Բլոգի Արխիվ

Նամակ Արմենին (23.12.2006)

Բարեւ,

Այսօր ամենամոտ ընկերներիցս մեկը՝ Արմենը, իր սենյակում գտել է  մի նամակ, որը ես իրեն եմ ուղարկել, երբ 6 ամսվա

Մեհրաբի զորամասը (2006 – 2008) – Մոս Աթյան

ծառայող էի: Անցել է 6 տարի, ու այսօր կարդալուց ինքս ինձ վրա զարմանում եմ, միթե ես եմ գրել սա: Շատ եմ ուրախանում, որ հնից մի բան ա պատահական գտնվում ու լավ հուշեր ա արթնացնում: Այս նամակը դրանցից մեկն ա: Մի պահ վերհիշեցի էդ թվերը, Ռոքի հանդեպ ունեցած ֆանատիզմը, բանակային ահավոր լեքսիկոնն ու լիքը-լիքը էլի բաներ: Մի խոսքով, կարդացեք խնդրեմ, բայց շատ չխնդաք :Ճ՝

Բարեւ հայոց rock մասսային

especially (հատկապես)

Մեր ախպոր հարմար ախպեր, հավեսով հնգեր Արմենին

Բարեւ ախպերս, ո՞նց ես, քեֆ-հալ ախպեր ջան: Ախպեր կներես, որ էս 6 ամսմ քեզի չեմ գրել, ուղակի լոմկեն ու զբաղվածությունս թույլ չեն տվել, որ գրեմ: Սրանից հետո հնգեր ինչքան ձեւ ըլնի պտի վիզ դնեմ, գրեմ: Դե ազիզ իմ մասին ի՞նչ ասեմ, մի բանի անունը, որ ծառայություն ըլնի, ինչ պռտի ըլնի, մի «տուուուու» կյանք:

Ուրեմն ասեմ քեզ էս 6 ամիս ա էսօր, ինչ ծառայմ եմ (մոտավորապես 180 – 190 օր), էդքան ծառայությունից երեւի մի կես ժամ էլ չի եղել, ինչ rock եմ լսել, դե դու ուժե պատկերացրու, թե ինչ վիճակում եմ ես: Ծառայությունս ֆսսմ ա (անցնմ ա, թռնմ ա…) չեմ զգացել, թե ոնց ա էս 6 ամիսն անցել: Սկզբում էտ ա գիդես Բերդի չաստմ էի ծառայում (4ամիս), էտի ախպեր մի «***» տեղ ա, ծառաելու տեղ չի [մի քանի նախադասություն հանված է]: Հետո ախպեր պերեվոդ արին Բերդից մի 50 կմ հեռու մի ուրիշ չաստ, անունը Մեհրաբ, մի հատ չոլ ա, ոչ մի մարդկություն, տուն, կամ էդ կարգի բաներ, վոբշմ, եթե մեր չաստի շինությունները չլնեն, կասես երեւի ինչ աշխարհը ստեղծվել ա, ըստեղ մարդ ոտք չի դրել: Բայց ախպեր թույն չաստ ա, կայֆավատ ա, ամեն ինր լավ ա, ոբշմ տնեցիք ասած կլնեն, որ մուզզվոդ եմ ծառայմ (барабаншик) եմ ախպեր, գնդի ամենակայֆավատ տեղն եմ ծառայմ:

Հա մոռացա ախպեր, մուզզվոդից առաջ 14 օր պոստ (սահման) եմ պհել [մի քանի նախադասություն հանված է]: Ստեղ հետս ծառայող լիքը Կիրովականցի (զեմ) կա: Դաժե հետս մի հատ ծառայող կա, ով 6 ամիս Quake – ի հետ ա ծառայել:

Ազիզ դե էլ ինչ ասեմ իմ մասին, ըտենց առանձնապես բան էլ չկա ասելու ջոգմ ես: «Լոքշ» լռվցնմ եմ:

Հմիկ ախպերս անցնեմ քո վերջին ղրգած նամակիդ պատասխանելուն: Ընդեղ էտ ա գրել էիր, որ վերջին զանգիդ ուզմ եք նվագեք-մվագեք: Նվագեք ախպեր, լավ բան եք որոշել, ընդեղ մի բառաբանշիկ ճարեք, թող յոլլա տանի:

Արմենչո ջան ընձնից քեզ խորհուրդ, պարապի, վիզ դիր, որ ընդունվես, թե չէ բանակ գալը հեչ պետք չի: Տղերքին բարեւի սաղին՝ Էդգարին, Գուգոյին, Պայքարին, DJ – ին, Պրիմուսին, վոբշմ էլ չասեմ: Ազիզ մի քիչ էլ դիմացեք, մարդին օտպուսկ կգամ, սաղ լավ կլնի… Մյուս նամակին աշխտի Ա. – ի մասին մի քանի բան գրես, եթե ձեւ ունես:

Ախպերս էտ ա Նոր տարի ա գալիս, կարող ա ձեւ չլնի զանգելու, սաղիդ Նոր տարները շնորհավոր: Լսի, ուրեմն էս նամակը ում հետ հետ որ ուղարկմ եմ էլի հետ ա գալիս մի 5, կամ 7 օրից (ամսի 27-ին կամ 29-ին): Մերոնց հետ կապի մեջ կլնես, հմիկ քեզնից մի քանի բան եմ խնդրմ, որ էտ տղու հետ ուղարկես՝

1. SOAD- System of a down, Steal this album, Mesmerize, Hypnotize

2. Tool – Lateralus

3. Korn – Take a look in the mirror

4. Pink Floyd – Echoes

Էսքանը CD-ներով, մեկ էլ նաուշնիկ: Ախպեր էդքանը սազդավատ էս անմ ու մերոնց էս տալիս, որ էտ տղու հետ ուղարկեն: Ինձ թվմ ա, որ պադվադիտ չես անի: Էտի ուղարկի, որ ախպերդ բանակում կայֆավատ ըլնի: Էլ ինչ ասեմ ախպեր, լավ ըլնես, rock-ից հետ չկանգնես, մեկ էլ չմոռանաս, լավ պարապի, ընդունվի, որ էս տարի ու կեսը գլորեմ ու գամ, որ կայֆավատ ըլնենք….

Such a lonely day

And it’s mine

The most lonliest day in my life.

Because I am away from you all now.

23.12.2006

Վերջում մեկ-երկու պարզաբանում՝

1. Այն ժամանակ մեր զորամասում բջջային կապ բռնում էր միայն սարի ծայրին, դրա համար էլ նամակ գրելը հլա չէր վերացել, մի տեղ անգամ ես ուրախ եմ, որ նամակ էլ եմ հասցրել գրել: Դրանից հետո նոր ամեն ինչ զարգացավ նաեւ այնտեղ, ու վերացավ նամակ գրելու սովորույթը:

2. Ես, Արմենը եւ Պայքարը էդ ժամանակ տարված էինք ռոք խումբ ստեղծելու գաղափարի վրա: Lousnelius-ը նոր ստեղծված՝ ես գնացի բանակ: Իսկ Արմենենք շարունակեցին:

3. Ա -ն իմ սիրած աղջիկն էր, պայմանական տառ, չխորանաք…

4. Նշածս CD-ները ինձ հասան Դեկտեմբերի 29-ին, ու հիմա պարզ հիշում եմ, թե ինչպիսի ագահությամբ էի լսում….Հիշում եմ, տղերքը բոց էին արել, CD-ներից մեկի մեջ որպես Բոնուս մի հատ ռաբիզ երգ էին գցել :Ճ

5.Արտատպել եմ այնպես, ոնց-որ նամակի մեջ է եղել, միայն մի քանի նախադասություն՝ ի լավություն Ձեզ հանված է :Ճ

Dexter – ի սերիական մարդասպանները

Բարեւ,

Դեքստեր (Dexter) սերիալի մասին կարելի է անդադար խոսել ու գրել: Շատ բան կա ասելու, սակայն որոշեցի սկսել հենց սերիալին հիմնական դրայվ տվող կերպարներից՝ սերիական մարսասպաններից, որոնք մեկը մյուսին հաջորդելով լարվածության մեջ են պահում դիտողին: Գնացինք՝

1. Սառցե մարդասպանը (The ice truck killer)

Կեղծված անունը՝ Ռուդի Կուպեր, իրականում Բրայան Մոուզեր: Դեքստերի եղբայրը: Սերիական մարդասպան, ով սպանում էր մարմնավաճառների, արնաքամ էր անում եւ փաթեթավորված տեղադրում Մայամիի տարբեր մասերում: Սպանվում է Դեքստերի կողմից:

2. Մսավաճառը Բեյ Հարբորից (The Bay Harbor Butcher)

Նույն ինքը՝ Դեքստեր Մորգանը: 2 գանձ փնտրողներ օվկիանոսի հատակից գտնում են Դեքստերի զոհերի մարմինների մասերը՝ սեւ տոպրակների մեջ փաթաթված: Մայամիի ոստիկանությունը մարդասպանին տալիս է «Մսավաճառը Բեյ Հարբորից» կեղծանունը: Ի ուրախություն Դեքտերի՝ Սերժանտ Դոքսի մոտ հայտնաբերում են այն տուփը, որում Դեքստերը պահում էր իր զոհերից վերցրած արյան նմուշները եւ կարծում են, թե հենց նա է «մսավաճառը»: Իսկ «Անանուն թմրամոլների» ակումբում Դեքստերի խնամակալ Լայլան հայտնաբերում է Դոքսին՝ գերի ընկած մի տան մեջ եւ իմանալով, որ Դեքստերն է հենց իրական «մսավաճառը», պայթեցնում է այդ տունը: Այսպիսով վերջնականապես փակում են «մսավաճառի» գործը՝ հաստատելով Դոքսին որպես մարդասպան:

3. Մորթեգործ (The Skinner Killer)

Ջորջ Քինգ՝ այգեգործ, ով մշակում էր արմավենիներ: Նա իր զոհերից պոկում էր մաշկի հատվածներ: Սպանում էր նրանց, ով մոտ էր թմրանյութ վաչառող Ֆրիբոյին, ով իրեն փող էր պարտք: Ոստիկանությունը սկզբից մտածում էր, թե իրականում Ֆրիբոն է հենց «մորթեգործը», բայց Դեբրան նկատում է, որ բոլո զոհերի տան մոտակայքում արմավենիները մշակված են լինում եւ այդպես սկսում են կասկածել հենց Քինգի վրա: Սակայն մինչեւ ոստիկանությունը հասնում է Քինգին, Դեքստերն արդեն նրան գտնում ու սպանում է ու երկրորդ հարկից գցում ոստիկանական մեքենայի վրա՝ սարքելով իբր Քինգը մահանում է մեքենայի վրա ընկնելուց հետո:

4. «Եռյակ» մարդասպանը (The Trinity Killer)

Դաշնային բյուրոյի (FBI) հատուկ գործակալ Լենդին թոշակի անցնելուց հետո նորից այցելում է Մայամի մի մարդասպանի հետքերով, ով ըստ իր վարկածի՝ սպանում է հատուկ ցիկլով՝ բաղկացած 3 զոհերից (աղջիկ, 2 երեխաների մայր կին, 50նն անց տղամարդ): Դրա համար էլ նրան անվանում է «Եռյակ»: Դեքստերը շատ արագ պարզում է, որ մարդասպանը Արթուր Միտչելն է՝ ուսուցիչ, օրինակելի ընտանիքի հայր, ով ժամանակ առ ժամանակ մեկնում է կամավորական շինարարության: Դեքստերը մոտիկանում է Արթուրի հետ՝ ներկայացնելով իրեն որպես Քայլ Բաթլեր: Փորձում է հասկանալ, թե ինչպես է նման մարդասպանը կարողանում լավ ընտանիք ունենալ ու ապրել նորմալ կյանքով: Այդ ընթացքում Լենդին գլխի է ընկնում «եռյակի» հերթական սպանության վայրը, իսկ դրա դիմաց նա պատահմամբ հանդիպում է Արթուրին ու նրա շփոթվածությունից կասկածում է նրա վրա: Լենդիի ու Դեբրայի վրա կրակում են, որից Լենդին մահանում է: Հետագայում պարզվում է, որ դա Արթուրի աղջիկն է արել՝ փորձելով օգնել հորը:

Ընթացքում պարզ է դառնում, որ Արթուրը իրականում սպանում է 4-ական ցիկլով. առաջին զոհը լինում է 10 տարեկան տղա, ում նա միշտ թաղում է շինարարության բետոնի մեջ, դրա պատճառով էլ ոչ մի անգամ չեն գտնում առաջին զոհերին: Դեքստերը վերջին երեխային փրկում է: Պարզ է դառնում Արթուրի սպանելու իրական պատճառները. նա 10 տարեկան հասակում քրոջը լողանալուց թաքուն նայելուց է լինում, քույրը տեսնելով իրեն, վախից սայթաքում է եւ ջարդված ապակու կտրվածքից մահանում է: Մայրը ինքնասպան է լինում դրա համար, իսկ հայրը միշտ հալածելիս է լինում Արթուրին՝ մեղադրելով քրոջ ու մոր մահվան մեջ: Արթուրը նրան էլ է սպանում: Այսպիսով ամեն անգամ սպանելով Արթուրը «բեմադրում » է իր հետ կատարվածը: Ի վերջո Դեքստերին հաջողվում է սպանել Արթուրին, սակայն Արթուրի հետ հաշիվները մաքրելուց հետո տուն վերադառնալով հայտնաբերում է կնոջը՝ Ռիտային, սպանված լոգարանում, իսկ երեխային՝ արյան «լճի» մեջ նստած: Ռիտան դառնում է Արթուրի վերջին զոհը:

5. «Խումբը» (The Barrel Girls Case)

5 մակնական ընկերներ, որոնք մարմնավաճառներին տանջանքների են ենթարկում, բռնաբարում, սպանում եւ վերջում նրանց մարմինները տեղադրելով ֆարմալինով լի թիթեղյա տարրաների մեջ՝ գցում են ճահճի մեջ: Նրանց առաջին զոհը լինում է դպրոցական ճամբարում: Նրանց լիդերը Ջորդան Չեյզն է՝ հայտնի հռետոր, ով հենց դրդում է մնացածին բռնություններ կիրառել այդ աղջիկների վրա: Վերջին՝ 13-րդ աղջկան հաջողվում է ողջ մնալ. նրան փրկում է Դեքստերը տղաներից մեկի՝ Բոյլ Ֆաուերին սպանելու ժամանակ: Լյումենը (13-րդը) օգնում է գտնել մնացածին եւ սպանել: Նրանցից մի քանիսին սպանում է հենց ինքը՝ Լյումենը:

6. Ահեղ դատաստանի օրվա մարդասպանը (The Doomsday Killer)

Մայամիում հայտնվում է մի մարդասպան, ով սպանում է հատուկ սցենարով. ամեն սպանություն վերցված է «բացահայտումների գրքից» եւ խորհրդանշում է դատաստանի օրվա գալուստը: Կասկածներն ընկնում են աստվածաբանության պրոֆեսոր Գելլարի վրա, սակայն հետագայում Դեքստերը պարզում է, որ Գելլարի օգնական համարվող Տրեվիս Մարշալը 3 տարի առաջ սպանել է Գելլարին եւ պահում է եկեղեցու նկուղում գտնվող սառնարանի մեջ: Իրականում հենց ինքն էլ կատարում է բոլոր սպանությունները: Դեքստերը մի քանի խորամանկ քայլերով ոստիկանությանը շեղում է ճիշտ ուղուց, որպեսզի ինքն անձամբ սպանի Տրեվիս Մարշալին: Պարզվում է, որ վերջին «բեմադրությունը» տեղի է ունենալու Մայամիի երկնաքերներից մեկի վրա, որտեղ «ընտրյալները» գառնուկի հետ պետք է հետեւեն արեւի խավարմանը: Ոստիկանությունը հսկողություն է սահմանում բոլոր երկնաքերների տանիքներում: Գառնուկի փոխարեն Տրեվիսը Դեքստերի տղային է վերցնում որպես զոհ, սակայն Դեքստերին հաջողվում է վնասազերծել Տրեվիսին եւ փրկել տղային: Տրեվիսը նույնպես դառնում է Դեքստերի հերթական զոհը:

Այսքանը Դեքստերի 6 եթերաշրջանների ընթացքում հայտնված սերիական մարդասպանների մասին: Սա դեռ բոլորը չէ, քանի որ էպիզոդային շատ մարդասպաններ ու չար դեմքեր են հանդիպում, ես ընտրել էի գլխավորներին:

Խորհուրդ եմ տալիս դիտել, ով չի դիտել, շատ բան է կորցրել…

RSS կապոցները (RSS bundles) Google reader -ում

Բարեւ,

Գործի բերումով, կամ հետաքրքրությունից դրդված՝ մենք ամեն օր գործ ենք ունենում բազմաթիվ կայքերի, սոց ցանցերի ու բլոգների հետ: Հաճախ անգամ  տհաճ է լինում ամեն անգամ հավաքել այդքան կայքերի հասցեները եւ հերթով այցելել՝ թարմացումներին հետեւելու համար:

Այդքանից խուսափելու համար ստեղծվել են RSS հոսքերը, որոնց կարելի է բաժանորդագրվել, հավաքել մի տեղ՝ ագրեգատորների մեջ, եւ այդտեղից հետեւել միանգամից բոլոր կայքերի թարմացումներին:

RSS-ի մասին երկար չխոսելու համար առաջարկում եմ կարդալ այս հոդվածը , որտեղ մանրակրկիտ բացատրվում է թե ինչ են իրենցից նեկայացնում դրանք, եւ ինչպես օգտվել դրանցից:

Հիմա ես կխոսեմ հայտնի RSS ագրեգատորներից մեկի՝ Google Reader – ի ֆունկցիաներից մեկի մասին, որը կոչվում է RSS bundle (Հոսքերի կապոց): RSS կապոցը թույլ է տալիս մի քանի RSS հոսքեր միացնել իրար եւ վերջում ստանալ դրանց ընդհանուր մեկ այլ RSS հոսք:

Օր՝ Ես հետեւում եմ հայկական լրատվական կայքերից tert.am, emedia.am, lurer.com, mediamax.am, panarmenian.net կայքերին RSS հոսքերի միջոցով: Այս ֆունկցիան ինձ թույլ կտա մեկ միասնական հոսք ստեղծել այս բոլոր կայքերի համար: Կամ պատկերացնենք, թե ձեր ընկերներից մեկը շատ է սիրում հանդբոլ եւ ցանկանում է հետեւել նորություններին: Նրան օգնելու համար դուք կարող եք նրա համար հավաքել մի քանի լրատվական աղբյուրներ, որոնք տալիս են հանդբոլի մասին նորություններ, միացնել, դարձնել մեկ կապոց եւ տալ իրեն…

Հիմա ցույց տամ, թե ինչպես կարելի է ստեղծել RSS կապոց…

Նախ պետք է ունենալ Google հաշիվ (account), որպեսզի  Google reader-ը ձեզ համար հասանելի լինի: Google reader-ի եւ նրա հիմնական մի քանի ֆունկցիաների մասին իմանալու համար խնդրում եմ կարդալ այս հոդվածը, որտեղ մանրամասն ցուցադրված է, թե ինչպես ավելացնել հոսք եւ ինչպես դրանք համախմբել ֆոլդրների ու թեգերի միջոցով:

Վերեւի նկարում տեսնում ենք Գրիդերի ընդհանուր տեսքը, որի ձախ մասում գտնվում են մեր բաժանորդագրված հոսքերը, իսկ աջ մասում դրանց թարմացումները: Կարմիրով նշվածն իրենից ներկայացնում է Հոսքերի պնակ (folder), որի մեջ ներառված են հայկական մի քանի լրավականների հոսքեր: Հենց այս հոսքերն էլ «կկապենք» իրար:

Պնակի անվան վրա մկնիկը պահելիս դրա աջ մասում հայտնվում է փոքրիկ սլաք (կարմիր նշում 1): Դրան սեղմելուց հետո բացվում է կոնտեքստային մենյու, որտեղ կա «Create a bundle» (ստեղծել կապոց) (կարմիր նշում 2): Սեղմելուց հետո կբացվի հետեւյալ պատուհանը, որտեղ պետք է խմբագրել կապոցի անվանումը, բնութագիրը եւ հոսքերի ցուցակը՝

Ահա պատրաստ է մեր հայկական լրատվականներից կազմված կապոցը՝

Հիմա տեսնենք, թե ինչ կարելի է անել մեր կապոցի հետ՝

  1. Այն կարելի է ուղարկել փոստի միջոցով [նկար]
  2. Ստեղծել վահանակ որեւէ կայքում կամ բլոգում տեղադրելու համար [նկար]
  3. Ուղղակի վերցնել հասցեն (Link) եւ ավելացնել որեւէ կայքում, կամ բլոգում [նկար]
  4. Ներբեռնել OPML ֆայլը եւ օգտագործել անձնական սերվերներում:

Ահա եւ ամբողջ պատմությունը: Մի բան էլ, երբ կստեղծեք արդեն ձեր սեփական RSS կապոցները, խնդրում եմ կիսվեք նաեւ ինձ հետ, ես հաճույքով դրանք կկարդամ: Իմ էլ փոստը՝ miksentius@live.com

Կիսվում եմ նաեւ իմ մի քանի լրատվական կապոցներով՝

Հայկական լրատվականներ | Միջազգային լրատվականներ (English) | Միջազգային լրատվականներ (Русский)

 

 

Գնում եմ հայրենիքից + (Գոռ Մխիթարյան – Ես ու իմ հայրենիքը)

Բարեւ,

Արդեն 4 տարի է, ինչ Հայաստանից գնալու միտքն ինձ հանգիստ չի տալիս, ժամանակ առ ժամանակ այդ ցանկությունն

A better Life

“A better life”

ահագնանում է ու հասցնում համարյա վճռական քայլերի, բայց չգիտես ինչու մի բան անպայման պատահում է, ու ես ետ եմ կանգնում այդ որոշումից: Բայց այս անգամ կարծես ամեն ինչ վերջացած է: Հայաստանում ապրելն արդեն ինձնից շատ բան ա խլում:

Տանը խնդիրներ՝ կապված զբաղվածության հետ, դրսում խնդիրներ՝ շրջապատի ու իմ մտածելակերպի ու հետարքրությունների ահավոր տարբերության հետ կապված, գումարած օրեցօր ավելի վատացող իշխանությունները, այն էլ մինիմում մի 10 տարի ոչ մի դրական փոփոխության հույսի բացակայությամբ ու տենց շարունակ:

Հասկանում եմ, որ գնալուց հետո ամեն ինչ արքայական չի լինելու, ու ամեն ինչ զրոյից սկսել կա, հազար ու մի պրոբլեմ, բայց մի շատ կարեւոր բան կա՝ փոփոխության հույս, հույս որ մի բան կփոխվի կյանքումս… Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի…Այս տրամադրությունների  մեջ Գոռ Մխիթարյանի (Lav Eli)այս երգը անփոխարինելի ա… Ներքեւում դնում եմ երգն ու բառերը՝

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Ես ու իմ հայրենիքը

Պատճառ չգտանք նեղվելու իրարից,

Ես ու իմ հայրենիքը

Հանգիստ սրտով բաժանվեցինք:

Դեռ կգա ժամանակը կարոտի,

Երբ ես կուզեմ տանիքն իմ հայրերի,

Բայց մինչ կգա պահը վերադարձի,

Թողե՛ք վայելեմ աշխարհն այս օտարի:

 

[կրկներգ]

Ծեր հայրենիք՝ հոգնած բոլորից,

Իր պատմության նեխահոտ էջերից,

Արված-չարված կիսատ գործերից,

Որ կարող էինք անել, բայց ուզում ենք քնել:

 

Ես ու իմ հայրենիքը

Պահանջ չզգացինք բողոքել իրարից,

Ես ու իմ հայրենիքը

Ոչինչ չունեինք իրար ասելու:

Երկինքը կապույտ ամեն տեղ է կապույտ,

Հողը խոնավ ամեն տեղ է խոնավ,

Բայց երբ կգա պահ վախճանի,

Տարեք ինձ այնտեղ, ուր ես եմ ծնվել:

[կրկներգ] x2

 

Սաֆարովն ու սեպտեմբերի 1-ը

Առաջին հայացքից անիմաստ մի վերնագիր, սակայն հենց այդ 2 բանի մասին էլ հենց կարելի ա կապակցված խոսք ասել:

Հայ սպային դաժանորեն սպանած ու ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացած, Ադրբեջանի հերոս Ռամիլ Սաֆարովը

Բարի ուշ երեկո:

Ամռան վերջին օրն անցավ լարված մթնոլորտում՝ կապված 2004-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում դաժանաբար (շակալի պես) սպանած Ռամիլ Սաֆարովի պատճառով, ով Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունների «գործարքի» հետեւանքով տեղափոխվեց Բաքու եւ անմիջապես Ադրբեջանի նախագահ Ալիեւի կողմից ներում ստացավ: Հիմա, երբ ողջ ֆեյսբուքահայությունն ու թվիթերահայությունը ջղայնությունից չգիտի ինչ անի, եւ տարբեր հարթակներում քննարկում, քննադատում ու քֆրտում է Հունգարիայի, Ադրբեջանի կառավարության տարբեր պերսոնաժներին ու հատկապես անասուն մարդասպանին, ժամանակը շատ հանգիստ առաջ է ընթանում, եւ հիմա աչք գցելով օրացույցին՝ տեսնում ենք, որ արդեն Սեպտեմբերի 1-ն է՝ գիտության եւ կրթության միջազգային օրը:

Հիմա կիսվեմ ձեզ հետ, թե ինչի եմ ես կապում այս 2 իրադարձություններն իրար հետ: Այդ խառը քննարկումների մեջ, ես պատահմամբ ընկա ազերիների «կուպե», որտեղ փորձեցի հասկանալ, թե ինչի են իրենք այդքան ուրախ քնած մարդուն կացնահարած իրենց հայրենակցի ներման համար եւ ինչի են համարում հերոս, չէ որ դա իրականում թույլ մարդու արարք է: Եւ ստացա մի շատ կարճ ու կոնկրետ պատասխան… «Սաֆարովն ապրել է Ղարաբաղում, իսկ հայերն այն օկուպացրել են, վնասել են իր ընտանիքին, ինքն էլ վրեժ է լուծել»:

Այստեղից մի պարզ հետեւություն, որ ամեն ինչի հիմքում ընկած է այն, թե մեզ ինչ են սովորեցնում՝ սկսած ընտանիքներից, շարունակված դպրոցներով ու ԲՈՒՀերով: Այսօր փոքրիկները առաջին անգամ ոտք են դնելու դպրոց՝ գիր ու գրականություն, թվաբանություն սովորելու, հետագայում նաեւ պատմություն: Եւ այդ երեխաների ապագա հայացքները կախված կլինեն նրանից, թե ինչ պատմություն նրանք կսերտեն դպրոցներում, ինչպիսի պրոպագանդայի տակ կընկնեն: Ամեն ինչի հիմքում հենց ուսումն է ընկած: Սաֆարովն ու նրա հետ միասին հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մանուկ հասակից սովորել ու սովորում են, որ հայերը խլել են իրենցից իրենց տարածքները, քշել են իրենց ընտանիքներին, սպանել են երեխաներին, բռնաբարել կանանց ու տենց շարունակ, իսկ այդ մարդկանց ուրիշ ինչ է մնում, եթե ոչ ատելությամբ լցվել մեր նկատմամբ ու ցանկացած հարմար պահի վնասելու մեզնից մեկին:

Ու համարյա անհնար է նրանց բացատրել, որ դա ամենեւին այդպես չէ: Դա ինձ ասաց հենց ազերիներից մեկը, ում հետ ես մտել էի անիմաստ վիճաբանության մեջ: «Քո ուզածն ինչ ա՞ ուզում ես ինջ հակառակը համոզե՞ս, չի ստացվի, նույնն էլ չեմ կարա անեմ ես քո պարագայում, Սաֆարովը մեզ համար հերոս է, ձեզ համար թշնամի, դա էդպես էլ լինելու  է…»

Դրա համար կոչ եմ անում այն մարդկանց ,ովքեր ուղղակիորեն , կամ անուղղակիորեն կապ ունեն երեխաներին կրթելու ու դաստիարակելու հետ. – «Ձեզնից ու մեզնից է կախված, թե մեր սերունդը հերոս կմեծանա, թե էլ չասեմ»: Եկեք այս հարցին շատ լուրջ նայենք: Ադրբեջանցիների թունավոր պրոպագանդան ծնում է Սաֆարովներ, բերե՛ք թույլ չտանք, որ մեզ մոտ էլ լինեն նման դեպքեր: Ատելութան ու անհանդուրժողականության մթնոլորտում կրթված մարդիկ հաստատ հետագայում կդառնան Սաֆարովներ: Սովորեցնենք նրանց ճանաչել թշնամուն ու բարեկամին, բայց նաեւ սովորեցնենք նրանց դեմ ճիշտ պայքար մղել…

Մի խոսքով, բարի ու խաղաղ ուսումնական տարի եմ ցանկանում բոլորին… Այս ամենը շատ մուխաննաթ խաղ ու փորձություն է մեր երկրի համար, որը պետք ա մենք խելքով անցնենք ու հաղթենք, այլ ոչ թե էմոցիաներով, կամ էլ եսիմ ինչով:

Այսօր Սաֆարովը դրսում է, անպատիժ է, բայց մեկ ա, մենք գիտենք, թե նա ով է, ու ադրբեջանական կառավարությունը էլ ավելի գցեց իր առանց այդ էլ ոչ բարի համբավը միջազգային հանրության առջեւ՝ հերոսացնելով փսիխ մարդասպանին: Վաղ թե ուշ նա կստանա իր արժանի պատիժը, ինչպես ժամանակին ստացան Թալեաթն ու մնացած անասունները: Աշխարհում անպատիժ մարդ չկա, բոլորն էլ մի օր կրում են իրենց պատիժը: Մեզ մնում է միայն լինել ուշադիր ու զինվել գիտելիքով ու խելքով:

Բարի գիշեր