Հեծանիվ վարելը հանաք բան չի…

Բարեւ՛,  ես մեր քաղաքում այն քիչ մարդկանցից մեկն եմ, ով իր հիմնական տրանսպորտը համարում է հեծանիվը: Ավտոմեքենա ունեցել եմ, բնականաբար այն վարելու հնարավորություն էլ հետը, բայց նենց մի տեսակ չի ձգել ավտոմեքենան: Զարմանում են բոլորը, որ 24 տարեկան եմ, բայց ավտոմեքենա վարել չգիտեմ: Ասեմ, որ գիտեմ, բայց վարելու փորձ մեկ էլ ճանապարհային երթեւեկության կանոնների իմացություն չունեմ, որոնք մեքենա վարել իմանալուց հազար անգամ կարեւոր են:

Մի խոսքով, հլա դեռ չեմ ցանկանում ավտոմեքենայի անցնել, ասեմ ավելին, մենք ավտոմեքենան 1 ամիս առաջ վաճառել ենք՝ ավելի կարեւոր հարցեր լուծելու համար: Համ էլ մեր փոքր քաղաքի համար հեծանիվը շատ հարմար է ու առողջարար: Դրա համար էլ ես տեղից տեղ շարժվելու համար օգտվում եմ հեծանիվից: Բայց ասեմ, որ մեր փողոցներով հեծանիվ քշելը ավելի բարդ է, քան պարանի վրայով քայլելը: Քանի որ հեծանիվների համար բացակայում են գոնե մինիմալ պայմանները, գումարած մեր հարգարժան մեքենա վարողների ագրեսիվ ու շատ անգամ վիրավորական վերաբերմունքը հեծանվի ու հեծանվորդի նկատմամբ: Կապ չունի, թե դու այդ պահին խանգարում ես հետեւիցդ եկոց մեքնեային, թե ոչ, մեկ է , նա պետք ա մի հատ «սիգնալիտ» անի՝ կարծես ասելով՝ «ինչ մի մեյդան ես ընկել, իմ սեւ սրտին, քո 2 ակին :Ճ»: Ես էլ ամեն տենց մի բանից մի խոսք եմ արտասանում, անգամ հարմարացնում ու ձեռքով եմ հասկացնում, որ ես էլ կարամ մուննաթ գամ ու դաժե մի բան էլ ավել…

Ես էլ էդ ամեն ինչից զայրացած դրեցի ու ուսումնասիրեցի «Ճանապարհային երթեւեկության կանոնները», հատկապես հեծանիվներին ու հեծանվորդներին վերաբերվող հոդվածներն ու կետերը: Ու հիմա կկիսվեմ ձեզ հետ՝ փորձելով նաեւ խորհուրդներ տալ:

*Ճանապարհային երթեւեկության կանոններ

Նախ հիշեցնեմ ՃԵԿ* ի հիմնական դրությների 3-րդ կետի մասին, ըստ որի Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է  տրանսպորտային  միջոցների  աջակողմյան երթևեկություն : Սրա մասին բոլորս գիտենք, բայց հարկ եմ համարում հիշեցնել այն, քանի որ հետագա կետերում պետք ա գալու:

ՃԵԿ ում օգտագործվող տերմիններից մեկը «Հեծանիվն» է, որն ունի հետեւյալ բնորոշումը՝

Երկու և ավելի անիվ ունեցող տրանսպորտային միջոց (բացի հաշմանդամային սայլակները), որը շարժման մեջ է դրվում դրանց վրա գտնվող մարդկանց մկանային ուժի օգնությամբ։  Այո, այո, մկանային ուժի օգնությամբ, այսինքն, դուք հեծանվորդ եք հանդիսանում այն ժամանակ, երբ այն քշում եք, իսկ երբ դուք ուղղակի քաշում եք հեծանիվը, այդ ժամանակ դուք հանդիսանում եք որպես «Հետիոտն»:

ՃԵԿ ի 2-րդ կետը վերաբերվում է վարորդների պարտականություններին, եւ ըստ  դրա 2.5 ենթակետի հեծանիվները, ինչպես նաեւ մոպեդները եւ լծասայլակները պետք է վարել մեկ շարքով, ճանապարհի եզրային գոտիով, հնարավորին չափ աջով։ Թույլատրվում է շարժվել կողնակներով, եթե դա խոչընդոտ չի հանդիսանա հետիոտներին։ Հեծանվորդների շարասյուները երթևեկելի մասով շարժվելիս պետք է բաժանված լինեն խմբերի, յուրաքանչյուրում՝ 10-ական հեծանվորդ։ Խմբերի վազանցը հեշտացնելու համար դրանց միջև հեռավորությունը պետք է լինի 80 – 100մ։

Որպես ծանոթություն – Հեծանիվ վարել թույլատրվում է 14 տարին լրացած անձանց:

Նույն կետի 2.6 ենթակետի համաձայն խաչմերուկներից դուրս գտնվող հեծանվային արահետի և ճանապարհի չկարգավորվող փոխհատման վրա հեծանվորդները պետք է զիջեն ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցներին։ Սա շատ կարեւոր է, քանի որ մեր քաղաքում շատ կան այդպիսի ճանապարհային փոխհատումներ:

2.8 կետով պայմանավորված է այն, ինչ հեծանվորդներին արգելվում է՝

-   երթևեկել աոանց ղեկը բռնելու.

-   փոխադրել ուղևորներ (բացառությամբ հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների).

-   փոխադրել բեռ, եթե այն խանգարում է վարելուն կամ եթե բեռը ավելի քան 0,5մ գերազանցում է այդ տրանսպորտային միջոցի եզրաչափը երկարությամբ կամ լայնությամբ.

-   հեծանվային արահետի առկայության դեպքում երթևեկել ճանապարհով. (չկան այդպիսի հրաշք արահետներ :Ճ)

-   կատարել ձախ շրջադարձ կամ հետադարձ տրամվայի երթևեկությամբ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ մեկից ավելի երթևեկության գոտի ունեցող ճանապարհներին։

Արգելվում է մոպեդների և հեծանիվների քարշակումը, ինչպես նաև քարշակումը դրանցով, բացառությամբ կաոուցվածքով նախատեսված համատեղ շահագործվող կցորդների։

Հետիոտների պարտականությունները սահմանող 3-րդ կետի առաջին ենթակետի համաձայն բնակավայրերից դուրս հետիոտները երթևեկելի մասով շարժվելիս պետք է քայլեն տրանսպորտային միջոցների հոսքին հանդիպակաց, իսկ առանց շարժիչի հաշմանդամային սայլակներով տեղաշարժվողները, ինչպես նաև մոտոցիկլետ, մոպեդ կամ հեծանիվ տանող անձինք՝ տրանսպորտային միջոցների հոսքին համընթաց։ 


4-րդ կետը վերավերվում է Լուսացույցերին (սվետաֆոր), բայց ցավոք սրտի այն ինչ հիմա կգրեմ, մենք չունենք, ուղղակի կարող է ձեզնից մեկը լինի այնպիսի մի հրաշք երկրում, կամ քաղաքում, որտեղ կան այդպիսի լուսացույցեր՝

Կախված գործածման նպատակից՝ լուսացույցները կարող են լինել տրանսպորտային, հետիոտնային և հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար, իսկ ազդանշանները, իրենց հերթին, կարող են լինել կլոր, սլաքի (սլաքների), հետիոտնի կամ հեծանիվի ուրվապատկերի տեսքի և «X»–աձև։

4.5. Եթե լուսացույցի ազդանշանը հետիոտնի (հեծանիվի) ուրվապատկերի տեսքով է, ապա նրա գործողությունը տարածվում է միայն հետիոտների (հեծանվորդների) վրա։ Այս դեպքում կանաչ ազդանշանը թույլատրում է հետիոտների (հեծանվորդների) երթևեկությունը, իսկ կարմիրը՝ արգելում։

 Հեծանվորդների երթևեկությունը կարգավորելու համար կարող է կիրառվել նաև փոքրացված չափերով կլոր ազդանշաններով լուսացույց` ստացված սպիտակ գույնի 200 X 200մմ չափերի ուղղանկյուն ցուցանակով հեծանիվի սև գույնի պատկերով։

7-րդ կետի, որով սահմանվում են Երթեւեկության սկիզբը եւ շարժման ուղղության փոփոխությունը, 3-րդ ենթակետ՝

Մերձակա տարածքից ճանապարհ մուտք գործելիս վարորդը պետք է զիջի ճանապարհը դրանով երթևեկող տրանսպորտային միջոցներին և հետիոտներին, իսկ ճանապարհից դուրս գալիս՝ հետիոտներին և հեծանվորդներին, որոնց երթևեկության ուղին հատում է։

Խաչմերուկների անցումը կարգավորող 12-րդ կետի հենց առաջին կետի համաձայն աջ կամ ձախ շրջադարձ կատարելիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել շրջադարձի կողմի երթևեկելի մասը հատող հետիոտներին և հեծանվային արահետով շարժվող հեծանվորդներին։ (արահետ եմ ուզում :Ճ)

Ըստ 15-րդ կետի «Ավտոմայրուղի» մեկ էլ «Ճանապարհ ավտոմոբիլների համար» նշագրով ճանապարհներով հեծանիվների երթեւեկությունն արգելվում է:

18-արտաքին լուսացին սարքերի եւ ազդանշանների վերաբերյալ կետը «գլասիտ» – Օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում, անկախ ճանապարհի լուսավորվածությունից, ինչպես նաև թունելներում երթևեկող հեծանիվների վրա պետք է լինեն լապտերներ, կամ լապտերիկներ:

Հավելված 3՝ Հիմնական դրույթներ (պայմաններ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է տրանսպորտային միջոցների շահագործումը): Սրա 6-րդ ենթակետի համաձայն հեծանիվը պետք է ունենա սարքին ղեկ, արգելակ և ձայնային ազդանշան, առջևից կահավորված լինի սպիտակ գույնի լուսանդրադարձիչով և լապտերով կամ լապտերիկով (օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում երթևեկելու համար), հետևից կարմիր գույնի լուսանդրադարձիչով կամ լապտերիկով, իսկ կողերից՝ նարնջագույն կամ կարմիր գույնի լուսանդրադարձիչներով։

Այսքանը կարողացա առանձնացնել հեծանիվների ու հեծանվորդների վերաբերյալ:Իմ կարծիքով այսքանը իմանալով ու կիրառելով նախ հնարավորինս անվտանգ կդարձնենք մեր այդքան սիրելի հեծանվով երթեկելը, կխուսափենք օրենքը խախտելուց եւ հարկ եղած դեպքում արժանի պատասխան կտանք մեր իրավունքները խախտելու փորձ անողներին: Հուսով եմ սա կօգնի ձեզ:

Վերջում էլ մի քանի բան մեզ՝ հեծանվորդներիս, այդքան չսիրող ավտոմեքենաների հարգելի վարորդնե՛րին: Հարգելինե՛րս, մի՛ մտածեք որ մենակ դուք իրավունքներ ունեք փողոցում, հարգե՛ք հեծանվորդներին եւ ընդունեք հեծանիվը որպես նույնպիսի տրանսպորտային միջոց, ինչպիսին հենց ձեր վարած ավտոմեքենաներն են: Մի՛ մտածեք, թե հեծանիվ քշելը դա մանուկ ժամանակվա զբաղմունքն է: Դրանից կարող է նեղանալ օրինակ Շվեցարիայի պաշտպանության նախարարը ու նրա նման շատ ու շատ պաշտոնյաներ տարբեր երկրներում, ովքեր հրաժարվում են ի պաշտոնե տրված ծառայողական մեքենաներից եւ գործի են գնում հեծանիվներով:

Հ.Գ. Հեծանիվ վարելը հանաք բա չի: Նախ նրա համար, որ լիքը կանոններ պետք ա իմանաս, հետո էլ նրա համար, որ ի տարբերություն ավտոմեքենաների՝ հեծանիվները 2 անիվ ունեն, այլ ոչ թե 4, կամ ավելի :Ճ

Առողջ եղե՛ք


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044