«Ստե Պահե՛ք» – Մելինե Սահակյան

Հարգելինե՛րս, Ձեր դատին եմ ներկայացնում իմ ամենամտերիմ ընկերներից մեկի՝ Մելինե Սահակյանի «Ստե Պահե՛ք» Ֆեյսբուքասերիալը՝ իր գովազդներով:

Մաղթում եմ հաճելի ընթերցում եւ ավելացնեմ, որ վաղվանից սկսվում է, նրա երկրորդ սերիալը, որտեղ կպատմվի մի դասախոսի մասին, ով այնքան էլ լավ չէր տիրապետում իր առարկային…

Սերիա 1

Փաստորեն մարշուտնիներում կարելի է սերիալի սցենար գրելու կուրսեր անցնել (ընդ որում անվճար): Այսօր Անուշիկը ուղիղ 25 րոպե հեռախոսով բացատրում էր.«Հասկացի՛ր, Հա՛յկ, ես չեմ կարող շարունակ ինքս ինձ խաբել, մտածել, որ հիանում  ես ինձնով, երբ իրականում քեզ գրավել է իմ հետևում կանգնած երիտասարդի ձեռքի հեռախոսը (ինչ էլ բանաստեղծական են սիրահարվածներն իրենց արտահայտած մտքերով հանդերձ :D DD)»: Հասկացավ արդյոք Հայկը , թե ոչ, կիմանամ, հավանաբար, վաղը:

Գովազդ: Էսօր մարշուտնում արդեն կանգնելու տեղ չկար, մեկն էլ ուշանում էր դասից, նենց էր խառնվել` մտածեցի`մի ոտքս բարձրացնեմ, ասեմ` հարմարվեք, բայց դե բացի ոտքից մարմինն էլ ա պետք տեղավորել

Սերիա 2

Այսօր պարզվեց, որ մարշուտնու կոլեգայիս անունը Անուշիկ չէ, ուզում եմ ներողություն խնդրել սխալիս համար, հիմա կբացատրեմ. երեկ Հայկի հետ զրուցելիս աղջիկը հուզմունքից սեղմել էր բարձրախոսի կոճակը, իսկ քանի որ ես կանգնած էի նրա գխավերևում (ի դեպ, հենց նա էլ պահել էր պայուսակս), պարզ լսեցի՝ ինչպես Հայկը Անուշիկ անվանեց ճանապարհակցիս: Բայց այսօր ահա թե ինչ էր ասում իմ հետաքրքիր ուղեկիցը իր հերթական զրույցում.«Ես նորից ինձ խաբում էի, ինքս ինձ հավատացնում , որ ինձ անուշիկ ես համարում, բայց իրականում մոռացել ես, որ ինձ Քնքուշիկ են անվանում»…

Գովազդ: Իմ հայ ժողովուրդ, մարշուտնիների ցածրության տակ կքած ժողովուրդ (շարադրության նոր թեմա):

Սերիա 3

«Արդեն հասնում եմ, Հա՛յկ, պՌոպկա ա ուղղակի»այսօր Քնքուշիկը, որ վերջապես հաշտվել էր Հայկի հետ ու գնում էր հանդիպման, ընկավ արտաքին ու ներքին խցանման մեջ: Արտաքին խցաման պատճառը Արցախի և Արին-Բերդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարն էր, իսկ ներքին խցանումը` մարշուտնիների գերուղևորաբեռնվածությունը: Քնքուշիկը նստել էր հենց պատուհանի մոտ, իսկ մոտակայքում, չափազանց անհարմար դիրքով, խցկված էր մի երիտասարդ: «Հա՜յկ»,- լսվեց Քնքուշիկի բացականչությունը. Հայկը, արդեն իրապես սիրահարված լինելով, որոշել էր գալ իր անուշիկին ընդառաջ և ինչ տեսավհենց պատուհանի մոտ մի երիտասարդ ու Քնքուշիկը«Հա՜յկ, սպասիր, Հայկ, սա այն չէ, ինչ դու ես մտածում»: ՈՒշադիր եղեք, հարգելիվարորդներ, ձեր էգոիստական վթարների պատճառով տուժում են անմեղները:

Գովազդ: Քանի որ այսօր շատերն ինձ հարցրեցին, թե ինչու վերջերս չի շարունակվում անուշիկ Քնքուշիկի ու Հայկի մասին պատմող «Ստե պահեք» ֆեյսբուքասերիալը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ այն, ինչպես բոլոր հեռուստասերիալները, շաբաթ-կիրակի չի ֆեյսարձակվում:

Սերիա 4

Այսօր մեր մարշուտնի մի երիտասարդ էր հյուր եկել, ով կանգնել էր Քնքուշիկի տեղում: Իսկ երբ հաջորդ կանգառում մեր հերոսուհին խցկվեց մարշուտնի, երիտասարդը հանդգնեց ասել վարորդին. «Չեմ ջոկում, խի եք կայնում, չեք տենում էս գրածը`կանգնած ուղևորների փոխադրումն արգելվում ա »: Քնքուշիկը, ով իրեն վիրավորված զգաց, քանի որ իր`մարշուտնի մտնելուց ասվեցին այս խոսքերը, զանգեց Հայկին ու հեռախոսը փոխանցեց իր տեղը զբաղեցրած երիտասարդին: Ահա թե ինչ ասեց Հայկը, ով, ինչպես պարզվեց, տնտեսագետ է. «Տղա ջա’ն, նախ հիշի’ր, որ դու ևս կանգնած ես, այսինքն` քեզ փոխադրելը ևս օրենքի խախտում է,ի դեպ, դասդ սկսում է 9.30, բայց դու տրանսպորտ ես նստում 8.30, որ ժամանակին հասնես, այլապես կանգնելու տեղ էլ չի լինի, իսկ եթե կանգնած ուղևորներ չփոխադրվեն, որոնց թիվը գրեթե հավասար է նստած ուղևորներին` հաշվի առնելով, որ մի նստատեղը ծառայում է 2 ուղևորի, ապա պետք է գոնե 1 ժամ էլ շուտ դուրս գաս, որ չուշանաս, այսինքն` ժամանակ կորցնես: Սխալ մարդու ես մեղադրում, երիտասա’րդ, վարորդը մեղավոր չէ»:

Գովազդ: 2 օրից մեր մարշուտնու վարորդի ծնունդն ա, մշտական ուղևորներով մի բան չկազմակերպե՞նք:

Սերիա 5

Այսօր Քնքուշիկը պատրաստվում էր զանգել Հայկին, բայց հանկարծ մարշուտնի մտան 3 կին. « Սա ինչ է, մեծերի նկատմամաբ տարրական հարգանք չկա, տեղը չեն զիջում քիչ չի, պայուսակն էլ արդեն չեն առաջարկում պահել, հապա աղջի՛կ ջան, պահի’ր պայուսակները», և այստեղ Քնքուշիկի գոգին հայտնվեցին 3 մեծ տոպրակ, 2-ը՝ լցված կարտոֆիլով, 1-ը` սոխով, և 3 պայուսակ (հավանաբար այդ կանայք կոլեգաներ էին:D):
“Call me when you are sober” երգի հնչյունները տարածվեցին մարշուտնով մեկ, բայց երբ Քնքուշիկը փորձեց վերցնել հեռախոսը, կարտոֆիլներից մեկը գլորվեց  ներքև, ու հանդիպելով կարտոֆիլատիրոջ ջղայնացած հայացքին` Քնքուշիկն իր փորձն այլևս չկրկնեց… Հուսով եմ` նա ու Հայկը չեն վիճի…

Գովազդ: Քննությանս մարշուտնու մեջ եմ պատրաստվելու, նենց որ , ճակատագիր, վաղը բացառության կարգով ինձ համար նստելու տեղ ապահովիր:

Սերիա 6

«Համաձա՜յն եմ, համաձա՜յն եմ… ստե պահեք, վարո’րդ, ստե պահ՜ք…»,- վարորդը կտրուկ արգելակեց: Քնքուշիկը մի ակնթարթում դուրս եկավ մարշուտնուց, և մենք ականատես եղանք` ինչպես Հայկը ծնկաչոք մատանին դրեց նրա մատին: Այս ուրախ վայրկյանին միայն վարորդն էր փոքր-ինչ տխուր. Քնքուշիկն այնքան էր հուզվել, որ մոռացել էր 100 դրամը տալ, իսկ հաջորդ օրը նա այլևս մեր մարշուտնում չի լինի. չէ՞ որ Հայկը մեքենա ունի…

The End


Fatal error: Uncaught Exception: 190: Error validating application. Application has been deleted. (190) thrown in /homepages/25/d390086818/htdocs/micstentus/wp-content/plugins/seo-facebook-comments/facebook/base_facebook.php on line 1044