Բլոգի Արխիվ

Վանաձոր – Երեւան ՝ հեծանիվներով

Բարեւ՛: Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես ես ու ընկերս՝ Բակուր Քոչարը, հեծոներով հասանք Երեւան՝ մասնակցելու հեծանիվների առաջին կայանատեղիի բացմանը եւ «Հեծանիվ + » – ի ժողովրդի հետ Երեւանի փողոցներով պտտվելու համար:

Նախ ուրեմն սկսեմ նրանից, թե ինչպես ծագեց այդ խելագար միտքը: Խելագար, քանի որ ողջամտությունն այդ պահին թույլ չէր տա գիշերվա 3 – ին ճանփա դուրս գալ այն դեպքում, երբ հեծանիվդ կահավորված չի ոչ մի տեսակի լուսարձակներով, դու չգիտես, թե երբ եւ որտեղ ինչ կպատահի այդ ժամին,  յուրաքանչյուր վայրկյան կարող ես ենթարկվել թափառաշրջիկ շների, ինչ-որ վատ մտադրություններով լի ուղեղով մարդկանց, ինչու չէ նաեւ գայլերի անսպասելի հարձակմանը, էլ չեմ ասում ավտոմեքենաների հետ հնարավոր բախումների մասին… եւ այլն:

Ուրոմն ամսի 7-ի գիշերն էր, երբ ընկերս ասաց ,որ ուզում է գնալ Երեւան՝ հեծանիվների կայանատեղիի բացմանը մասնակցելու: Ես էլ որոշեցի միանալ իրեն, բայց կային որոշ խնդիրներ՝ կապված տրանսպորտի հետ: Երկար քննարկելով գնալու բազմաթիվ տարբերակներ՝ մենք պատահական կանգնեցինք հեծանիվներով գնալու տարբերակի վրա: Ու այդ գիժ գաղափարից հետ կանգնել չէր լինի: Մի քանի րոպեի ընթացքում ամեն ինչ պատրաստեցինք ու ճանապարհ ընկանք:

Որ ճիշտն ասեմ, սկզբում մի քիչ վախ ու լարվածություն կար, բայց քանի գնում, էնքան ավելի էր մեծանում Երեւան հասնելու ցանկությունը: Մի ուրիշ զգացողություն ա , երբ դու մենակ ես փողոցում, կռուգոմ մութ ա , ու ոչ մեկ քեզ չի խանգարում: Ու էդ ամեն ինչը միախառնվել էր իրար, ու էներգիան խեղդում էր մեզ: Այ տենց մի շնչով հասանք մինչեւ Սպիտակ: Սպիտակում մի քիչ սով զգացվեց, կանգնեցինք մի փռի մոտ, լավաշ գնեցինք, կերանք մի քիչ ու նորից ճամփա:

Եւս մի քանի կիլոմետր, ու արդեն զգացվում էր գիշերվա մթության ճնշող ուժը: Դրանից էլ սկսեց հոգնածությունն ու նաեւ մի քիչ հիասթափություն: Բայց արդեն էլ ինչ հետ կանգնել, արդեն մոտ 40 կմ եկել էինք ու եթե անգամ որոշեինք հետ գնալ, դա կստացվեր եւս 40 կմ, իսկ դա արդեն նշանակում էր, որ միմիայն առաջ, քանի որ եւս 40 կմ առաջ գնալով մենք կհասնեինք համարյա Աշտարակ: Որոշեցինք մի քիչ քայլելով գնալ: Արդեն լուսանում էր, ու տրամադրությունն էլ ինքնաբերաբար բարձրանում էր: Մոտ մի ժամ դանդաղ քայլելուց հետո հասանք մեզ հայտնի «перевал»-ներին: Անչափ ցուրտ էր. հաստատ 0-ից ցածր էր, ու էդ ցրտին քշելն արդեն մի քիչ խելքին մոտ չէր, քանի որ մոտ 7 կմ անընհատ բարձրանալը նշանակում է վերջ տալ ամեն ինչին եւ մնալ հենց այդտեղ: Չէինք ցանկանում ամբողջ ուժը վատնել այդ մի քանի կմ-ի վրա եւ որոշեցինք դիմել “автостоп” տարբերակին:  Մեզ օգնության հասավ տարիքով մի մարդ՝ իր “УАЗ” մակնիշի մեքենայով եւ մեզ հանեց վերեւ եւ հասցրեց մինչեւ Ապարան (10 կմ):

Քանի որ մեզ էլ չէր սպառնում մինուսային ջերմաստիճանը, մենք հրաժեշտ տվեցինք այդ մարդուն եւ նորից ճանապարհ ընկանք: Մի տեսակ զարմանալիորեն հեշտ էինք ու արագ էինք ընթանում Ապարանից հետո: Չնայած որ բարձրանում էինք, բայց թեթեւ էինք զգում մեզ: Մի խոսքով Ապարանից մինչեւ Աշտարակ մենք չքշեցինք, այլ սլացանք: Կայծակնային արագությամբ անցանք այդ 25կմ-ը, կարծես նոր էինք տնից դուրս եկել: Աշտարակում արդեն ամեն ինչ պայծառ ու արեւոտ էր: Թեթեւացրինք հագներիս եղածը, մի քանի նկար արեցինք ու նորից ճամփա ընկանք: Ճանապարհի այդ վերջին հատվածը ուղղակի հաճելի զբոսանքի վերածվեց: Առաջին անգամն էր, որ այդքան մեծ երթեւեկության մեջ էի հեծանիվ քշում: Հեռաքրքիր էր պատահած ամեն բան:

Երեւան մտնելու պահն ամենահիշարժանն էր ինձ համար, երբ ես գոռացի «Yeaaaaaaaaaaaaaaaaaaaaaah!!! Ստացվեեեեեեեեեեեց, մենք դա արեցինք, ՈՒռաաաաաա…»: Երեւանի մեջ արդեն զգուշությունը կրկնապատկվեց, քանի որ առաջին անգամն էի երթեւեկում մեծ փոխոցներով ու խառը – մառը թրաֆիկով:

Վերջապես հասանք մեր վերջին կանգառին՝ «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոց, որտեղ որտեղ հավաքվել էին «Հեծանիվ +» հ/կ -ի հեծանվորդները եւ պատրաստվում էին ուղեւորվել դեպի ԵՊՀ՝ բացելու հեծանիվների առաջին կայանատեղին: Մեզ տեսնելուց իհարկե զարմացան բոլորը. անսպասելի էր բոլորի համար մեզ տեսնել հեծանիվներով: Բոլորին բարեւելուց ու մի քանի բառ փոխանակելուց հետո բոլորով ճամփա ընկանք:  Մոտավորապես մի 25 հոգանոց շարասյունով հաճելի «զբոսանք» արեցինք Երեւանի մի քանի փողոցներով, մտանք նաեւ Մաշտոցի այգի: Այգում դեռ շատ մարդ չկար այդ պահին, միայն ոստիկաններ ու բանվորներ էին: Նկարվեցինք այգում ու շարժվեցինք դեպի ԵՊՀ, որտեղ մեզ էր սպասում հեծանիվների կայանատեղին: Հանդիսավոր կերպով բացեցինք կայանատեղին, մի քիչ մնացինք այնտեղ ու հետ եկանք:«Առագաստ» սրճարանի կողքի այգում մի քիչ հանգստցանք, կերանք «Հեծանիվ +» ի հյուրասիրած պոնչիկները եւ նորից եկանք Մաշտոցի այգի: Այգին արդեն մարդաշատ էր: Մի խոսքով, երկար բարակ չպատմեմ ամեն վայրկյանը,  քանի որ այգում միշտ նույն կայֆ ու հավեսով մթնոլորտն է, եթե ուզում եք զգալ ու վայելել, ապա գնացեք  ու միացեք այն մարդկանց, ովքեր շուրջ 2 ամիս է պայքարում են այգու համար:

Այդ օրը մեզ իր տանը հյուրընկալեց մի շատ լավ ընկեր՝ Արթուրը, ում մեր կողմից մեծ շնորհակալություն՝ հյուրասիրության ու ջերմ դիմավորելու ու ճանապարհելու համար:

Այս ճանապարհորդությունը ինձ մեջ ավելացրեց վստահությունը՝ սեփական ուժերի նկատմամբ: Ցույց տվեց, որ անհնարին ոչ մի բան չկա. ուղղակի մեծ ցանկություն է պետք: Իմ մեջ ջարդվեց եւս մի «Չեմ կարող»: Լիքը- լիքը դրական էմոցիաներով լցրեց ներսս: Մնացածին էլ առիթ տվեց նախանձելու, ոգեւորվելու, զարմանալու ու հիանալու:Չեմ փոշմանել, որ գնացել եմ այս քայլին ու ավելի հեռուն գնալու մտքեր են առաջացել, որոնց մասին կիմանաք շուտով ու լավ կլինի, որ նաեւ միանաք:

Ահա եւ եկավ վերջն իմ պատմության, եւ քանի որ ամեն մի բանի ավարտ մի այլ բանի սկիզբ է, ես ձեզ խոստանում եմ նորանոր արկածներ:

Նկարեց Բակուր Քոչարը

Հեծանիվ վարելը հանաք բան չի…

Բարեւ՛,  ես մեր քաղաքում այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով իր հիմնական տրանսպորտը համարում է հեծանիվը: Ավտոմեքենա ունեցել եմ, բնականաբար այն վարելու հնարավորություն էլ հետը, բայց նենց մի տեսակ չի ձգել ավտոմեքենան: Զարմանում են բոլորը, որ 24 տարեկան եմ, բայց ավտոմեքենա վարել չգիտեմ: Ասեմ, որ գիտեմ, բայց վարելու փորձ մեկ էլ ճանապարհային երթեւեկության կանոնների իմացություն չունեմ, որոնք մեքենա վարել իմանալուց հազար անգամ կարեւոր են:

Մի խոսքով, հլա դեռ չեմ ցանկանում ավտոմեքենայի անցնել, ասեմ ավելին, մենք ավտոմեքենան 1 ամիս առաջ վաճառել ենք՝ ավելի կարեւոր հարցեր լուծելու համար: Համ էլ մեր փոքր քաղաքի համար հեծանիվը շատ հարմար է ու առողջարար: Դրա համար էլ ես տեղից տեղ շարժվելու համար օգտվում եմ հեծանիվից: Բայց ասեմ, որ մեր փողոցներով հեծանիվ քշելը ավելի բարդ է, քան պարանի վրայով քայլելը: Քանի որ հեծանիվների համար բացակայում են գոնե մինիմալ պայմանները, գումարած մեր հարգարժան մեքենա վարողների ագրեսիվ ու շատ անգամ վիրավորական վերաբերմունքը հեծանվի ու հեծանվորդի նկատմամբ: Կապ չունի, թե դու այդ պահին խանգարում ես հետեւիցդ եկոց մեքնեային, թե ոչ, մեկ է , նա պետք ա մի հատ «սիգնալիտ» անի՝ կարծես ասելով՝ «ինչ մի մեյդան ես ընկել, իմ սեւ սրտին, քո 2 ակին :Ճ»: Ես էլ ամեն տենց մի բանից մի խոսք եմ արտասանում, անգամ հարմարացնում ու ձեռքով եմ հասկացնում, որ ես էլ կարամ մուննաթ գամ ու դաժե մի բան էլ ավել…

Ես էլ էդ ամեն ինչից զայրացած դրեցի ու ուսումնասիրեցի «Ճանապարհային երթեւեկության կանոնները», հատկապես հեծանիվներին ու հեծանվորդներին վերաբերվող հոդվածներն ու կետերը: Ու հիմա կկիսվեմ ձեզ հետ՝ փորձելով նաեւ խորհուրդներ տալ:

*Ճանապարհային երթեւեկության կանոններ

Նախ հիշեցնեմ ՃԵԿ* ի հիմնական դրությների 3-րդ կետի մասին, ըստ որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է  տրանսպորտային  միջոցների  աջակողմյան երթևեկություն : Սրա մասին բոլորս գիտենք, բայց հարկ եմ համարում հիշեցնել այն, քանի որ հետագա կետերում պետք ա գալու:

ՃԵԿ ում օգտագործվող տերմիններից մեկը «Հեծանիվն» է, որն ունի հետեւյալ բնորոշումը՝

Երկու և ավելի անիվ ունեցող տրանսպորտային միջոց (բացի հաշմանդամային սայլակները), որը շարժման մեջ է դրվում դրանց վրա գտնվող մարդկանց մկանային ուժի օգնությամբ։  Այո, այո, մկանային ուժի օգնությամբ, այսինքն, դուք հեծանվորդ եք հանդիսանում այն ժամանակ, երբ այն քշում եք, իսկ երբ դուք ուղղակի քաշում եք հեծանիվը, այդ ժամանակ դուք հանդիսանում եք որպես «Հետիոտն»:

ՃԵԿ ի 2-րդ կետը վերաբերվում է վարորդների պարտականություններին, եւ ըստ  դրա 2.5 ենթակետի հեծանիվները, ինչպես նաեւ մոպեդները եւ լծասայլակները պետք է վարել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով։ Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին։ Հեծանվորդների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ։ Խմբերի վազանցը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80 – 100մ։

Որպես ծանոթություն – Հեծանիվ վարել թույլատրվում է 14 տարին լրացած անձանց:

Նույն կետի 2.6 ենթակետի համաձայն խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին։ Սա շատ կարեւոր է, քանի որ մեր քաղաքում շատ կան այդպիսի ճանապարհային փոխհատումներ:

2.8 կետով պայմանավորված է այն, ինչ հեծանվորդներին արգելվում է՝

-   երթևեկել աոանց ղեկը բռնելու.

-   փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).

-   փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն կամ եթե բեռը ավելի քան 0,5մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը երկարությամբ կամ լայնությամբ.

-   հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել ճանապարհով. (չկան այդպիսի հրաշք արահետներ :Ճ)

-   կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին։

Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կաոուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների։

Հետիոտների պարտականությունները սահմանող 3-րդ կետի առաջին ենթակետի համաձայն բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց։ 


4-րդ կետը վերավերվում է Լուսացույցերին (սվետաֆոր), բայց ցավոք սրտի այն ինչ հիմա կգրեմ, մենք չունենք, ուղղակի կարող է ձեզնից մեկը լինի այնպիսի մի հրաշք երկրում, կամ քաղաքում, որտեղ կան այդպիսի լուսացույցեր՝

Կախված գործածման նպատակից՝ լուսացույցները կարող են լինել տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար, իսկ ազդանշանները, իրենց հերթին, կարող են լինել կլոր, սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքի և «X»–աձև։

4.5. Եթե լուսացույցի ազդանշանը հետիոտնի (հեծանիվի) ուրվապատկերի տեսքով է, ապա նրա գործողությունը տարածվում է միայն հետիոտների (հեծանվորդների) վրա։ Այս դեպքում կանաչ ազդանշանը թույլատրում է հետիոտների (հեծանվորդների) երթևեկությունը, իսկ կարմիրը՝ արգելում։

 Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացված չափերով կլոր ազդանշաններով լուսացույց` ստացված սպիտակ գույնի 200 X 200մմ չափերի ուղղանկյուն ցուցանակով հեծանիվի սև գույնի պատկերով։

7-րդ կետի, որով սահմանվում են Երթեւեկության սկիզբը եւ շարժման ուղղության փոփոխությունը, 3-րդ ենթակետ՝

Մերձակա տարածքից ճանապարհ մուտք գործելիս վարորդը պետք է զիջի ճանապարհը դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին և հետիոտներին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ հետիոտներին և հեծանվորդներին, որոնց երթևեկության ուղին հատում է։

Խաչմերուկների անցումը կարգավորող 12-րդ կետի հենց առաջին կետի համաձայն աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել շրջադարձի կողմի երթևեկելի մասը հատող հետիոտներին և հեծանվային արահետով շարժվող հեծանվորդներին։ (արահետ եմ ուզում :Ճ)

Ըստ 15-րդ կետի «Ավտոմայրուղի» մեկ էլ «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշագրով ճանապարհներով հեծանիվների երթեւեկությունն արգելվում է:

18-արտաքին լուսացին սարքերի եւ ազդանշանների վերաբերյալ կետը «գլասիտ» – Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող հեծանիվների վրա պետք է լինեն լապտերներ, կամ լապտերիկներ:

Հավելված 3՝ Հիմնական դրույթներ (պայմաններ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է տրանսպորտային միջոցների շահագործումը): Սրա 6-րդ ենթակետի համաձայն հեծանիվը պետք է ունենա սարքին ղեկ, արգելակ և ձայնային ազդանշան, առջևից կահավորված լինի սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից՝ նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով։

Այսքանը կարողացա առանձնացնել հեծանիվների ու հեծանվորդների վերաբերյալ:Իմ կարծիքով այսքանը իմանալով ու կիրառելով նախ հնարավորինս անվտանգ կդարձնենք մեր այդքան սիրելի հեծանվով երթեկելը, կխուսափենք օրենքը խախտելուց եւ հարկ եղած դեպքում արժանի պատասխան կտանք մեր իրավունքները խախտելու փորձ անողներին: Հուսով եմ սա կօգնի ձեզ:

Վերջում էլ մի քանի բան մեզ՝ հեծանվորդներիս, այդքան չսիրող ավտոմեքենաների հարգելի վարորդնե՛րին: Հարգելինե՛րս, մի՛ մտածեք որ մենակ դուք իրավունքներ ունեք փողոցում, հարգե՛ք հեծանվորդներին եւ ընդունեք հեծանիվը որպես նույնպիսի տրանսպորտային միջոց, ինչպիսին հենց ձեր վարած ավտոմեքենաներն են: Մի՛ մտածեք, թե հեծանիվ քշելը դա մանուկ ժամանակվա զբաղմունքն է: Դրանից կարող է նեղանալ օրինակ Շվեցարիայի պաշտպանության նախարարը ու նրա նման շատ ու շատ պաշտոնյաներ տարբեր երկրներում, ովքեր հրաժարվում են ի պաշտոնե տրված ծառայողական մեքենաներից եւ գործի են գնում հեծանիվներով:

Հ.Գ. Հեծանիվ վարելը հանաք բա չի: Նախ նրա համար, որ լիքը կանոններ պետք ա իմանաս, հետո էլ նրա համար, որ ի տարբերություն ավտոմեքենաների՝ հեծանիվները 2 անիվ ունեն, այլ ոչ թե 4, կամ ավելի :Ճ

Առողջ եղե՛ք

Առողջ ապրելակերպ, մաս 2-րդ (իմ հեծանիվը չի, բայց դե սիրում եմ․․․)

Ես անցած 2011-ի ընթացքում շատ լավ մարդկանց հետ եմ ընկերացել, որոնք իրենց մեծ դերն ունեն իմ կյանքում կատարվող լավ ու օգտակար փոփոխություններին։ Նրանցից շատ-շատ շնորհակալ եմ։ Նրանցից շատերի հետ ծանոթացել եմ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ում, որի անդամ եմ ու իրան շատ եմ սիրում (սա PR չէ, այլ այն , ինչ ես եմ մտածում ։Ճ) ։

Հիմա կասեք դա ինչ կապ ունի առողջ ապրելակերպի հետ։ Ասեմ՝

ՀԿ-ում ես ծանոթացա ու ընկերացա Բակուր անունով մի «կայֆոտ» անձնավորության հետ։ Հետաքրքիր ու բարեսիրտ մի տղա, ով մի շատ դիֆիցիտ նախասիրություն ունի․ հեծանիվ քշել ա սիրում։ Հա՛ հա՛, մի՛ զարմացեք, էդպիսի մարդիկ էլ կան, ընդ որում քիչ, բայց որակով ։Ճ ։ Նա հիմնել է մի շատ լավ ակումբ , որը կոչվում է «Ես սիրում եմ իմ հեծանիվը»։ Հաճելի է ու լավ, որ գոնե այդպիսի ակումբներ էլ կան մեր փոքր ու տաղտկալի քաղաքում (խոսքս Վանաձորի մասին է՝ ի գիտություն)։ Հա ասեմ, որ հեծանիվը մի մեեեեեեեեեեեեծ «դեֆեկտ» ունի․ որ մեկ քշում ես, էլ չես ուզում ուրիշ բան անես, մի տեսակ դա էլ ա կախվածության պես բան։ Բայց դե չես համեմատի ծխելու հետ։ Ես ընկա հեծանիվից կախվածության մեջ, երբ 2011-ի վերջին օրը հեծանիվներով բացիկներ էինք բաժանում մարդկանց։ Շատ «կայֆ» ու ինչպես մեր Լուն կասեր, «COOL» էր։

Այսօր ես անց կացրեցի կյանքիս միակ օրը, որի ժամանակ ես միմիայն հեծանիվով եմ տեղաշարժվել, ինչպես մյունսերը հասարակական տրանսպորտով ու մեքենաներով։ Բայց դե համեմատելու բան չէ․ քշողը կզգա, չքշողը որտեղի՞ց զգա․․․ Շատ հաճելի օր էր, ես ու ընկերս՝ Բակուրը, ամբողջ քաղաքը տակնուվրա արեցինք, քշեցինք մինչեւ «լեզուներս կախ ընկավ»․․․ անգամ նկարներ արեցինք (Ասեմ, որ Բակուրը նաեւ սիրողական լուսանկարիչ է, սա էլ իր բլոգը)

։[slideshow]

Հ․Գ․ Մի խոսքով Նոր տարվա կենացն իրականացել է․ Ես ԱՌՈՂՋ ու ԵՐՋԱՆԻԿ եմ, ինչը եւ Ձեզ եմ ցանկանում, սիրելի Ընկերներ ջա՛ն։ Սկսե՛ք զբաղվել ձեր առողջությամբ, քանի դեռ այն չի «փախել» ձեզնից։Իհարկե նաեւ մի՛ մոռացեք պահպանել բնությունը։