Բլոգի Արխիվ

Ես, Թռչկանը, Քրիստոֆն ու «Մարսելյեզը»

Բարեւ,

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ Նոյեմբերի 3-ին ՀՀ վարչապետը կառավարության նիստում հայտարարեց Թռչկանի ջրվեժին հատուկ պահպանվող տարածքի ստատուս տալու մասին՝ վերջ դնելով բնապահպանական պայքարի այդ մասին: Այսօր մեր տարելիցն է: Թռչկանն իրոք մեծ հաղթանակ էր, չնայած որ մասշտաբները փոքր էին: Շնորհավորում եմ բոլոր «Թռչկանցնիներին» հաղթանակի առթիվ:

Այսօր ես եւ կանադացի Քրիստոֆը, ով նույնպես մեր խելքի մարդ է ու ժամանակին պայքարել ու մինչեւ հիմա էլ պայքարում է բնության ամեն մի մասնիկի համար Կանադայում, գնացինք Թռչկան: Քրիստոֆին անչափ հետաքրքրեց Թռչկանի դեպքը, քանի որ Կանադայում նրանք նույնպես պայքարում են հենց ՀԷԿ-ի կառուցման դեմ, որը կանադական կառավարությունը կառուցում է՝ էլեկտրաեներգիան տեղի հանքերից մեկին էժան վաճառելու համար:

Շատ լավ հիշողություններ արթնացան: Մտովի վերհիշում էի Չիչխանի ձորի յուրաքանչյուր մետրը: Ճանապարհին Քրիստոֆին պատմեցի շարժման ողջ ընթացքը: Շատ ուրախացել էր, որ մեզ մոտ հաջողվել էր անել այն, ինչ ցավոք իր երկրում դեռ չի ստացվում անել: Հիացած էր բնությամբ, ամեն քայլափոխի ցանկանում էր կադր վերցնել:

Ճանապարհին տեղի ունեցան մի քանի զվարճալի դեպքեր: Օրինակ մեզ հանդիպեց Շիրակամուտի (Նալբանդ) գյուղացիներից մեկը, ով ձորում գոմ էր կառուցում: Ցանկություն հայտնեց մեքենայով տանել, բայց քանի որ մեր հիմնական նպատակը քայլելն էր, մենք շնորհակալություն հայտնեցինք ու հրաժարվեցինք: Սակայն Ուստա Լալիկը խնդրեց, որ մենք հետդարձի ճանապարհին կանգ առնենք իր մոտ: Իհարկե համաձայնեցինք ու շարունակեցինք ճանապարհը: Արդեն ջրվեժ հասնելուն մի քանի հարյուր մետր էր մնում, երբ հանդիպեցինք «Հայանտառի» ներկայացուցիչներին, որոնց հետ նույնպես մի քանի բառ փոխանակեցինք: Պարզվեց, որ նրանք ծառ տնկելու մտադրություն ունեն եւ ուսումնասիրում էին տարածքը: Ճիշտն ասած այդ մարդիկ կասկածեցին Քրիստոֆի վրա :Ճ Պատճառը Քրիստոֆի ռուսերենի լավ իմացությունն էր: «А не слишком ли хорошо для канадца говоришь по русский?», -մեր զրուցակիցներից մեկը բազմանշանակ հարցրեց Քրիստոֆին :Ճ Իրանք մտածեցին, որ եթե կանադացին շատ լավ ռուսերեն գիտի, ուրեմն էդտեղ մի բան էն չի:  Վերջը…

Ջրվեժի մոտ ամեն ինչ կայֆ էր: Ինչպես միշտ մեր Չիչխանի գեղոցկուհին իր ողջ հմայքի մեջ էր: Ֆռֆռացինք, Քրիստոֆին ցույց տվեցի մեր ճամբարի տեղը, հետո իջանք ջրվեժի տակ, ոտքերներս դրեցինք ջրի մեջ. անտանելի սառն էր: Մի քիչ հմայվեցինք ու հետ եկանք:

Իհարկե, ինչպես խոստացել էինք, հետդարձին կանգ առանք Ուստա Լալիկի մոտ:  Կրակի մեջ խորոված կարտոշկա կերանք: Ալիկը պատմեց իր պլանների մասին: Գոմ էր սարքում, մեկ էլ հանգստանալու տեղ: «Я здесь хочу рай построить!» ,- այդպես կարճ ու կոնկրետ ներկայացրեց իր հզոր նպատակը: Լալիկը մեզ հյուրասիրեց իր խոստացածը ՝«Ախպերն ախպորը չի տա» թթի օղին: Խոսքեր չկան…շատ լավն էր: Նկարվեցինք իրենց հետ ու ճամփա ընկանք: Մնացած ճանապարհն արդեն օղու ազդեցության տակ էր, դրա համար մանրամասները չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ Քրիստոֆն օղու ազդեցության տակ մի քանի անգամ գոռալով «Մարսելյեզ» երգեց: Նենց որ  Ֆրանսիայի պետական հիմնը հնչեց նաեւ Չիչխանի ձորում :Ճ Կարդալ ավելին »

Սաֆարովն ու սեպտեմբերի 1-ը

Առաջին հայացքից անիմաստ մի վերնագիր, սակայն հենց այդ 2 բանի մասին էլ հենց կարելի ա կապակցված խոսք ասել:

Հայ սպային դաժանորեն սպանած ու ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած, Ադրբեջանի հերոս Ռամիլ Սաֆարովը

Բարի ուշ երեկո:

Ամռան վերջին օրն անցավ լարված մթնոլորտում՝ կապված 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում դաժանաբար (շակալի պես) սպանած Ռամիլ Սաֆարովի պատճառով, ով Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների «գործարքի» հետեւանքով տեղափոխվեց Բաքու եւ անմիջապես Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից ներում ստացավ: Հիմա, երբ ողջ ֆեյսբուքահայությունն ու թվիթերահայությունը ջղայնությունից չգիտի ինչ անի, եւ տարբեր հարթակներում քննարկում, քննադատում ու քֆրտում է Հունգարիայի, Ադրբեջանի կառավարության տարբեր պերսոնաժներին ու հատկապես անասուն մարդասպանին, ժամանակը շատ հանգիստ առաջ է ընթանում, եւ հիմա աչք գցելով օրացույցին՝ տեսնում ենք, որ արդեն Սեպտեմբերի 1-ն է՝ գիտության եւ կրթության միջազգային օրը:

Հիմա կիսվեմ ձեզ հետ, թե ինչի եմ ես կապում այս 2 իրադարձություններն իրար հետ: Այդ խառը քննարկումների մեջ, ես պատահմամբ ընկա ազերիների «կուպե», որտեղ փորձեցի հասկանալ, թե ինչի են իրենք այդքան ուրախ քնած մարդուն կացնահարած իրենց հայրենակցի ներման համար եւ ինչի են համարում հերոս, չէ որ դա իրականում թույլ մարդու արարք է: Եւ ստացա մի շատ կարճ ու կոնկրետ պատասխան… «Սաֆարովն ապրել է Ղարաբաղում, իսկ հայերն այն օկուպացրել են, վնասել են իր ընտանիքին, ինքն էլ վրեժ է լուծել»:

Այստեղից մի պարզ հետեւություն, որ ամեն ինչի հիմքում ընկած է այն, թե մեզ ինչ են սովորեցնում՝ սկսած ընտանիքներից, շարունակված դպրոցներով ու ԲՈՒՀերով: Այսօր փոքրիկները առաջին անգամ ոտք են դնելու դպրոց՝ գիր ու գրականություն, թվաբանություն սովորելու, հետագայում նաեւ պատմություն: Եւ այդ երեխաների ապագա հայացքները կախված կլինեն նրանից, թե ինչ պատմություն նրանք կսերտեն դպրոցներում, ինչպիսի պրոպագանդայի տակ կընկնեն: Ամեն ինչի հիմքում հենց ուսումն է ընկած: Սաֆարովն ու նրա հետ միասին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մանուկ հասակից սովորել ու սովորում են, որ հայերը խլել են իրենցից իրենց տարածքները, քշել են իրենց ընտանիքներին, սպանել են երեխաներին, բռնաբարել կանանց ու տենց շարունակ, իսկ այդ մարդկանց ուրիշ ինչ է մնում, եթե ոչ ատելությամբ լցվել մեր նկատմամբ ու ցանկացած հարմար պահի վնասելու մեզնից մեկին:

Ու համարյա անհնար է նրանց բացատրել, որ դա ամենեւին այդպես չէ: Դա ինձ ասաց հենց ազերիներից մեկը, ում հետ ես մտել էի անիմաստ վիճաբանության մեջ: «Քո ուզածն ինչ ա՞ ուզում ես ինջ հակառակը համոզե՞ս, չի ստացվի, նույնն էլ չեմ կարա անեմ ես քո պարագայում, Սաֆարովը մեզ համար հերոս է, ձեզ համար թշնամի, դա էդպես էլ լինելու  է…»

Դրա համար կոչ եմ անում այն մարդկանց ,ովքեր ուղղակիորեն , կամ անուղղակիորեն կապ ունեն երեխաներին կրթելու ու դաստիարակելու հետ. – «Ձեզնից ու մեզնից է կախված, թե մեր սերունդը հերոս կմեծանա, թե էլ չասեմ»: Եկեք այս հարցին շատ լուրջ նայենք: Ադրբեջանցիների թունավոր պրոպագանդան ծնում է Սաֆարովներ, բերե՛ք թույլ չտանք, որ մեզ մոտ էլ լինեն նման դեպքեր: Ատելութան ու անհանդուրժողականության մթնոլորտում կրթված մարդիկ հաստատ հետագայում կդառնան Սաֆարովներ: Սովորեցնենք նրանց ճանաչել թշնամուն ու բարեկամին, բայց նաեւ սովորեցնենք նրանց դեմ ճիշտ պայքար մղել…

Մի խոսքով, բարի ու խաղաղ ուսումնական տարի եմ ցանկանում բոլորին… Այս ամենը շատ մուխաննաթ խաղ ու փորձություն է մեր երկրի համար, որը պետք ա մենք խելքով անցնենք ու հաղթենք, այլ ոչ թե էմոցիաներով, կամ էլ եսիմ ինչով:

Այսօր Սաֆարովը դրսում է, անպատիժ է, բայց մեկ ա, մենք գիտենք, թե նա ով է, ու ադրբեջանական կառավարությունը էլ ավելի գցեց իր առանց այդ էլ ոչ բարի համբավը միջազգային հանրության առջեւ՝ հերոսացնելով փսիխ մարդասպանին: Վաղ թե ուշ նա կստանա իր արժանի պատիժը, ինչպես ժամանակին ստացան Թալեաթն ու մնացած անասունները: Աշխարհում անպատիժ մարդ չկա, բոլորն էլ մի օր կրում են իրենց պատիժը: Մեզ մնում է միայն լինել ուշադիր ու զինվել գիտելիքով ու խելքով:

Բարի գիշեր

Շնորհավո՛ր Մարտի 8

Սիրելի՛ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ՝ կանանց միջազգային տոնի կապկցու՛թյամբ :Ճ Ցանկանում եմ ձեզ երջանկություն, առողջություն, ամրություն ու աշխատասիրություն, անսահման սեր ու նման շատ ու շատ լավ բաներ: Իմ սիրելի քույրեր, ընկերուհիներ, բարեկամուհիներ ջա՛ն, սրտանց ձեզ ասում եմ՝ «ԵՍ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ»: Կյանքն առանց ձեզ նախ անհնար է, ու հետո անգամ եթե հնարավոր լիներ, ապա շատ տխուր ու անկապ կլիներ: Երկար-բարակ չեմ ուզում գրած լինեմ, քանի որ երկար-բարակ գրելու բան էլ չկա: Այն ինչ ցանկանում եմ, սրտիցս միանգամից ձեզ եմ փոխանցում առանց ավելորդ ու սիրուն բառերի: Պաչիկներ բոլորի՛դ:

Պայքար ջա՛ն, ծնունդդ շնորհավո՛ր

Բարեւ՛, այսօր գարնան առաջին օրն է՝ բնության ամենահրաշք եղանակներից մեկը, երբ ամեն ինչ նորից կյանք է առնում, զարթնում է ձմեռային քնից:

Բայց ինձ համար այս օրը կրկնակի ուրախություն է պատճառում, քանի որ այսօր իմ ամենալավ ընկերներից մեկի՝ Պայքարի ծննդյան օրն է: Թող ինձ ներեն այն բոլոր ընկերներս, ում ծննդյան օրվա առթիվ ես բլոգումս չեմ փոսթում: Պայքարի մասին վաղուց էի մտածում գրել, անգամ մի փորձ արել եմ, բայց մի քիչ հումորի մեջ :Ճ Հիմա կփորձեմ մի քիչ ավելի լուրջ ներկայացնել ընկերոջս, ով այսօր դարձավ 21 տարեկան, ինչի առթիվ էլ ես սրտանց շնորհավորում եմ:

Ես Պայքարի հետ ծանոթացել եմ 7 տարի առաջ, ու մինչ օրս մենք անգամ չենք վիճել, ինչը չեմ կարող փաստել մյուս ընկերներիս հետ կապված: Նա իմ ամենաօպտիմիստ, ուրախ, միշտ պատրաստ ընկերն է: Պայքարին տեսնելիսես ինչ տրամադրությամբ էլ լինեմ, մեկ ա, ամեն ինչ փոխվում ա 5 րոպեից, քանի որ նրա աուռան ստիպում ա ուղղակի մոռանալ ամեն վատ բանի մասին, կամ էլ հիշել վատը, բայց միայն դեպի լավը ելք գտնելու համար: Հիմա կմտածեք, թե նա ցանցառի մեկն ա :Ճ : Միանշանակ կասեմ, որ ոչ: Այդքան ուրախության հետ միասին նրա ներքին աշխարհը ցավոք երբեմն շատ մռայլ ա լինում, բայց դա ոչ մեկ չի նկատում: Հենց դրանում էլ կայանում ա նրա ունիկալությունը:

Ես նրա հետ կիսվում եմ գրեթե ամեն ինչ՝ այն, ինչ մյուս ընկերների հետ չեմ կիսվում: Պայքարի ներշնչած վստահությունը ստիպում ա բացվել մինչեւ վերջ: «Պատերն երբեմն խաբար կտանեն, բայց Պայքարը՝ ո՛չ»: Դրա հետ մեկտեղ, նա միայն լսողի դերում չի՝ նա նաեւ շատ լավ խորհրդատուներից է ինձ համար:

Մյուս պլյուսը, որ Պայքարն ունի, դա նրա աշխատասիրությունն ու նպատակասլացությունն է: Ընկերս զրոյից սկսեց, ինչպես մեծ լեգենդները, ու համոզված եմ, որ կհասնի իր ուզածին:

Պայքարը նաեւ սիրողական լուսանկարիչ է: Վերջերս բացեց իր բլոգը, որն իր ունիկալությամբ ու լավատեսությամբ սիրվում է գրեթե բոլորի կողմից: «Պայքարի բալկոնի» (այդպես ա բլոգի ունիկալ անունը) թարմացումներին անհամբերությամբ սպասողների շարքերում նաեւ ես կամ:

Մի խոսքով՝ ընկերոջս մասին ինչքան ասեմ, կասվի: Անսպառ կարամ գովեմ :Ճ: Բայց կուզենայի նշեմ նրա մինուսներից մեկը՝ Պայքարը ոչ մի կերպ չի համաձայնվում գալ Ֆեյսբուք: Եսիմ, միգուցե դա պլյուս ա, բայց դե մեկ ա, առանց Պայքարի մի տեսակ լավը չի ՖԲ-ն: Հուսով եմ ժամանակի ընթացքում կփոշմանի, կգա:

Մի քիչ տխրել եմ , որ նա մի քանի օրից հեռանում ա երկրից:  «Որդան Կարմիր» -ով գնում են Մոսկվա՝ մասնակցելու ռոք ֆեստիվալի: Ու եթե ամեն ինչ լավ լինի, իսկ ես հուսով եմ, որ հենց տենց էլ կլինի, նրանք երկար ժամանակով հեռու կլնեն մեզանից, բայց կուրախացնեն մեզ՝ իրենց ելույթներով արտերկրից:

Վերջում նորից Շնորհավորում եմ իմ ընկերոջ ծննդյան օրը, մաղթում լիքը-լիքը առողջություն, երջանկություն, հաջողություն… ու տենց: Իսկ ձեզ բոլորիդ ցանկանում եմ, որ Պայքարի նման ընկեր ունենաք՝ դա իսկապես բախտավորություն ա…

Happy Birthday my best friend!!!

Բանակն արդեն մեծ տղա է դարձել․․․

Դու զինվոր ե՛ս , դու կարեւոր ե՛ս։ Շատ սիրուն ու ճիշտ խոսքեր են։ Հանրային ալիքով հենց հիմա «Գեներալի աղջիկ» սերիալն ա գնում։ Սերիալի տեսարաններից մեկն էր, երբ գեներալը զինվորներից մեկի հետ ճաշարանում զրուցում է ու ոգեւորիչ խրատներ է տալիս։ Այնքան հետաքրքիր ու սիրուն էր խոսում այդ գեներալը, որ մի պահ ընկել էի երանությունների գիրկը․ ինձ պատկերացնում էի հզոր երկրի հզոր բանակում։ Բայց հանկարծ մի պահ հիշեցի Նախագահականի դիմաց ցույց անող Մայրերին, ու միանգամից հետ եկա ռեալ կյանք ու հասկացա, որ Հ1-ի «զակազնոյ» սերիալներից մեկն ա․․․

 Դե, քանի որ վաղը մեր Ազգային բանակի քսանամյակն է, ես էլ որոշեցի մի 2 բան գրել տոնի կապըկցու՛թյամբ (շեշտադրմանն ու բառի հեղինակային իրավունքը՝ Տիգրան Սարգսյանի ։Ճ)։

 Նախ շնորհավորում եմ մեր տղաներին, իրենց մաղթում առողջություն ու անվտանգություն, որն այս պահին ամենակարեւորն է։ Նրանց ծնողներին, հարազատներին ու ընկերներին, այդ թվում նաեւ ինձ, ցանկանում եմ անսահման համբերություն, ուժ ու կամք։ Հայրենի սահմաններին խաղաղություն եւ «անզեն» կյանք՝ որքան հնարավոր է։ Իսկ ղեկավարությանն էլ՝ խիղճ, պատասխանատվության զգացում, սրտացավություն, խելք, դիվանագիտական լավ հմտություններ, մի խոսքով, այն ամենն, ինչ բացակայում է․․․․

 Սերիալի մեջի գեներալը մի շատ լավ խոսք ասեց – «Բանակը պատիժ կրելու տեղ չի, զինվորը 2 տարի ապրում ա , այլ ոչ թե պատիժ ա կրում»։ Ինչքաաաաաաան կուզենայի, որ սենց լիներ, ինչքաաաաան կուզենայի, որ այս սերիալը հենց իրենք՝ սպաները նայեին։ Միգուցե լսեին կինոյի գեներալին։ Այն ինչ հիմա է կատարվում , անթույլատրելի է, անհանդուրժելի։ Այսպիսի անպատժելիության մթնոլորտ, այպիսի խառը-մառը իրավիճակ, այսքան վատ-վատ դեպքեր ուղղակ ի անթույլատրելի են այն բանակի համար, որը որ ներկայացնում են տարբեր իշխանական ամբիոններից։ Այն բանակի մասին , որի մասին լսում ենք հենց ղեկավարության կողմից, երազում են Ամերիկան, Ռուսաստանը, տո հենց Թուրքիան ու Ադրբեջանը․․․ Համոզված եմ, որ վաղը էլի կխոսան մեծ-մեծ, էլի կդնեն կգովան, էլի գլուխները բարձր կկանգնեն, բայց հենց տեղը կգա, որ մահացած զինվորների մասին մի 2 բան ասեն,այդ ժամանակ նորից կլռեն, կամ էլ թեմաները կփոխեն։

 Այն ամենը, ինչ իրականում կատարվում ա ,մենք դա չենք տեսնում, ոչ էլ լսում ենք։ Մենք միայն պատվերով կինոներ ենք նայում, պատվերով համերգներ ենք լսում, պատվերով մարդկանց խոսքեր ենք լսում։ Պրոպագանդում են զենք,պատերազմ, կռիվ, ու մի շարք սենց բաներ։ ԲՈՒՀ-երից բանակ են տանում՝ թույլ չտալով նորմալ կրթություն ստանալ։ Երկրից հեռանալու համար ստիպում են տոմսիդ պատճենը տալ զինկոմներին․․․Մանկապարտեզից բռնցրած տարբեր միջոցառումներով զենքի պաշտամունք են իրականացնում՝ անունը դնելով «Հայրենասիրական դաստիարակություն»․․․ Մի խոսքով, չեմ ուզում բողոքեմ շատ։ Միայն մի բան կասեմ։ Ծառայել եմ , զգացել եմ , տեսել եմ ու լսել եմ այն ամենը, ինչը չի մատուցվում այսօր հասարակությանը, այսինքն ինձ եւ ձեզ․․

Իսկ վերջում, տոնին ընդառաջ կուզեմ մի քանի բառ ուղղել այն մարդկանց, ովքեր պատասխանատու են այն ամենի համար, ինչ կատարվում է բանակում՝

 «Երկուշաբթիից ուրբաթ «Աննայի» ժամին նոր բազմասերիանոց ֆիլմ՝ «Գեներալի աղջիկը», դիտե՛ք ԱՌՌՌԱՋԻՆ ԱԼԻՔՈՎ»։ Գուցե ֆիլմից մի 2 լավ բան ընդօրինակեք ու հասկանաք, որ լավ բան չեք անում։ Մեկ ա մի օր գալու ա , որ հասկանալու եք ամեն ինչ, բայց այդ ժամանակ ուշ կլինի։ Դրա համար քանի շուտ ա խելքի եկե՛ք ու ապրե՛ք ըստ ձեր «զակազ» տված սցենարների։

Հ․Գ․ Ամեն ինչ չի , որ զենքի ու կռվի հաշվին կարելի է հասնել։ Խաղաղություն մեզ եւ մեր բանակին։

[jwplayer mediaid="700"]

 

Տեսանյութի հեղինակ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ