային ենթատեքստի նշեմ, որ մեզ այդ հիանալի համերգը նվիրեց «Բիբլոս» բանկը՝ իր վանաձորյան մասնաճյուղի 1-ամյակի կապակցությամբ:

Լուսանկարները՝ Վադրինե Գրիգորյանի

 

 

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Վերջերս տարածված լուրերի համաձայն հունիսի 19-ից թանկացել են Վանաձոր-Երեւան-Վանաձոր միկրոավտոբուսների գները՝ նախկին 1200 դրամի փախարեն դառնալով 1400 դրամ: Թանկացել է նաեւ մեկ այլ ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսի «Վանաձոր» ընկերության սպասարկման գները, մասնավորապես` «Հոնդա» մակնիշի մեքենայով Երեւան մեկնելու համար նախկին 1500-ի փոխարեն վճարը դառնալով 1800 դրամ:

«Հայավտոկայան» ընկերության Վանաձորի մասնաճյուղի պետ Սահակ Ռուբենյանը հաստատել է գների թանկացման լուրը, նշելով, որ նշված ուղղություններով երթուղի իրականացնող Վանաձորում` «Ոսկեթեւ» եւ Երեւանում գործող «Գասուռ» ՍՊԸ ընկերություններն ամիսներ առաջ դիմել են նախարարություն` գների թանկացման հարցով, իսկ հիմք ընդունվել է պահեստամասերի եւ վառելիքի գները. «Իրենք դիմել են, նախարարությունը որոշել է բավարարել նրանց խնդրանքը : Գների թանկացման հրամանը տրվել է սույն թվականի հունիսի 12-ին, կիրառության մեջ մտել հունիսի 18-ին:

Հունիսի 19-ին Վանաձորում ստեղծվել է երթուղու սակագների դեմ պայքարող «Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն: Խումբը մտահոգված լինելով Վանաձոր-Երեւան-Վանաձոր երթուղու գների բարձրացման խնդրով, իր համոզմունքն է հայտնում , որ ուղեվարձի բարձրացումը ուղղակիորեն ազդելու է բնակչության սոցիալական վիճակի վրա :

Դիմում ենք պատասխանատու մարմիններին վերանայել որոշումը :

« Դեմ ենք թանկացմանը » քաղաքացիական նախաձեռնություն

Լավ լուր Մոսկվայից՝ Որդան Կարմիրը հաղթեց

Ողջու՛յն,

Մի քանի րոպե առաջ մի շատ հաճելի եւ լավ լուր ստացա… «Որդան Կարմիր» ռոք խումբը Մարտի 14-ին (մի քանի ժամ առաջ) Մոսկվայի «PLAN B» ակումբում տեղի ունեցած «Emergenza» կենդանի երաժշտության միջազգային փաձատոնի 1/4 եզրափակիչ համերգում հաղթել է եւ անցել կիսաեզրափակիչ:

Համերգը շատ լավ է անցել: Խումբը հենց տեղում ստացել է Կիեւում համերգի հրավեր եւ 2 օրից մեկնում է Կիեւ: Հիշեցնեմ, որ Մարտի 20-ին Սանկտ Պետերբուրգի “VINYL STORY” ակումբում, իսկ Մարտի 21-ին Մոսկվայի “JAO-DA” ակումբում տեղի կունենան  խմբի մենահամերգները:

Տղաների տրամադրությունը շատ լավ էր, նրանք իրենց բարեւներն են փոխանցում բոլոր իրենց ճանաչողներին ու ընկերներին:

Խոստացան, որ շուտով նաեւ մեզ կուրախացնեն համերգի վիդեոներով ու նկարներով:

 

[jwplayer mediaid="780"]

AYF Camp Vanadzor 2011 (Վանաձոր ճամբար 2011)

9 կանադահայ երիտասարդներ այս տարի Վանաձորում կազմակերպեցին մի շատ հետաքրքիր ճամբար, որը վանաձորցի 50 երեխաների հնարավորություն տվեց ակտիվ հանգիստ կազմակերպել՝չհեռանալով քաղաքից։
Ճամբարի հիմնական նպատակն էր հնարավորին չափով ավելի մոտեցնել Հայաստանի և Սփյուռքի կապը։ Բացի այդ, չամբարում երեխաների համար կազմակերպվեցին անգլերենի, ֆրանսերենի և համակարգչային փոքրիկ դասընթացներ։
Ճամբարային օրերն անցնում էին անչափ հետաքրքիր գրաֆիկով։ Անց էին կացվում հետաքրքիր մրցույթներ, կազմակերպվում էին խաղեր, որոնց վերջում հաղթողները արժանանում էին գեղեցիկ մրցանակներով։
Մեծ ոգևորությամբ նշվեց «Վարդավառը»։Ճամբարի ընթացքում երեխաները սովորեցին տասնյակից ավելի հայրենասիրական երգեր և վերջում նվեր ստացան հայրենասիրական երգերի երգարան։

 Նկարները վերցված են «Վանաձոր ճամբար 2011»-ի բլոգից

Կամավորների մեջ կային ոմանք, ովքեր առաջին անգամն էին այցելում իրենց հայրենի երկիրը, և նրանց մոտ ավելի մեծ էր տպավորությունը։
Ցավոք այսօր մենք հրաժեշտ տվեցինք մեր եղբայրներին ու քույրերին, բայց նրանք մեզ խոստացան, որ ճամբարը կկրի ավանդական բնույթ։ Հուսանք, որ մեր քաղաքում այսպիսի ողջունելի միջոցառումները գնալով հաճախակի կլինեն։

Ճամբարի կազմակերպիչները

Բակային քամանչահար կամ էլ հերթական անուշադրության մատնված երաժիշտը

Մեր ազգային նվագարանների գոյատևման հեռանկարները գնալով հավասարվում են զրոյի, և իմ կարծիքով մի քանի տարի հետո մենք այլևս հնարավորություն չենք ունենա ունկնդրել մեր հրաշալի ազգային գործիքները` կենդանի հնչողությամբ:
Մեր երիտասարդության զգալի մասը չգիտես ինչու ամոթ և ոչ մոդայիկ է համարում լսել օրինակ աշուղական կամ հայկական ժողովրդական երաժշտություն և նախընտրում է արտասահմանյան Փոփ կոչված խառը-մառը երաժշտություն, կամ էլ ծայրահեղ դեպքում մի կերպ <<ես կասեի ձևի համար>> լսում է այն անհատների կատարումները, որոնց անունները մի քիչ շատ են շոշափվում էստեղ-էնտեղ: Ու դրա համար էլ մենք չենք կարողանում միջազգային ասպարեզում մեզ ցույց տալ բարձր մակարդակով: Ու բացի դա մեր ազգային գործիքները նվագող մարդիկ էլ ստիպված են լինում փողոցներում, բակերում, կամ լավագույն դեպքում ռեստորաններում նվագելով վաստակել օրվա մի կտոր հացը: Իսկ Խատուբայի պես խեղկատակների համար հատուկ ներդրումներ են անում, ալբոմներ են ձայնագրում ու և անգամ ՊՌԱԿՌՈՒՏԿԱ են անում:
Երեկ մեր բակում մի քամանչահար էր նվագում, ով համարյա թե բոլորիս հայտնի է իր հեզ ու բարի արտաքինով և հիասքանչ ձայնով: Սիրտս մի տեսակ լցվել էր.. լսում էի, թե ինչ հաճույքով էր նվագում ու երգում, ու ափսոսանքի զգացումից ներվայնանում էի:
Մի քանի րոպե նվագելուց հետո տեսնելով, որ մի քանի հարյուր դրամ հավաքվել է, խորը հոգոց հանեց և հեռացավ բակից` երեխաներից մեկին հանգիստ հարցնելով` <<Ну как старик поет?>>:
Հասցրեցի գոնե մի քանի րոպե նկարահանեմ, որպեսզի ցույց տամ բոլոր նրանց, ովքեր հլա դեռ ցանկանում են օգնել տաղանդավոր մարդկանց:

[youtube=http://www.youtube.com/watch?v=rjN22w1MOWc]

Այս մարդն էլ կուզենա լավ ապրել, ու մենք կարող ենք օգնել նրան, բայց ոչ թե գրոշներ սպրդելով, այլ հանրության ուշադրությունը մի փոքր շեղել դեպի այս մարդը:
ՎԵՐՋԱՊԵՍ ՆԱ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ: