Վանաձոր – Երեւան ՝ հեծանիվներով

Բարեւ՛: Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես ես ու ընկերս՝ Բակուր Քոչարը, հեծոներով հասանք Երեւան՝ մասնակցելու հեծանիվների առաջին կայանատեղիի բացմանը եւ «Հեծանիվ + » – ի ժողովրդի հետ Երեւանի փողոցներով պտտվելու համար:

Նախ ուրեմն սկսեմ նրանից, թե ինչպես ծագեց այդ խելագար միտքը: Խելագար, քանի որ ողջամտությունն այդ պահին թույլ չէր տա գիշերվա 3 – ին ճանփա դուրս գալ այն դեպքում, երբ հեծանիվդ կահավորված չի ոչ մի տեսակի լուսարձակներով, դու չգիտես, թե երբ եւ որտեղ ինչ կպատահի այդ ժամին,  յուրաքանչյուր վայրկյան կարող ես ենթարկվել թափառաշրջիկ շների, ինչ-որ վատ մտադրություններով լի ուղեղով մարդկանց, ինչու չէ նաեւ գայլերի անսպասելի հարձակմանը, էլ չեմ ասում ավտոմեքենաների հետ հնարավոր բախումների մասին… եւ այլն:

Ուրոմն ամսի 7-ի գիշերն էր, երբ ընկերս ասաց ,որ ուզում է գնալ Երեւան՝ հեծանիվների կայանատեղիի բացմանը մասնակցելու: Ես էլ որոշեցի միանալ իրեն, բայց կային որոշ խնդիրներ՝ կապված տրանսպորտի հետ: Երկար քննարկելով գնալու բազմաթիվ տարբերակներ՝ մենք պատահական կանգնեցինք հեծանիվներով գնալու տարբերակի վրա: Ու այդ գիժ գաղափարից հետ կանգնել չէր լինի: Մի քանի րոպեի ընթացքում ամեն ինչ պատրաստեցինք ու ճանապարհ ընկանք:

Որ ճիշտն ասեմ, սկզբում մի քիչ վախ ու լարվածություն կար, բայց քանի գնում, էնքան ավելի էր մեծանում Երեւան հասնելու ցանկությունը: Մի ուրիշ զգացողություն ա , երբ դու մենակ ես փողոցում, կռուգոմ մութ ա , ու ոչ մեկ քեզ չի խանգարում: Ու էդ ամեն ինչը միախառնվել էր իրար, ու էներգիան խեղդում էր մեզ: Այ տենց մի շնչով հասանք մինչեւ Սպիտակ: Սպիտակում մի քիչ սով զգացվեց, կանգնեցինք մի փռի մոտ, լավաշ գնեցինք, կերանք մի քիչ ու նորից ճամփա:

Եւս մի քանի կիլոմետր, ու արդեն զգացվում էր գիշերվա մթության ճնշող ուժը: Դրանից էլ սկսեց հոգնածությունն ու նաեւ մի քիչ հիասթափություն: Բայց արդեն էլ ինչ հետ կանգնել, արդեն մոտ 40 կմ եկել էինք ու եթե անգամ որոշեինք հետ գնալ, դա կստացվեր եւս 40 կմ, իսկ դա արդեն նշանակում էր, որ միմիայն առաջ, քանի որ եւս 40 կմ առաջ գնալով մենք կհասնեինք համարյա Աշտարակ: Որոշեցինք մի քիչ քայլելով գնալ: Արդեն լուսանում էր, ու տրամադրությունն էլ ինքնաբերաբար բարձրանում էր: Մոտ մի ժամ դանդաղ քայլելուց հետո հասանք մեզ հայտնի «перевал»-ներին: Անչափ ցուրտ էր. հաստատ 0-ից ցածր էր, ու էդ ցրտին քշելն արդեն մի քիչ խելքին մոտ չէր, քանի որ մոտ 7 կմ անընհատ բարձրանալը նշանակում է վերջ տալ ամեն ինչին եւ մնալ հենց այդտեղ: Չէինք ցանկանում ամբողջ ուժը վատնել այդ մի քանի կմ-ի վրա եւ որոշեցինք դիմել “автостоп” տարբերակին:  Մեզ օգնության հասավ տարիքով մի մարդ՝ իր “УАЗ” մակնիշի մեքենայով եւ մեզ հանեց վերեւ եւ հասցրեց մինչեւ Ապարան (10 կմ):

Քանի որ մեզ էլ չէր սպառնում մինուսային ջերմաստիճանը, մենք հրաժեշտ տվեցինք այդ մարդուն եւ նորից ճանապարհ ընկանք: Մի տեսակ զարմանալիորեն հեշտ էինք ու արագ էինք ընթանում Ապարանից հետո: Չնայած որ բարձրանում էինք, բայց թեթեւ էինք զգում մեզ: Մի խոսքով Ապարանից մինչեւ Աշտարակ մենք չքշեցինք, այլ սլացանք: Կայծակնային արագությամբ անցանք այդ 25կմ-ը, կարծես նոր էինք տնից դուրս եկել: Աշտարակում արդեն ամեն ինչ պայծառ ու արեւոտ էր: Թեթեւացրինք հագներիս եղածը, մի քանի նկար արեցինք ու նորից ճամփա ընկանք: Ճանապարհի այդ վերջին հատվածը ուղղակի հաճելի զբոսանքի վերածվեց: Առաջին անգամն էր, որ այդքան մեծ երթեւեկության մեջ էի հեծանիվ քշում: Հեռաքրքիր էր պատահած ամեն բան:

Երեւան մտնելու պահն ամենահիշարժանն էր ինձ համար, երբ ես գոռացի «Yeaaaaaaaaaaaaaaaaaaaaaah!!! Ստացվեեեեեեեեեեեց, մենք դա արեցինք, ՈՒռաաաաաա…»: Երեւանի մեջ արդեն զգուշությունը կրկնապատկվեց, քանի որ առաջին անգամն էի երթեւեկում մեծ փոխոցներով ու խառը – մառը թրաֆիկով:

Վերջապես հասանք մեր վերջին կանգառին՝ «ՀՎԶ» հեծանիվների արհեստանոց, որտեղ որտեղ հավաքվել էին «Հեծանիվ +» հ/կ -ի հեծանվորդները եւ պատրաստվում էին ուղեւորվել դեպի ԵՊՀ՝ բացելու հեծանիվների առաջին կայանատեղին: Մեզ տեսնելուց իհարկե զարմացան բոլորը. անսպասելի էր բոլորի համար մեզ տեսնել հեծանիվներով: Բոլորին բարեւելուց ու մի քանի բառ փոխանակելուց հետո բոլորով ճամփա ընկանք:  Մոտավորապես մի 25 հոգանոց շարասյունով հաճելի «զբոսանք» արեցինք Երեւանի մի քանի փողոցներով, մտանք նաեւ Մաշտոցի այգի: Այգում դեռ շատ մարդ չկար այդ պահին, միայն ոստիկաններ ու բանվորներ էին: Նկարվեցինք այգում ու շարժվեցինք դեպի ԵՊՀ, որտեղ մեզ էր սպասում հեծանիվների կայանատեղին: Հանդիսավոր կերպով բացեցինք կայանատեղին, մի քիչ մնացինք այնտեղ ու հետ եկանք:«Առագաստ» սրճարանի կողքի այգում մի քիչ հանգստցանք, կերանք «Հեծանիվ +» ի հյուրասիրած պոնչիկները եւ նորից եկանք Մաշտոցի այգի: Այգին արդեն մարդաշատ էր: Մի խոսքով, երկար բարակ չպատմեմ ամեն վայրկյանը,  քանի որ այգում միշտ նույն կայֆ ու հավեսով մթնոլորտն է, եթե ուզում եք զգալ ու վայելել, ապա գնացեք  ու միացեք այն մարդկանց, ովքեր շուրջ 2 ամիս է պայքարում են այգու համար:

Այդ օրը մեզ իր տանը հյուրընկալեց մի շատ լավ ընկեր՝ Արթուրը, ում մեր կողմից մեծ շնորհակալություն՝ հյուրասիրության ու ջերմ դիմավորելու ու ճանապարհելու համար:

Այս ճանապարհորդությունը ինձ մեջ ավելացրեց վստահությունը՝ սեփական ուժերի նկատմամբ: Ցույց տվեց, որ անհնարին ոչ մի բան չկա. ուղղակի մեծ ցանկություն է պետք: Իմ մեջ ջարդվեց եւս մի «Չեմ կարող»: Լիքը- լիքը դրական էմոցիաներով լցրեց ներսս: Մնացածին էլ առիթ տվեց նախանձելու, ոգեւորվելու, զարմանալու ու հիանալու:Չեմ փոշմանել, որ գնացել եմ այս քայլին ու ավելի հեռուն գնալու մտքեր են առաջացել, որոնց մասին կիմանաք շուտով ու լավ կլինի, որ նաեւ միանաք:

Ահա եւ եկավ վերջն իմ պատմության, եւ քանի որ ամեն մի բանի ավարտ մի այլ բանի սկիզբ է, ես ձեզ խոստանում եմ նորանոր արկածներ:

Նկարեց Բակուր Քոչարը


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044